Երկրաշարժի ժամանակ շենքից դուրս փախչելը բավարար չէ. հոգեբանի և երկրաֆիզիկոսի խորհուրդները
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | Հայկուհի Բարսեղյան | October 25, 2011 17:03
Երկրաշարժի ճշգրիտ ժամը և վայրը, ինչպես նաև ուժգնությունը կանխատեսել հնարավոր չէ»,- ասում է ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի գիտաշխատող Րաֆֆի Դուրգարյանը` ի պատասխան հանրությունում շրջանառվող լուրերի տարատեսակ կանխատեսումների մասին:
Իսկ հոկտեմբերի 23-ին Վանից 38 կմ հյուսիս ընկած տարածքում տեղի ունեցած 7,1 մագնիտուդով (9-10 բալ) երկրաշարժն, ըստ Դուրգարյանի, տեղանքին բնորոշ երևույթ էր, որն ինչ-որ չափով թեթևացրել է սեյսմիկ լարվածությունը տարածաշրջանում:
Հայաստանի հոգեբանների ասոցիացիայի նախագահ, հոգեբան Ռոբերտ Աղուզումցյանն ասում է, որ ուժեղ երկրաշարժից հետո այն վերապրած մարդիկ մոտ 15 օր անտարբեր վիճակում են գտնվում, կարծես արգելակված լինեն: Նման պարագայում հոգեբանը խոհուրդ է տալիս դիմել մասնագետի, ինչպես նաև մարդկային ուշադրություն հատկացնել տուժածներին:
Վերջինի դեպքում, սակայն, մոտեցումները տարբեր են` կախված տարիքից: Աղուզումցյանն ասում է, որ երեխաների մոտ երկրաշարժից վախ է առաջանում, քանի որ չեն հասկանում տեղի ունեցածը: Այս դեպքում երեխային պետք է բացատրել երկրաշարժ կոչվող երույթը, դրա պատճառները: Երեխաներին կարելի է օգնել նաև խաղերի միջոցով, ինչպես օրինակ` երկրաշարժը բացատրելիս երեխայի հետ խորանարդիկներով տուն կառուցել, ապա այն փլուզել հարվածով, կամ թղթի վրա տուն նկարել և այն պատռել:
Իսկ 60-ն անց մարդկանց Աղուզումցյանը խորհուրդ է տալիս ավելի շատ ուշադրություն հատկացնել. նրանց կիսվել է հարկավոր,կուտակած վախը, անհանգստությունը, մտահոգությունները դուրս տալ, ուստի պետք է մեկը, որ կլսի նրանց:
Հոգեբանը նշում է, որ վախն ունի պրոյեկցվելու, վերափոխվելու հատկություն, ուստի կարևոր է վախերի դեմ պայքարելու համար մասնագետի դիմել` արդյունավետ օգնություն ստանալու:
Իսկ հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ, ըստ հոգեբանի, խուճապ չի եղել, ուղղակի մարդիկ վախեցել են. «Պարզապես որոշ մարդկանց մոտ հիշողության միջոցով վախի վերարտադրում եղավ, թե ինչ կարող էր տեղի ունենալ ուժեղ երկրաշարժի դեպքում»:
Տարածաշրջանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժը և հետցնցումները, որոնք նաև Հայաստանում են զգացվել, ըստ հոգեբանի, մարդկանց մոտ զգուշավորություն է առաջ բերել, որոշ ընտանիքներում անգամ սարքեր են հորինել` երկրաշարժը շուտ զգալու և արագ գործել կարողանալու համար:
Աղուզումցյանը նշում է, որ մարդկանց պետք է թե գիտելիքներով, թե հոգեբանորեն նախապատրաստել աղետային իրավիճակներին, որպեսզի խուճապի փոխարեն լինի պլանավորված գործելակերպ. «Եթե այստեղ ենք ապրում, ուրեմն պիտի սովորենք ապրել սեյսմիկ գոտում, հարմարվենք դրան, ինչպես որ սովորել ենք բարձրլեռնային տեղանքում ապրել»:
Որպես օրինակ, Աղուզումցյանը մատնանշում է ճապոնացիներին, որոնք ճիշտ գիտելիքների և մտածելակերպի շնորհիվ կարողանում են ճիշտ գործել ու անգամ վերջերս տեղի ունեցած մեծ աղետ ը խուճապ չառաջացրեց:
Դուրգարյանը, սակայն, նշում է, որ 1988-ից ի վեր մարդկանց իրազեկելու ուղղությամբ աշխատանքներ տարվել են, մարդաշատ վայրերում բացատրական պաստառներ են փակցվել, որոնք ներկայացնում են աղետի դեպքում ճիշտ վարքականոնը. «Պատրաստված ենք, սակայն դա հերիք չէ իմացածը կյանքում կիրառելու համար: Առաջնահերթ է բնակչության իրազեկումը, գիտելիքների մակարդակի բարձրացումը: Միայն շենքից դուրս փախչելն, օրինակ, դեռ ոչինչ է, պետք է անձը նաև գիտակցի, որ բաց տարածքում է պետք կանգնել»:
«Անկախ»-ի հարցիին, թե Երևանում շենքերի խտությունն արդյոք թույլ տալիս է բաց, ապահով տարածքի մասին խոսել, Դուրգարյանը նշեց, թե ինքը քաղաքաշինության ոլորտի մասնագետ չէ և չի կարող գնահատել թե որքանով է անվտանգ շինությունների ներկայիս խտությունը:






Facebook
Tweet This
Email This Post
