Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Մոսկվայում հանդիպում է ունեցել Հայ առաքելական եկեղեցու նորակառույց համալիրի կառուցմանն օժանդակած բարերարների հետ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | | October 23, 2011 23:44

Պետական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Մոսկվայում հանդիպում է ունեցել Հայ առաքելական եկեղեցու նորակառույց համալիրի կառուցմանն օժանդակած բարերարների հետ:

Նշելով, որ հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը կառուցված է ամուր պատմական հիմքի վրա և աշխույժ զարգացում է ապրում` համապատասխանելով մեր երկու երկրների շահերին, Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ այն ուղղված է դեպի ապագան և փոխադարձաբար օգտակար է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների համար: «Հայ-ռուսական բազմաբնույթ հարաբերությունների լայնածավալ համակարգի մեջ ամենակարևոր դերակատարների շարքում հնարավոր չէ անտեսել ռուսահայ համայնքի կատարած և շարունակաբար կատարվող ներդրումը: Պատահական չէ, որ Ռուսաստանի Դաշնությունը մեր առաջատար առևտրային գործընկերն է, իսկ Ռուսաստանի գործարարները` մեր տնտեսության մեջ հիմնական ներդնողները: Այդ տպավորիչ ցուցանիշների և հաջողությունների հիմնական շարժիչ ուժերից մեկն են ռուսահայերը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր ձեր համայնքը մեր հայրենիքից` Հայաստանից դուրս ապրող ամենաստվար հայկական ընդհանրությունն է: Մոսկվայի նորակերտ հայկական տաճարը` Սուրբ Խաչը, իր օրհնությունն է բերում ոչ միայն ռուսահայությանը, այլև աշխարհի ամենամեծ հայ համայնքի հարազատ տուն դարձած երկրի մայրաքաղաքին»,- հանդիպման մասնակիցներին ուղղված խոսքում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահն  իր և   Հայաստանի ժողովրդի անունից խորին շնորհակալություն է հայտնել ռուսահայ համայնքին` նշելով, որ իր մարդկային ներուժով, հավաքական գոյությամբ և անսպառ աշխուժությամբ, համայնքը կարևոր և անփոխարինելի է Հայաստանի համար:

 

 

 

Դիտվել է 876 անգամ:
Print Friendly

Leave a Reply