«Ախմախ» օրինագծի շուրջ պատգամավորների աղմուկը զայրացրեց Հովիկ Աբրահամյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 24, 2011 15:42

Այսօր Խորհրդարանում առաջին ընթերցմաբ  քվեարկության դրվեց կառավարության ներկայացրած «Սպառողական կոոպերացիայի մասին» օրենքում փոփոխություն մտցնելու մասին նախագիծը: Լարիսա Ալավերդյանը հայտարարեց, որ «Ժառանգությունը» դիմում է կառավարությանը` հետ վերցնելու նախագիծը և իմաստավորելու այն, հակառակ դեպքում իրենք դեմ կքվեարկեն:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ևս հայտնեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին: Ի դեպ, երբ Արծվիկ Մինասյանն ուզում էր խոսել, խոսափողը չմիացավ, ինչին Հովիկ Աբրահամյանն արձագանքոեց. «Արծվիկ Մինասյանի միկրոֆոնը միացրեք և միշտ միացրած պահեք»:

ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանն էլ օրինագիծը որակեց «ախմախ»` միաժամանակ ավելացնելով. «Ինչ անենք, եթե դուք ասում եք, քվեարկենք, հարց չկա»:

Հովիկ Աբրահամյանը նրան նախ դիտողություն արեց` ասելով, թե նման որակավորումը օրինագծին կոռեկտ չէ, մյուս կողմից էլ` որպես խաղաղության կողմնակից, խորհուրդ տվեց երկրորդ ընթերցման ժամանակ լավ առաջարկություններ ներկայացնել և կառավարությանը հորդորել, որպեսզի ընդունի:

Մինչ քվեարկության դնելը Հովիկ Աբրահամյանն ընթերցում էր օրինագիծը, դահլիճում բուռն քննարկումներ էին տեղի ունենում, ինչը ԱԺ նախագահին անչափ զայրացրեց. «Հարգեք Ազգային ժողովը և ձեզ մի քիչ լուրջ պահեք,-ասաց նա,-եթե ավելի կարևոր խոսակցություն ունեք, դահլիճից դուրս զրուցեք»:

Օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց` 62 կողմ,  19 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Հիշեցնենք, որ առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է վերացնել սպառողական կոոպերատիվների անդամների (փայատերերի) թվի որեւէ սահմանափակում, ինչը կդյուրինացնի վերջիններիս ստեղծումը և գրանցումը:

 

 

Դիտվել է 1008 անգամ:
Print Friendly

Leave a Reply