Քաղաքապետ Կարեն Կարապետյանն ընդունել է “Ռոստելեկոմ”-ի պատվիրակությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 21, 2011 18:30

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և “Ռոստելոկոմ” ընկերության նախագահ Ալեքսանդր Պրովոտորովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ քննարկվել են քաղաքապետարանի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ռուսական առաջատար ընկերության հնարավոր համագործակցության հարցեր:

Կարևորելով նորագույն տեխնոլոգիաների ներդրման և կիրառման դերը քաղաքային տնտեսության արդյունավետ կառավարման հարցում, Կարեն Կարապետյանը հյուրերին նախ ներկայացրել է “Ռոստելեկոմ”-ի հետ հնարավոր համագործակցության ուղղությունները: Որպես այդպիսիք, քաղաքապետի դիտարկմամբ, կարող են լինել “Անվտանգ քաղաք “, “Էլեկտրոնային քաղաք” և “Ստորգետնյա այլընտրանքային հաղորդուղիների ցանց” նախագծերը, որոնց ուղղությամբ արդեն իսկ որոշակի աշխատանքներ տարվում են քաղաքապետարանի համապատասխան օղակների կողմից:

“Այդուամենայնիվ, իմ խորին համոզմամբ, քաղաքային տնտեսության բոլոր այն ոլորտները, որոնք ունեն բիզնես տրամաբանություն, պետք է կառավարվեն մասնավոր հատվածի կողմից: Այդպիսով հնարավոր կդառնա շատ ավելի արդյունավետ կառավարել ցանակացած ոլորտ, ինչն ակնհայտորեն կբարձրացնի տվյալ օղակում մատուցվող ծառայությունների որակը:”,- նշել է քաղաքապետ Կարեն Կարապետյանն ու հույս հայտնել, որ “Ռոստելեկոմ”-ի հետ ևս փոխշահավետ համագործակցության լայն դաշտ կձևավորվի:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և վստահության համար, “Ռոստելոկոմ” ընկերության նախագահ Ալեքսանդր Պրովոտորովը պատրաստակամություն է հայտնել փոխգործակցել քաղաքապետի նշած նախագծերի շրջանակում և խոստացել առաջիկա ամիսների ընթացքում քննարկան ներկայացնել ընկերության առաջարկների ամբողջական փաթեթը:

“Մեզ համար, ըստ էության, սա կարող է դառնալ Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս գործունեություն ծավալելու առաջին փորձը: Եվ հաշվի առնելով կառավարման մասով Ձեր մոտեցումները, ինչպես նաև Երևանում գործող մեր ռազմավարական գործընկերոջ` “Ջի Էմ Սի Ալֆա” ընկերության առկայությունը, հուսով եմ այդ փորձը կլինի արդյունավետ ու կդառնա օրինակելի:”,-նշել է “Ռոստելոկոմ” ընկերության նախագահը:

Հաշվի առնելով ընկերության “Դատա Կենտրոն”-ներ ստեղծելու մեծ փորձը, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը ռուսական կողմի հետ քննարկել է նաև Երևանի քաղաքապետարանի միասնական տեղեկատվական կենտրոնի ստեղծման հնարավորության, ինչպես նաև երևանցիների համար էլեկտրոնային միասնական ծառայությունների համակարգի ստեղծման ու զարգացման հարցեր:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի

տեղեկատվության և հասարակայնության հետ

կապերի վարչություն

 

Դիտվել է 1008 անգամ:
Print Friendly

Leave a Reply