Օկուպացիա. Վրաստանը գրավել է հայերի հողերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | September 10, 2009 13:40

ԲավրաՎրացի սահմանապահները կրկին` զենքի սպառնալիքով, Մնացական Սումբուլյանին արգելել են արտից խոտը հավաքել:

Վրացի սահմանապահներն իրենց նախկին դիրքից 100 մետր առաջ են եկել, մտել այնտեղ, ուր Հայաստանն էր մինչեւ օգոստոսի 25-ը ու թույլ չեն տալիս Բավրա գյուղի բնակիչներին` տարիներ շարունակ փաստաթղթով, իրենց սեփականությունը համարվող հողերից քաղ անել: Բավրան Երեւանից հյուսիսարեւմուտք 170 կմի վրա է:

Վրացական կողմը պնդում է, թե կա 1947 թ. համաձայնագիր` ըստ որի նշված տարածքը` 3 կմ երկարությամբ եւ 408 մ խորությամբ, պատկանում է Վրաստանին:

«Արդեն որերորդ օրն է` չեմ կարողանում խոտը քաղել, բա էսպիսի բան կլինի՞,- բողոքում էր Բավրայի եւ նրան հարակից 5 գյուղերի անասնաբույժ Մնացական Սումբուլյանը,- 1 հա հողի համար 3700 դրամ հարկ եմ տվել ու իզուր, գոնե խոտը քաղեմ`անասուններիս ձմռանը կեր լինի»:

26-ամյա Հակոբ Պավլեյանն էլ պատմում է, որ 4 օր առաջ ամբողջ գյուղի բնակիչներով` մոտ 50 հոգի, գնացել են իրենց արտերը` խոտ քաղելու, բայց վրացիների կողմից ձերբակալվելու ու տուգանք վճարելու ահից`հետ են դարձել: Իսկ Հակոբին հաջողվել է 2,5 հա իր սեփական տարածքից միայն 30 մետրի վրայի խոտը քաղել:

«Վրացի սահմանապահները մեզ ասացին, որ էդ հողերի վրա ում բռնեն`կտանեն 15 օրով կկալանեն կամ էլ 2000 լարի պիտի տան, որ ազատվեն»,- պատմում է Հակոբը:

Բավրան գտնվում է Շիրակի մարզում` ՀայաստանՎրաստան սահմանագծում: Գյուղն ունի 141 ծուխ, 574 բնակիչ:

1929թ. պայմանագրով հաստատված արոտավայրերի եւ խոտհարքների Ազգային պարկի աշխատանքային քարտեզով` գրավված հողը հայկական է: Մինչդեռ Կադաստրի պետական կոմիտեից տրված քարտեզն ու Ազգային պարկի աշխատանքային քարտեզն իրար հետ համեմատելիս երեւում է, որ հայվրացական սահմանագծում անճշտություն կա. Կադաստրի պետական կոմիտեից տրված քարտեզում107 հա հողի չափով քիչ է գծված սահմանը, 1741-ից` Հայաստանին է մնացել է 1634 հա, որի մեջ է մտնում է Թավշուտի ջրամբարը`69 հա ջրային տարածքով:

Բավրայի գյուղապետ Կորյուն Սումբուլյանը պատմում է, որ այժմյան վիճարկելի տարածքը նակինում պատկանել է ցարական բանակին: Բանակի հեռանալուց հետո, այն մնացել է որպես անկախ գոտի:

Բավրան գտնվում է պետական պահուստային ֆոնդի հողերի տարածքում` բլոկադայի մեջ, այստեղ է նաեւ միջպետական մաքսատունը,բացատրեց գյուղապետը,-ձախ, արեւմտյան ափը ջրամբարն է, որի վրա որեւէ պատվար կառուցելուց հետո միայն հնարավոր կլինի արոտավայրեր դուրս գալ: Բայց այստեղից էլ միակողմանի մուտք ու ելքը հողերը դեգրադացիայի է ենթարկել (1-ին կարգի էռոզիա)»:

Գյուղի յուրաքանչյուր բնակիչ կով ու ոչխար ունի: Վերջին մի քանի տարում անասնագլխաքանակը շատացել է.1700 գլուխ կով եւ 1500 գլուխ ոչխար: Ծագած վեճի պատճառով խոտհունձը հետաձգվեց 1 ամսով: Հիմա 1 հաի վրա 4 անասուն է արածում, երբ 2-ից ավելի չի թույլատրվում: Գյուղացիների միակ ապրուստը «Ազատան» եւ «Աշտարակ» կաթ ընկերություններին տված կաթից է գոյանում. լիտրը վաճառում են 90 դրամով: Բավրեցին 2 լիտր կաթը փոխարինում է 1 կես լիտրանոց ջերմուկի հետ կամ էլ բանջարեղեն է գնում: Իսկ խոտի պակասը սպառնում է ոչ միայն կաթի որակին, որ ընկերություններն էլ չեն գնի, այլեւ մթերատվությանը:  img_4774

«7 կթու կով, 15 ոչխար, մեկ ձի ունեմ, 56 օր էլ կաթի փողը դեռ «Ազատանը» չի տվել,- պատմում է Լարիսա Ղասլեյանը,-Մեզ էլ չեն թողնում` գնանք խոտը քաղենք բերենք, չենք կարողանում նույնիսկ այդ արտում գտնվող տատերիս տան հին փլատակներին ու պապիս գերեզմանին այցելենք, դեռ 1854 թ. այդ հողերում` հին Բավրայում, պապերս են ապրել մինչեւ երկրաշարժ»:

