Հայաստանի հանրապետությունների իրավահաջորդության հարցը միջազգային իրավունքի տեսանկյունից

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | October 23, 2011 8:15

Վերջին հարյուրամյակում եղել է հայկական երեք տարածքային միավոր (territorial entity), որոնց անվանման մեջ եղել է «հանրապետություն» բառը: Այս միավորների իրավահաջորդության հարցը, թեև առաջին հայացքից զուտ իրավագիտական բնույթի է, սակայն խորքի մեջ ունի էական դեր Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հնարավորությունների շրջանակն հստակեցնելու գործում:

Հարցն ունի 2 ընդգրկում՝ ներկայիս Հայաստանի Հանրապետության իրավահաջորդության հարցը.

1. Հայաստանի Խորհրդային (սովետական) Սոցիալիստական Հանրապետության նկատմամբ, և

2. Հայաստանի առաջին Հանրապետության (1918-1920թթ.) նկատմամբ:

Նախ ընդհանրապես պետությունների իրավահաջորդության մասին:

Պետությունների իրավահաջորդությունը խարսխված է տարածքի իրավատիրության վրա: (State succession is based on legal possession of the territory.) Այսինքն, երբ որևէ նորաստեղծ պետություն ժառան­գում է կամ այլ ձևով իր իրավունքն է հաստատում որոշակի տարածքի վրա, ապա այդ պետությունը ստանձնում է տվյալ տարածքին ամրագրված իրավունքներն ու պարտավորությունները: Պայմանա­գրերի մասով պետությունների իրավահաջորդության մասին Վիեննայի 1978թ. կոնվենցիայի և Պետական գույքի, արխիվների և պարտքերի մասով պետությունների իրավահաջորդության մասին Վիեննայի 1983թ. կոնվենցիայի համապատասխան հոդվածները (երկուսի մեջ էլ նույնական՝ #(2(1)(a)) պետությունների իրավահաջորդությունը (state succession) սահմանել են որպես «մի պետու­թյան փոխարինումը մեկ այլով [այլ պետությամբ]՝ միջազգային հարաբերություններում տարածքի պատասխանատվության առումով» (“the replacement of one State by another in the responsibility for the international relations of territory): [1]

Այսինքն, իրավահաջորդույթան հիմքը տարածքն է, և իրավահաջորդության մասին հռչակագիրը կամ այլ համահունչ փաստաթուղթը բնավ պարտադիր պայման չէ իրավահաջորդության փաստի առկայության համար: Ավելին, անգամ հակառակի պնդումը, այսինքն, առ այն որ նորաստեղծ պետու­թյունը չի հանդիսանում նախորդ պետության իրավահաջորդը, բնավ չի ազատում տարածքի հաջորդ իրավատեր երկրին տարածքի նախորդ իրավատիրոջ պարտավորություններից: Այսպես, ՌՍՖՍՀ (հետագայում նաև ՍՍՀՄ-ը) կամ Թուրքիան ամեն կերպ ժխտում էին համապատասխանաբար Ռուսաստանի կայսրության և Օսմանյան կայսրության իրավահաջորդը լինելը, սակայն, քանի որ նրանք երկուսն էլ ժառանգել էին իրենց նախորդող երկրների տարածքների հիմնական մասը, միջազգային հանրության կողմից համարվում էիր նշյալ երկրների իրավահաջորդ երկրներ և դա բազմիցս ամրագրված է միջպետական փաստաթղթերով, դատական վճիռներով և միջազգային պրակտիկայով: Օրինակ, երկու երկրներն էլ տեր կանգնեցին իրենց նախորդների անշարժ գույքին արտասահմանում կամ ստանձնեցին և վճարեցին նախորդների պարտքերը:

Հիմա անդրադառնանք հարցի առաջին մասին՝ Հայաստանի Խորհրդային (սովետական) Սոցիալիստական Հանրապետության նկատմամբ ներկայիս Հայաստանի Հանրապետության իրավահաջորդությանը:

Հայաստանի ներկայիս Հանարապետությունը չի հանդիսանում ՀԽ(ս)ՍՀ իրավահաջորդը, ինչն անհիմն կերպով պնդում են ոմանք, այն պարզ պատճառով, որ «[պետությունների] իրավահաջորդու­թյուն կարող է տեղի ունենալ միայն միջազգային իրավունքի առնվազն երկու սուբյեկտների (ենթա­կաների) միջև:» ([State] succession can only take place between at least two subjects of international law.) 1

