Հնարավոր է` եկեղեցին ազատվի գույքահարկից. որոշ պատգամավորներ մտահոգ են

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 25, 2011 14:25

Խորհրդարանն այսօր 74 կողմ, 5 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Գույքահարկի մասին», «Հողի հարկի մասին» օրենքներում և «ՀՀ հողային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի փաթեթը:

Մինչ քվեարկելը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարցրեց, թե որպեսզի հետագայում պատգամավորներին չմեղադրեն եկեղեցուն արտոնությունից զրկելու դավադրության մեջ, կարո՞ղ են վստահ լինել, որ մինչև օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելը կհստակեցվի եկեղեցուն պատկանող գույքի և տարածքների ցանկը և օրինագիծը “քրիստոնեական տեսքի կբերվի”:

Հ. Աբրահամյանն էլ հայտնեց, թե ըստ պայմանավորվածության, կառավարությունը պետք է առավել մանրամասն ցուցակ ներկայացնի:

Բանն այն է, որ նախորդ օրը, երբ ընթերցվեց գույքահարկից ազատվելու համար ներկայացված եկեղեցապատկան հողերի և կառույցների ցանկը, որոշ պատգամավորների շրջանում շփոթմունք և զարմանք առաջացավ. այդ ցանկում ընդգրկված են հողատարածքներ, բնակելի տներ, կինոթատրոն, խանութ և տաղավար, հանդարտ պուրակ, արհեստական լիճ և լճի տակ գտնվող մառան, սեղանատուն, պանսիոնատներ, առողջարաններ և այլն, անգամ ֆուտբոլի մարզադաշտ, ինչն էլ ամենաշատն էր զարմացրել պատգամավորներին:

ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանն էլ մտահոգություն հայտնեց, թե միգուցե առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո եկեղեցուն պատկանող մեկ հեկտարանոց տարածքին ավելացվի ևս 20-30 հա`  այդպիսով ծածկելով ամբողջ հանրապետությունը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նախորդ օրը մտավախություն էր հայտնել, թե դրանով կնվազի համայնքների բյուջեն, որին ի պատասխան Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանն ասել էր, թե համայնքների ֆինանսական հնարավորությունները չեն նվազի, քանի որ այսպես թե այնպես նախկինում էլ եկեղեցին օրենքով սահմանված գույքահարկը չի վճարել:

Այս փոփոխության վերաբերյալ պատգամավորները մեկ այլ մտավախություն էլ էին հայտնել, թե օրենքն ընդունվելուց հետո Հայաստանում գործող այլ կրոնական կազմակերպություններ ևս գույքահարկիզ ազատվելու պահանջ կներկայացնեն:

Հիշեցնենք, որ օրենսդրական փաթեթով Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցուն սեփականության և անհատույց մշտական օգտագործման իրավունքով պատկանող հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիները, հոգևոր/մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող շենքերն ու շինություները ազատվում են գույքահարկից:

 

 

Դիտվել է 915 անգամ:
Print Friendly

Leave a Reply