Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի և ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի հետ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | | October 25, 2011 16:00

Պետական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի և ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի հետ:

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպման սկզբում նախ շնորհավորել է Վալենտինա Մատվիենկոյին` ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ այդ բարձր պաշտոնում գործունեության մեջ:

ՌԴ խորհրդարանի  երկու պալատների  ղեկավարների հետ ՀՀ նախագահի հանդիպումների ժամանակ կողմերը նշել են, որ Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը ՌԴ  բավականին արդյունավետ  է ընթանում. ստորագրվել են տարբեր ոլորտներում հայ-ռուսական համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող մի շարք փաստաթղթեր: Զրուցակիցների խոսքով, դրանք նոր հեռանկարներ են բացում երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման գործում: Նշվել է, որ երկու ռազմավարական գործընկեր երկրների միջև քաղաքական, տնտեսական, ռազմական, հումանիտար ոլորտներում բարձր մակարդակի սերտ հարաբերություններն ու համագործակցությունը միանգամայն համահունչ են հայ և ռուս ժողովուրդների բազմադարյա բարեկամության ոգուն:

Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ խորհրդարանի երկու պալատների միջև համագործակցությունը: Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել միջխորհրդարանական հանձնաժողովին և նրա համանախագահներին, այդ թվում` հանդիպմանը ներկա  Նիկոլայ Ռիժկովին, արդյունավետ գործունեության  ու հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում  մեծ ներդրման համար:

Հանդիպման ժամանակ երկու երկրների խորհրդարանների միջև ակտիվ զարգացող փոխգործակցության համատեքստում կարևորվել է նաև համագործակցությունը միջազգային կազմակերպությունների, մասնավորապես` խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում:

Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել միջտարածաշրջանային համագործակցության զարգացման մասին ևս` կարևորելով Հայաստանի մարզերի և ՌԴ վարչական սուբյեկտների միջև ընդլայնվող փոխգործակցությունը: Հանդիպման մասնակիցները նշել են, որ երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել այդ ներուժը:

Հանդիպումների ժամանակ կարևորվել է նաև Ռուսաստանի հայ համայնքի դերը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում:

Պետական այցի շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաև ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինի և Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ:

 

Դիտվել է 1131 անգամ:
Print Friendly

Leave a Reply