Որոշում է կայացվել` առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխելու եւ նոր մեղադրանք առաջադրելու մասին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 21, 2011 20:13

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազը, վերանայելով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության  դատարանի վարույթում գտնվող  եկեղեցու եւ հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու վերաբերյալ քրեական գործի նյութերը, որոշում է կայացրել մեղադրյալ Ա. Մակվեցյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխելու եւ նրան նոր մեղադրանք առաջադրելու մասին:

Որոշումը հրապարակվել է այսօր` հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ: Նկատի ունենալով նշված քրեական գործի նկատմամբ ձեւավորված հանրության հետաքրքրությունը` ստորեւ ներկայացնում ենք  դռնբաց դատական նիստում հնչեցված որոշման բովանդակությունը:

Այսպես՝  2011թ. մայիսի 15-ին` ժամը 09:00-ի սահմաններում,  Րաֆֆու փողոցի «Սուրբ Երրորդություն» եկեղեցու քահանա Տեր Եսայի Քահանա  Արթենյանը, նկատելով, որ «Եհովայի վկաներ» աղանդավորական կազմակերպության անդամներ Ա. Մակվեցյանը եւ Ս. Գրիգորյանը եկեղեցու բակում զբաղված են երկու քաղաքացիների քարոզչությամբ, մոտեցել է նրանց  եւ խնդրել հեռանալ եկեղեցու տարածքից:

Քրեական գործի նյութերի համաձայն՝  Ա. Մակվեցյանը եւ Ս. Գրիգորյանը հրաժարվել են եկեղեցու բակից հեռանալ եւ վիճաբանել են  Տեր Եսայի Քահանա  Արթենյանի հետ: Տեսնելով, որ նրանք չեն հեռանում` քահանան փորձել է բջջային հեռախոսով նկարել  Ա. Մակվեցյանի եւ Ս. Գրիգորյանի` քարոզչությամբ զբաղվելը: Սակայն Ա. Մակվեցյանը թույլ չի տվել քահանային նկարել` նրա ձեռքից վերցնելով բջջային հեռախոսը: Քահանան փորձել է ետ վերցնել իր հեռախոսը, բայց  Ա. Մակվեցյանը բռունցքով հարվածել է նրա ձեռքին` սպառնալիքներ հնչեցնելով քահանայի հասցեին: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝  Ա.Մակվեցյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, 137-րդ հոդվածի 1-ին մասով եւ 322-րդ հոդվածի 1-ին մասով:

Դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները վկայում են այն մասին, որ բացի վերոհիշյալ հանցավոր արարքները կատարելուց, ամբաստանյալ Ա. Մակվեցյանը կատարել է այլ հանցանք եւս, այն է` վերջինս, քրիստոնեական եկեղեցու նկատմամբ ատելություն դրսեւորելով եւ իր գաղափարախոսությունը քարոզելու շարժառիթից ելնելով, խախտել է քաղաքացի Պարգեւ Բադոյանի` առաքելական եկեղեցուն դավանելու, եկեղեցի այցելելու, ինչպես նաեւ` քահան Տեր Եսայի քահանա Արթենյանի` «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության մեջ իր կրոնի հետեւորդներին ներգրավելու փորձ կատարող անձանց գործողությունները կանխելու իրավունքը:

Ա. Մակվեցյանը, հարվածել է Տեր Եսայի քահանային, ապօրինի վերցրել նրա հեռախոսը, սպառնալիքներ տվել` էական վնաս պատճառելով Պ. Բադոյանին եւ Տեր Եսայի քահանա Արթենյանի օրինական շահերին` խախտելով ՀՀ սահմանադրության 8.1 հոդվածով վերջիններիս վերապահված իրավունքներն ու ազատությունները:

Դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազը որոշել է փոփոխել Ա. Մակվեցյանին առաջադրված մեղադրանքի ծավալը եւ նրան առաջադրել նոր մեղադրանք` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, 137-րդ հոդվածի 1-ին մասով, 322-րդ հոդվածի 1-ին մասով եւ 143-րդ հոդվածի 1-ին մասով:

 

Դիտվել է 957 անգամ:
Print Friendly

Leave a Reply