Կայացել է «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ղեկավար խորհրդի նիստ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 21, 2011 18:18

Այսօր կառավարությունում, վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ, տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ղեկավար խորհրդի հերթական նիստը։

Համաձայն հաստատված օրակարգի քննարկվել և հաստատվել է Հայաստանի Հանրապետության և Նավթարդյունահանող երկրների կազմակերպության (OPEC) միջազգային զարգացման հիմնադրամի (OFID) միջև «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի 2011 թ. հունիսի 8-ին կնքված վարկային համաձայնագրում փոփոխություն կատարելու հարցը:
Հաջորդիվ հավանություն է տրվել «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից ըստ հաստատված համայնքների 2011 թ. իրականացվելիք շինարարական աշխատանքները 2012 թ. տեղափոխելու առաջարկությանը: Այդ համատեքստում արծարծվել է շինարարական աշխատանքներին համայնքների մասնակցության հարցը:
Խորհուրդն ի գիտություն է ընդունել 2011 թ. օգոստոսի 30-ից սեպտեմբերի 17-ը IFAD-ի վերահսկող առաքելության այցելության արդյունքում կազմված հուշագրերի, ինչպես նաև «Հայկական միրգ» բաժնետիրական ընկերության գործարար ծրագրի մշակման նպատակով իրականացված խորհրդատվության ծախսերի վերաբերյալ զեկուցումը: Նիստում որոշվել է հաստատել վերոնշյալ առաքելության շրջանակում «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից հաստատվող մրցույթների ֆինանսական շեմի բարձրացման առաջարկը, ինչպես նաև ԾԻԳ-ի առանձնացված կառուցվածքային ստորաբաժանման կանոնակարգը:
Ի թիվս այլ հարցերի, խորհրդի անդամները քննարկել և հաստատել են նաև «PHP Partners» ՓԲԸ կողմից ստացված` «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» ծրագրի գործողության` 2010 թ. և 2008-2009 թթ. ժամանակաշրջանում հաշվապահական հաշվառման համակարգի վերականգնման աշխատանքների կատարման և «KPMG Armenia» ՓԲԸ կողմից ստացված` 2010 թ. դեկտեմբերի 31-ին աուդիտի ավարտի նպատակով անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսավորման առաջարկությունները` մտքերի փոխանակության ընթացքում արված դիտողություններով և նկատառումներով հանդերձ:

 

Դիտվել է 1307 անգամ:
Print Friendly

Leave a Reply