«Ժառանգություն»-ից հեռացվել են Մովսես Արիստակեսյանը, Զոյա Թադևոսյանը, Վարդան Խաչատրյանը ու ևս 3 շարքային անդամ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 10, 2009 12:55

«Ժառանգության» վարչության` երեկ երեկոյան կայացած նիստում կուսակցությունից հեռացվել են վարչության փոխնախագահ Մովսես Արիստակեսյանը, կուսակցության քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանը և անդամ Զոյա Թադևոսյանը, ով նաև ԿԸՀ-ում «Ժառանգության» ներկայացուցիչն է:

«Ժառանգության»կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանն «Անկախ»-ին ասաց, որ վարչության նիստին հրավիրված են եղել բոլոր 10 անդամները, սակայն ներկա են եղել միայն 7-ը: Բացակաները հենց հեռացված երեքն են եղել: «Անկախ»-ի հարցին ի պատասխան, թե հեռացման որոշումը մինչ այդ էր կայացվել, թե նիստին է ընդունվել,  Խուրշուդյանն ասաց,  որ նրանց հեռացման որոշումը կայացվել է հենց վարչության նիստի ժամանակ:

Խուրշուդյանի մեկնաբանմամբ`կուսակցության այս անդամների հեռացման հարցը միշտ էլ եղել է իրենց օրակարգում, քանի որ «նրանց գործողությունները`հրապարակումներում հանդես գալ, հայտարարություններ, մամուլում սպրդումներ, դեմ են եղել կուսակցության սկզբունքներին»:

«Մինչ այժմ այս երեքի դեմ փորձել ենք մեղմ լինել և կտրուկ գործողությունների չգնալ, բայց վարչության համբերության բաժակը լցվեց»,-ասաց Խուրշուդյանը` հավելելով, որ կուսակցությունից հեռացվել են նաև 3 շարքային անդամներ, ովքեր «մեղսակից են եղել վերջին համագումարի վարչության ընտրությունները կեղծելու փորձի մեջ: Թե ում օգտին էին արվում կեղծումները, Խուրշուդյանը հրաժարվեց պատասխանել` նշելով, որ «չէինք ուզենա ծանրանալ սրա վրա, չեմ կարծում, որ սրա կարիքը կա»:

Կուսակցության նորընտիր վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ ասաց, որ հեռացման հիմնական պատճառները եղել են «վերջիններիս պառակտիչ գործողությունները, քաղաքական կուրսի սկզբունքներին դեմ քայլերը և «Ժառանգության» անդամներին ոչ հարիր պահվածքը»` չմասնավորեցնելով պատճառներից և ոչ մեկը:

«Regnum» գործակալությունը նշում է, որ  կուսակցության հեռացումների մասին որոշման մեջ նշված է, որ «Զոյա Թադևոսյանը հանդիսանում է Հայ ազգային կոնգրեսի գործակալ»:

Դիտվել է 1100 անգամ:
Print Friendly

Leave a Reply