Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան այցելել է Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն, որտեղ տեղի է ունեցել պարգևատրման արարողություն

Պաշտոնական, Օրվա լուր | | October 24, 2011 23:55

Պետական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան այցելել է Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն, որտեղ տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում մեծ ներդրում ունեցած մի խումբ անձանց Սերժ Սարգսյանը հանձնել է Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևներ: Նախագահը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել բոլոր պարգևատրվածներին` նշելով, որ հայ-ռուսական բարեկամության ամրապնդման գործում նրանք իրենց շատ որոշակի ներդրումն են ունեցել: Սերժ Սարգսյանը կարևորել է ձևավորված դարավոր բարեկամությունը և երկու երկրների ու ժողովուրդների միջև սերտ հարաբերությունները սերնդեսերունդ փոխանցելու և հավերժ պահպանելու համար շարունակաբար աշխատելը:

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսության ոլորտում համագործակցության ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Ռուսաստանյան երկաթուղային գծեր» ԲԲԸ-ի նախագահ Վլադիմիր Իվանի Յակունինը, Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, պարգևատրվել է Պատվո շքանշանով:

Հայաստանում 1988 թվականին տեղի ունեցած աղետալի երկրաշարժի հետևանքները վերացնելու, տուժածներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու և վերականգնողական աշխատանքների կազմակերպման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Յուրի Սեմյոնովը (ՌԴ) պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:

Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի բնագավառի զարգացման գործում համագործակցության համար Միջպետական ավիացիոն կոմիտեի նախագահ Տատյանա Գրիգորիի Անոդինան պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:

Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, հայապահպանության գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև բարեկամության ամրապնդմանը մեծապես նպաստելու համար Ֆրիդրիխ Սողոյանը (ՌԴ), Ռուբեն Դիշդիշյանը (ՌԴ) պարգևատրվել են Մովսես Խորենացու մեդալով:

Մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ Արամ Խաչատրյանի աշխարհահռչակ «Սպարտակ» բալետը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նոր խորեոգրաֆիական մեկնաբանությամբ բարձրարվեստ բեմադրելու համար բեմադրիչ-բալետմայստեր Յուրի Նիկոլայի Գրիգորովիչը պարգևատրվել է Պատվո շքանշանով:

Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության կրթամշակութային կապերի խորացման, ինչպես նաև ԱՊՀ շրջանակում հումանիտար համագործակցության ինստիտուտցիոնալ զարգացման գործում ներդրած ավանդի համար ՌԴ նախագահի օգնական, ԱՊՀ անդամ երկրների Հումանիտար համագործակցության խորհրդի համանախագահ Ջահան Պոլիևան պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

 

Դիտվել է 1493 անգամ:
Print Friendly

Leave a Reply