Արտակ Նազարյանի գործով նիստերը այսուհետ Երևանում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 21, 2011 22:16

Տավուշի մարզի Բերդ քաղաքում ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացավ բանակում սպանված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատական հերթական նիստը: Այս անգամ որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ հանդես եկավ Հելսինկյան Ասոցիացիայի աշխատակից, փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը: Նիստի ընթացքում փաստաբան Մուշեղ Շուշանյանը դատարանին միջնորդություն ներկայացնելով` առաջարկեց հետագա դատական նիստերը տեղափոխել Երևան: Դատավորը սկբում մերժեց տվյալ միջնորդությունը, սակայն նկատի ունենալով եղանակի մոտալուտ, ոչ բարենպաստ փոփոխությունները և դրա հետ միասին նաև Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հեռու գտնվելը մայրաքաղաքից` հարկ համարեց արտագնա նիստերն անցկացնել մայրաքաղաքի դատարաններում մեկում: Նշենք, որ նախորդ նիստի ժամանակ էլ փաստաբան Մ. Շուշանյանը դատական նիստի անցկացման վայրը փոխելու մասին միջնորդություն էր ներկայացրել, որը, սակայն, մերժվել էր: Սրանից բացի կային նաև այլ փոփոխություններ: Գործով երեք ամբաստանյալները հրաժարվեցին հանրային պաշտպանի ծառայություններից, և Կարեն Ղալումյանին փոխարինեցին երկու նոր պաշտպաններ` Ազատ Շահբազյանը և Ալվարդ Մնացականյանը: Վերջիններս դատավորից երկու շաբաթ ժամանակ խնդրեցին` գործին ծանոթանալու համար: Այդ միջնորդությունը միանգամից ընդունվեց, և հաջորդ դատական նիստը տեղափոխվեց նոյեմբերի 14:
Քրիստինա Տեր-Մաթևոսյան

Դիտվել է 877 անգամ:
Print Friendly

Leave a Reply