Հայկական պատվիրակությունը Ժնևում կմասնակցի «Համաշխարհային հեռահաղորդակցություն 2011»-ին

Պաշտոնական, Օրվա լուր | | October 24, 2011 12:09

Հոկտեմբերի 25-27-ը Ժնևում (Շվեյցարիա) տեղի կունենա  Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) կողմից կազմակերպված «Համաշխարհային հեռահաղորդակցություն 2011» (ITU Telecom World 2011) միջոցառումը, որին կմասնակցի նաեւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը:

Միջոցառման շրջանակներում նախարար Մ.Վարդանյանը հանդիպումներ կունենա մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում` ITU գլխավոր քարտուղար Համադուն Տուրեի եւ ITU զարգացման բյուրոյի տնօրեն Բրահիմ Սանույի: Նախատեսվում են համաժողովներ, ինչպես նաև ղեկավար կազմի գագաթաժողով` հեռահաղորդակցության ոլորտում առկա խնդիրների, մարտահրավերների և դրանց  ամենաարդյունավետ լուծումները գտնելու  նպատակով:

«Համաշխարհային հեռահաղորդակցություն 2011» շրջանակներում կլինեն քննարկումներ համացանցի ապագայի, տվյալների ազատ և անվտանգ փոխանցման, շարժական լայնաշերտ կապի ապահովման, նոր տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ: Անդրադարձ կլինի նաեւ  հաջողված հանրային և մասնավոր սեկտորի համագործակցության մոդելների ուսումնասիրությանը:

Կկազմակերպվի նաեւ հաղորդակցական տեխնոլոգիաների և դրանց կիրառման թեմայով տեխնիկական ցուցահանդես, որի ընթացքում առանձին տաղավարներում կցուցադրվեն մի շարք ընկերությունների թվային և հաղորդակցական տեխնոլոգիաներ ու գործիքներ:

 

Դիտվել է 864 անգամ:
Print Friendly

Leave a Reply