Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարան

Պաշտոնական, Օրվա լուր | | October 24, 2011 15:43

Պետական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարան (ՄՊՀ), որտեղ հանդիպում է ունեցել համալսարանի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Նախագահը համալսարանականների առջև հանդես է եկել ելույթով և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:

Մոսկվայի պետական համալսարանի գիտական խորհրդի որոշման համաձայն Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհվել է համալսարանի Պատվավոր պրոֆեսորի կոչում: Միջոցառման ժամանակ ՄՊՀ ռեկտոր ակադեմիկոս Վիկտոր Սադովնիչին կոչումը շնորհելու մասին դիպլոմն ու մեդալը հանձնել է Սերժ Սարգսյանին:

Հանդիպումից հետո Հանրապետության ղեկավարն այցելել է Անհայտ զինվորի հուշարձան, հարգանքի տուրք մատուցել՝ ծաղկեպսակ դնելով հուշաձանին:

Այնուհետև Կրեմլի Մեծ պալատում տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ նախագահների առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը:

Բանակցությունների ընդմիջմանը Նախագահներ Սերժ Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հետ: Երկու երկրների ղեկավարներն անկեղծ ցավակցության խոսքեր և աջակցություն են հայտնել Թուրքիայի նախագահին` Թուրքիայի տարածքում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ: Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ հաստատել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը: Նախագահ Գյուլը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին ցուցաբերած համերաշխության համար:

 

 

 

Դիտվել է 1081 անգամ:
Print Friendly

Leave a Reply