Ակնհայտ է, որ ՀԽ(ս)ՍՀ երբեք չի եղել միջազգային իրավունքի սուբյեկտ ոչ միայն և ոչ այնքան այն պատճառով, որ այն երբևէ ճանչված չի եղել արդեն օրինական ճանաչում ունեցող որևէ այլ պետության կողմից, այլև որովհետև երբևէ չի բավարարել պետականության 4 չափորոշիչներից[2] և ոչ մեկին, որոնք ամրագրված են Մոնտեվիդեոյի (1933թ.) կոնվենցիայի մեջ: Այն է՝ ա/ ՀԽ(ս)ՍՀ չի ունեցել բնակչություն (ՀԽ(ս)ՍՀ-ում բնակվողները եղել են ՍՍՀՄ քաղաքացիներ), բ/ ՀԽ(ս)ՍՀ չի ունեցել տարածք (եղածը ՍՍՀՄ տարածք էր), գ/ ՀԽ(ս)ՍՀ չի ունեցել կառավարություն (եղածը ՍՍՀՄ կառա­վարության ստորաբաժանում էր) և դ/ ՀԽ(ս)ՍՀ չի ունեցել օտար պետությունների հետ հարաբերու­թյունների մեջ մտնելու կարողություն, քանի որ չի ունեցել այդ երկրներում հավատարմագրված արտակարգ և լիզոր դեսպաններ:

ՍՍՀՄ-ը եղել է դաշնակցային (ֆեդերատիվ) պետություն, այսինքն՝ բաղկացած որոշակի ներքին ինքնավարությամբ օժտված մի շարք վարչատարածքային միավորներից (տվյալ պարագայում՝ քառաստիճան), իսկ դաշնակցային պետությունը միջազգային իրավունքի տեսանկյունից ունի ընդամենը մեկ ինքնություն:[3]

Հիմա անդրադառնանք հարցի երկրորդ մասին՝ Հայաստանի առաջին և ներկա հանրապետությունների իրավահարաբերություններին:

Ինչպես նշել էինք վերը, իրավահաջորդությունը իրավական գործողություն է միջազգային իրա­վունքի սուբյեկտների (ենթակաների) միջև, այն է՝ «իրավահաջորդությունը տեղի է ունենում միայն այն դեպքում, երբ միջազգային իրավունքի մի սուբյեկտ (ենթակա) ստանձնում է մյուսի իրավունքները» (A case of succession arises only when one subject of international law enters into the rights of another.) [4] Հաշվի առնելով, որ իրավահաջորդությունը պայմանավորված է տարածքի օրինական իրավատիրությամբ, [իսկ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը կայացել է այն որոշակի տարածքի (կամ դրա մի մասի) վրա, որի վրա վերջին պետականությունը (միջազգային իրավունքի վերջին սուբյեկտը) եղել է 1918-1920թթ. Հայաստանի Հանրապետությունը,] ապա ներկայիս Հայաստանի Հանրապետությունն ինքնին իր գոյությամբ կարող էր ստանձնել և ստանձնել է իր տարածքի վրա իրեն նախորդած պետականության իրավունքները:

Այսինքն, անկախ այն հանգամանքից, թե Հայաստանի Հանրապետությունը ինչ իրավական դիր­քորոշում է որդեգրել կամ ինչ հայտարարություն է արել իրավահաջորդության հարցի առնչությամբ, տարածքը ժառանգելու պատճառով և հենց դրա հիման վրա, այն հանդիսանում է առաջին հանրա­պետության իրավահաջորդը:

Այս անվիճելի դրույթն ունի լրացուցիչ փաստարկներ ևս: Խնդրո առարկա իրավահաջորդությունն ամրագրված է նաև Հայաստանի Հանրապետության հիմնարար փաստաթղթերում: Հայոց ներկա պետականության հիմնարար փաստաթղթերը երկուսն են՝ Հայաստանի Անկախության մասին հռչակագիրը և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: Թեև սրանք առանձին փաստաթղթեր են, այսուհանդերձ գտնվում են երկմիասնության մեջ: Ըստ այդմ, երբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը որպես հիմք է ընդունել «Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները» (տե՜ս՝ ՀՀ Սահմանադրության նախաբանը), ապա դրանով իսկ Հռչակագրի մեջ ամրագրված դրույթներին տրվել է հիմնական օրենքի կարգավիճակ:

Հայաստանի Անկախության մասին հռչակագրի (23 օգոստոսի, 1990թ.) 5-րդ կետով, իսկ հղման միջոցով նաև ՀՀ սահմադրությամբ, ամրագրված է հետևյալը. «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը … զարգացնելով 1918 թվականի մայիս 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները … հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:»

Այսինքն, հայոց նորանկախ պետությունն իրեն հռչակում է «1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված» պետականության շարունակությունը, քանի որ «զարգացնել» հայերեն առաջին հերթին նշանակում է՝ շարունակել: [5]

Անհրաժեշտ է ընդգծել, որ ՀՀ Սահմանադրության նախաբանի դրույթները, ինչպես նաև ՀՀ Անկա­խության մասին հռչակագրի պահանջներն ունեն իմպերատիվ (պարտադիր, անսակար­կելի) բնույթ: (Տե՜ս՝ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների մասին ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման [12 հունվարի, 2010թ.] 5-րդ կետը):

Այսպիսով՝

  • Հայաստանի ներկայիս Հանրապետությունը չի հանդիսանում ՀԽ(ս)ՍՀ իրավահաջորդը:
  • Հայաստանի ներկայիս Հանրապետությունը հանդիսանում է 1918-1920թթ. Հայաստանի առաջին հանրապետության իրավահաջորդը:

 

Արա Պապյան


Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար,

 

Դիտվել է 1197 անգամ:
Print Friendly

Leave a Reply