Հովիկ Աբրահամյանը դեմ չէ եկեղեցուն արտոնություն տալուն, բայց ոչ համայքների հաշվին

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 24, 2011 15:17

«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով նախատեսվում է գույքահարկից ազատել Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիները, հոգևոր/մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող շենքերն ու շինություները:

Օրինագծի հարակից զեկուցող Հովհաննես Մարգարյանն ընթերցեց եկեղեցու կողմից ներկայացված գույքի ցանկը` հողատարածքներ, բնակելի տներ, կինոթատրոն, խանութ և տաղավար, հանդարտ պուրակ, արհեստական լիճ և լճի տակ գտնվող մառան, սեղանատուն, պանսիոնատներ, առողջարաններ և այլն, սակայն որոշ պատգամավորների մոտ անմիջապես հարցեր առաջացան, երբ ցանկում հնչեց նաև «ֆուտբոլի մարզադաշտ» անվանումը. «Հետաքրքիր է, ֆուտբոլային դաշտը հոգևոր պահանջմունքների բավարարման գործում ի՞նչ դեր կարող է ունենալ,-զարմացավ Նաիրա Զոհրաբյանը:

Հիմնական զեկուցող, Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանն ասաց, թե այդ ցանկը խիստ նախնական է. «Այդ ցանկը մինչև վերջ էլ խիստ նախնական է լինելու տեսանելի կարճ ժամկետում, որովհետև մեր եկեղեցական գույքի մի ահռելի ծավալը դեռևս գույքագրված չէ,-ասաց Տերտերյանը,-մենք ունենք հարյուրավոր եկեղեցիներ, որոնք ֆիզիկապես կան, մենք դրանց տեղը գիտենք, սակայն դրանք ո´չ պետական, ո´չ համայնքային, ո´չ էլ որպես եկեղեցական  սեփականություն, հաշվառված չեն»:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դեմ չէ կեղեցուն արտոնություն տալուն, սակայն համաձայն չէ, որ դա տեղի ունենա համայնքների հաշվին. «Չի լինի, որ ես մեկի հաշվին մյուսին լավություն անեմ»,-ասաց նա:

Հովիկ Աբրահամյանը զարմացած է, որ Տարածքային կառավարման նախարարությունը չի պայքարում, որպեսզի կառավարությունը փոխհատուցի համայնքներին. «Համայնքներ կան, որոնք այդ հողի հարկի, գույքահարկի հաշվին են ապրում, համայնքներ էլ կան, որ ամբողջ բյուջեն 2-3 մլն դրամ է, բայց հիմա մենք, չիմանալով, թե որ համայնքից ինչքան են վերցնում, ինչքան ենք կտրում կամ բյուջեն նվազեցնում, օրենք ենք ընդունում: Կարծում եմ դա անարդարացի է»,-ասաց նա:

Փոխհատուցման վերաբերյալ Տերտերյանը նշեց, թե համայնքների ֆինանսական հնարավորությունները չեն նվազում, քանի որ այսպես թե այնպես նախկինում էլ համայքները եկեղեցուց գույքահարկ չեն ստացել:

Հովիկ Աբրահամյանը, սակայն անդրդվելի մնաց. «Ավելի լավ է այդ կառույցները հանձնել համայնքներին, համայնքներն էլ իրեն ավագանիով թող լավություն անեն եկեղեցիներին»,-ասաց նա:

Որոշ պատգամնավորներ էլ մտավախություն հայտնեցին, որ օրենքն ընդունվելուց հետո Հայաստանում գործող այլ կրոնական կազմակերպությունները ևս նման պահանջ կներկայացնեն.  «Սա նշանակում է, որ Սահմանադրության շրջանակներում մենք արտոնություն ենք վերապահում Մայր Աթոռ Սուրբ էջմիածնին` մոռանալով, որ նույն Սահմանադրության համաձայն և նաև միջազգային փաստաթղթերի հիման վրա, մենք երաշխավորել ենք այլ կրոնական կազմակերպությունների իրավունքը Հյաստանում,-ասաց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը,-իսկ սա նշանակում է, որ մենք բախվելու ենք միջազգային իրավունքի այդ հիմնարար սկզբունքի գործադրմանը»:

 

 

Դիտվել է 3523 անգամ:
Print Friendly

Leave a Reply