Սլովակիա-Հայաստան` 1:2

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 22, 2011 8:55

Հայաստանի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնության որակավորման փուլում: Մեր պատանեկան ընտրանին այսօր Երևանի «Հանրապետական» մարզադաշտում Սլովակիայի հասակակիցների թիմի նկատմամբ առավելության հասավ 2:1 հաշվով:

Առաջին գոլային պահն այս խաղում ստեղծեցին սլովակները: 23-րդ րոպեին տուգանային հարվածի խաղարկման արդյունքում Յան Ձուրիկը գլխի հարվածով գնդակն ուղարկեց դեպի դարպասը, սակայն դարպասապահ Ալբերտ Օհանյանն այդ դրվագում փրկեց մեր թիմին վերահաս գոլից:

Այնուհետև խաղն ընթանում էր խաղադաշտի կենտրոնում: Սլովակները պրեսինգ էին կիրառում և ստիպում էին մեր ֆուտբոլիստներին սխալներ թույլ տալ: Արդյունքում Հայաստանի հավաքականը երկար ժամանակ ոչ մի կերպ չէր կարողանում գտնել սեփական խաղը: Ֆուտբոլիստները դանդաղ էին գործում, փոխանցումների խոտանի տոկոսը բարձր էր, գնդակը հաճախ էին բարձրացնում, ինչը բարձրահասակ ֆուտբոլիստներով համալրված Սլովակիայի թիմի հետ խաղում չէր կարող արդյունավետ լինել:
38-րդ րոպեին Արման Հովհաննիսյանը որոշեց անհատական գործողություններով սրություն մտցնել առջևի գծում, և դա նրան հաջողվեց. ձախ թևից նա ներխուժեց կենտրոն և տուգանային հրապարակի մատույցներից հարված կատարեց: Դարպասապահ Միլոշ Բրեդան գնդակը հետ մղեց դեպի տուգանային հրապարակի կենտրոն, և վրա հասած Հովհաննես Հովհաննիսյանը բացեց հանդիպման հաշիվը: Դրանից հետո մեր ֆուտբոլիստներն ակտիվացան և սկսեցին իրար հետևից վտանգավոր պահեր ստեղծել մրցակցի դարպասի մոտ: Եվ հաջորդ գոլը երկար սպասեցնել չտվեց. աջ թևից բարձրից փոխանցում կատարվեց դեպի տուգանային հրապարակ, պաշտպանը սխալվեց, Հովհաննես Հովհաննիսյանը փախցրեց գնդակը նրանից, խաբս տվեց նաև դարպասապահին և հանգիստ գրավեց դարպասը` 2:0:

Երկրորդ խաղակեսում Սլովակիայի հավաքականը տիրեց նախաձեռնությանը և աստիճանաբար ավելացրեց ճնշումը մեր թիմի պաշտպանական դիրքերի վրա: Մրցակիցը, սակայն, միայն մեկ անգամ կարողացավ արդյունավետ եզրափակել գրոհը. հեռվից կատարած հարվածով Յակոբ Վոյտուշն անակնկալի բերեց Ալբերտ Օհանյանին: Իսկ մերոնց գրոհներին պակասում էր հզորությունը` հաշվի մեջ նոր փոփոխություն կատարելու համար:
Հայաստանի հավաքականը, այսպիսով, հաղթեց 2:1 հաշվով և այժմ լավ հնարավորություններ է պահպանում` դուրս գալու էլիտ փուլ: Մեր թիմը սեպտեմբերի 23-ին կհանդիպի Հունաստանի պատանեկան ընտրանու հետ, որն այսօր 10 անպատասխան գնդակ է ուղարկել Անդորրայի մինչև 19 տարեկանների հավաքականի դարպասը և 1-ին տուրից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Panorama.am

Դիտվել է 761 անգամ:
Print Friendly

Leave a Reply