Հանդիպում ռումին քաղաքապետերի հետ ՀՀ դեսպանությունում

Պաշտոնական, Օրվա լուր | | October 24, 2011 18:46

Հոկտեմբերի 24-ին Ռումինիայում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հանդիպում ռումին քաղաքապետերի հետ, ովքեր Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ եւ ՀՀ տարածքային կառավարման եւ արտաքին գործերի նախարարության համագործակցությամբ ճանաչողական այցով նույն օրը մեկնում էին Հայաստան: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Ռումինահայոց թեմի առաջնորդ Տաթեւ Վրդ. Հակոբյանը եւ Ռումինիայի խորհրդարանի Ազգային փոքրամասնությունների խմբի նախագահ Վարուժան Փամբուկչյանը:

Դեսպան Համլետ Գասպարյանը ռումին քաղաքապետերին ներկայացրել է այն կարեւորությունը, որ Հայաստանի կառավարությունը տալիս է գործընկեր երկրների հետ ապակենտրոնացված համագործակցության զարգացմանը: Հայաստանի դեսպանը նշել է, որ նման հորիզոնական կապերը նպաստում են տարածքների եւ համայնքների միջեւ տեղական ինքնակառավարման, մշակույթի եւ կրթության ոլորտներում փորձի փոխանակմանը, զբոսաշրջության եւ տեղական արտադրության ոլորտներում համատեղ ծրագրերի խթանմանը:

Իր հերթին ռումինական կողմը նշել է, որ Ռումինիան, որը բավականին հարուստ փորձ է կուտակել ապակենտրոնացված մակարդակով համագործակցության բնագավառում, հետաքրքրված է Հայաստանի հետ նմանօրինակ կապեր հաստատելու գործում` մասնավորապես հաշվի առնելով Ռումինիայում հայոց դարավոր ներկայությունն ու թողած հարուստ մշակութային ժառանգությունը, որոնց միջոցով հնարավոր է խթանել տեղական զբոսաշրջությունն ու իրականացնել տարբեր ծրագրեր:

Սա ռումին քաղաքապետերի առաջին այցն է Հայաստան: Խմբի մեջ ընդգրկված են Պիտեշտի (Pitesti) քաղաքապետ Թուդոր Պենդիուկը (Tudor Pendiuc), Ֆոկշանի (Focsani) փոխքաղաքապետ Բոգդան Մատիշանը (Bogdan Matisan), Ռոմանի (Roman) քաղաքապետ Լաուրենցիու Լեորեանուն (Laurentiu Dan Leoreanu), Գեռլայի (Gherla) քաղաքապետ Օվիդիու Դրագանը (Ovidiu Ionel Dragan), Դումբրավենի (Dumbraveni) քաղաքապետ Ջորջետա Իրիմիեն (Irimie Georgeta) եւ Ֆրումոասայի (Frumoasa) քաղաքապետ Տիբոր Ֆերենցը (Ferencz Tibor):

Ռումին քաղաքապետները Երեւանում հանդիպումներ են ունենալու ՀՀ տարածքային կառավարման նախարարության ղեկավարության հետ, այցելելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հաջորդ օրերին ուղեւորություններ են կատարելու Տավուշի եւ Շիրակի մարզեր, ուր մարզային եւ Դիլիջանի ու Գյումրիի քաղաքային իշխանությունների հետ քննարկելու են հավանական կապերի հաստատման հնարավորությունները:

Կից ներկայացնում ենք հակիրճ տեղեկանք Ռումինիայում հայ համայնքի վերաբերյալ. Ռումինիայի հայ համայնքը համարվում է Եվրոպայում հանգույններից մեկը: Հայերն այս տարածքներում հաստատվել են 10-րդ դարից սկսած: Միջին դարերում Մոլդովայում հայերի թիվն այնքան էր աճել, որ Ալեքսանդր Բարի իշխանի 1401թ. հուլիսի 30-ի հրովարտակով նրանց համար Սուչավա մայրաքաղաքի մեջ հաստատում է հայոց եպիսկոպոսական աթոռը: Հայերը, որպես ռումինական հասարակության բաղկացուցիչ մաս, լիակատար կերպով մասնակցում էին Ռումինիայի քաղաքական, տնտեսական, մշակութային եւ հասարակական կյանքին` իրենց կարեւոր նպաստը բերելով երկրի զարգացմանը եւ բարգավաճմանը: Հայոց ներկայությունը, նույնիսկ մինչեւ այսօր զգալի է:

Այսօր հայ համայնքին վերապահված է փոքրամասնության կարգավիճակ, որն իր ներկայացուցիչն ունի Ռումինիայի Խորհրդարանում: Ներկայումս Ռումինիայի տարածքում առկա են երկու տասնյակից ավելի հայկական եկեղեցիներ: Օր.` Բոտոշանի Սուրբ Երրորդություն եկեղեցին կառուցվել է դեռեւս 1350թ., Յաշի Սուրբ Մարիամ եկեղեցին, որ մինչեւ այսօր կանգուն է, քաղաքի ամենահին կառույցներից է (1395թ.), Սուչավայում գործում են Սուրբ Խաչ (1521թ.) եկեղեցին եւ Հաճկատար (1512թ.) ու Զամկա (1551թ.) վանքերը, որոնք հայտնի են ոչ միայն հայերի, այլեւ տեղացիների մեջ: Տրանսիլվանիայում Գեռլա եւ Դումբրավեն քաղաքները 18-րդ դարի սկզբին հիմնվել են հայերի կողմից, ուր առկա է հայկական հարուստ մշակութային ժառանգություն` քաղաքային հոգեւոր եւ աշխարհիկ շինությունների, արվեստի գործերի, գիտապատմական հետաքրքրություն ներկայացնող արժեքավոր արխիվների տեսքով: Բուխարեստի կենտրոնում` «Հայկական թաղամասում» է գտնվում Սբ. Հրեշտակապետաց Հայոց Մայր եկեղեցին` հարակից Առաջնորդարանով, Դուդյան Մշակույթի կենտրոնով, թանգարանով եւ Ռումինիայի Հայոց միության վարչական շենքով, քիչ հեռու`Հայկական գերեզմանոցը, «հին քաղաքի» տեսարժան վայրերից է համարվում «Հանուլ Մանուկ» իջեւանատան համալիրը, նշանավոր են Զամբակչյան թանգարանը եւ Աննա Մելիքի պալատը:

 

 

 

 

Դիտվել է 915 անգամ:
Print Friendly

Leave a Reply