Գյուղապետը դիմել է Արտաքին գործերի նախարարություն եւ այլ պետական գերատեսչություններ, եղել է Ախալցխայում, բայց ապարդյուն: Օգոստոսի 27-ին Սումբուլյանին հրավիրել են փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի մոտ, սակայն այդ առնչությամբ առայժմ պաշտոնական հաղորդագրություն չի եղել:

«Ամեն անգամ ասում են, որ իրենք խնդրով զբաղվում են, սահմանի ճշգրտման աշխատանքներ են տարվում, բայց մեր խոտը այդպես էլ շարունակում է մնալ ու անձրեւներից ու եղանակից փչանալ»,- ասում է Սումբուլյանը:

Վիճահարույց տարածքում 146 հողակտոր կա, այսինքն 400 մարդ`110 ընտանիք, սեփականաշնորհած հող ունի: Ոչ գյուղապետը, ոչ էլ բավրեցիները չեն պատրաստվում զիջել իրենց հողերը վրացիներին: Ասում են` սպասում են, թե երբ պիտի երկու պետությունների արտգործնախարարները հանդիպեն ու վճիռ կայացնեն:

Բավրայում տարվա 7 ամիսը խստաշունչ ձմեռ է. 1 մետրից ավելի ձյուն է գալիս, ամռանն էլ գրեթե ամեն օր անձրեւում է: Խոնավ եղանակի պատճառով այստեղ` կարտոֆիլից բացի, ոչ մի ուրիշ բանջարեղեն չի աճում. Պոմիդորը կանաչում է, բայց ցրտի պատճառով չի հասցնում կարմրել: Չկան պտղատու ծառեր, փոխարենը գյուղացիները չեն դժգոհում հատապտուղների առատությունից: Բավրայում կարելի է հանդիպել ծառի, որի վրա տարվա բոլոր եղանակները կան. խնձորի ծառի վրա բողբոջի ու ծաղկի կողքին փորձում է մեծանալ պտուղը: Գյուղում զբաղվում են բացառապես անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ:

Բավրայի բնակիչներից 90-ը Սումբուլյաններն են` գյուղապետի ազգականները:

Կորյուն Սումբուլյան

Բավրայի գյուղապետ Կորյուն Սումբուլյանը ցույց է տալիս քարտեզը, ուր հողերը պատկանում են Հայաստանին

Հակոբ Սումբուլյանը (գյուղապետի եղբայրը) 15 տարի Բավրայի բուժակն է, աշխատում է իտալացի հայր Մարիոյի հովանավորությամբ կառուցած բուժարանում` 23 հազար դրամ աշխատավարձով: Ասում է, որ գյուղում ամենատարածված հիվանդությունները հիպերտոնիան (արյան բարձր ճնշումը) եւ խրոնիկ բրոնխիտն են: Դեղերն ու բուժօգնությունը բավրեցիներն ստանում են անվճար:

Գյուղապետի մյուս եղբոր` Լեւ Սումբուլյանի, ճարտարապետական նախագծով` տարբեր բարերարների հովանավորությամբ, կաթոլիկ եկեղեցի է կառուցվում: Չնայած գյուղի բնակիչները առաքելական եկեղեցու հետևորդներ են, բայց ըստ Լեւ Սումբուլյանի` դա չի խանգարի, որ կաթոլիկ եկեղեցի հաճախեն: Եկեղեցու շինարարության վրա 8 հոգի են աշխատում, ովքեր չգիտեն` ավարտից հետո գոնե գումար կվճարեն իրենց, թե` ոչ:

«Ես ճարտարապետ չեմ, այլ խաչքարագործ, այն էլ` ինքնուս,- ասում է նախագծի հեղինակը,- երբ առաջին անգամ տեսա` ինչ եկեղեցի են ուզում կառուցել,ինձ հիշեցրեց կարտոֆիլի պահեստի, դրա համար էլ նախագիծը փոխեցի, ու հիմա գմբեթ էլ կունենանք»:

Գյուղապետարանի շենքում, որը նախկինում մշակույթի տունն էր` ակումբը, աշխատում են 3 հոգի` գյուղապետը, հաշվապահն ու խորհրդականը: Բավրան իրենից 3 կմ հեռավորության վրա գտնվող գյուղերի` Սիզավետի, Սարագյուղի ու Թավշուտի հետ «ՄԱԿի զարգացման» ծրագրով ստեղծեց Լեռնաջավախամերձ համայնքի զարգացման հիմնադրամ: Բավրայի գյուղապետն ասում է, որ նախագծել են առաջիկայում հարեւան գյուղերի հետ ստեղծել մորթամշակման ֆաբրիկա:

Գյուղում այս տարի դեռ ոչ մի հարսանիք չի եղել. սպասում են փետրվարին, մինչեւ խոպանից գյուղի ջահելները հետ գան, ու գումար լինի: 9 ամսվա ընթացքում այստեղ 7 երեխա է ծնվել: Մանկապարտեզի շենքին հիմա փոխարինում է սահմանապահների զորամասը: Դպրոցն ունի 84 աշակերտ, 6-րդ դասարանում ընդամենը` 2, իսկ այս տարի առաջին դասարան կսովորի 6 երեխա:

img_4788

Picture 1 of 17

Դիտվել է 3364 անգամ:
Print Friendly

Leave a Reply