Դատապարտվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչը
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | October 21, 2011 20:08
Դատարանը հիմնավորված է համարել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքները:
Դատարանը հիմնավոր է համարել մեղադրող դատախազի կողմից ներկայացված ապացույցներն առ այն, որ 2010թ. հունիսի 19-ին` ժամը 01:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Իսահակյան փողոցի «Տրիումֆ» սրճարանի դիմաց ՀՀ քաղաքացի Դ. Քրիստոստուրյանի և ԱՄՆ քաղաքացի Է. Մնացականյանի խոսակցությունը վերածվել է վիճաբանության: Նրանք սկսել են իրար քաշքշել, հայհոյել և հարվածել միմյանց, ինչի հետևանքով Դ. Քրիստոստուրյանը ստացել է մարմնական վնասվածքներ:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչ Գ. Մելիքյանը 2010թ. հունիսի 19-ին ոստիկանություն բերման ենթարկված դեպքի մասնակիցներից և ականատեսներից վերցրել է իրականությանը չհամապատասխանող, փաստական տվյալները էականորեն փոփոխված բովանդակությամբ բացատրություններ` թե իբր վիճաբանողները եղել են Դ. Քրիստոստուրյանը և վերջինիս ընկեր Ռ. Մելիքյանը, ով իրականում դեպքի վայր էր ժամանել վիճաբանության մասին տեղեկանալով, իսկ Է. Մնացականյանը ներկայացվել է որպես նրանց բաժանող: Այսպիսով, տեսուչը, ըստ նախաքննական մարմնի, չի ապահովել քրեական գործի օբյեկտիվությունը, լրիվությունն և բազմակողմանիությունը` հնարավորություն ընձեռելով Է. Մնացականյանին մեկնել Հայաստանից:
Երեւան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Գ. Մելիքյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրեսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Դ. Քրիստոստուրյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով:






Facebook
Tweet This
Email This Post
