«Որոշ հասարակական սեգմենտներ թույլ չեն տալիս, որպեսզի բանակի նկատմամբ անվստահության շերտը մաշվի». Գ Հարությունյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | October 21, 2011 14:12

Բանակի հանդեպ այսօր գոյություն ունի հասարակական անվստահություն. պաշտպանության նախարարությանն  առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ չհերքեց այդ փաստը` միաժամանակ նշելով, թե որոշ հասարակական սեգմենտների թույլ չեն տալիս, որպեսզի անվստահության այդ շերտը մաշվի:

Ըստ Հարությունյանի, այսօր առավել շատ գոյություն ունի այդ անվստահությունը հաղթահարելու խնդիր, քանի որ դա վտանգավոր է թե´ բանակի և թե´ հասարակության համար. «Բանակում տիրող իրավիճակը փոխելու պահանջը ոչ միայն հասարակական է, այլ նաև բանակի ներքին պահանջը, սակայն դա մի տեսակ անտեսվում է, ինչն էլ բերում է որոշակի ձևախեղումների` իրավիճակի գնահատման, հաղթահարման, բանակ-հասարակություն համագործակության ապահովման տեսանկյունից,-ասաց նա,-եթե ունենք այս ելակետային սխալը, ապա ստացվում է, որ բանակն ու հասարակությունը հայտնվում են հակադիր դիրքերում»:

Հարությունյանը հայտնեց, թե ըստ վիճակագրության, տարեցտարի նվազում է բանակում մահացության մակարդակը. «Տարեվերջին կհրապարակվի այս տարվա մահացությունների թիվը, և դուք հնարավորություն կունենաք համեմատելու և տեսնելու, որ իսկապես այս տարի էլ է նվազել,-ասաց Հարությունյանը` հասարակության կողմից հակառակը նկատելու միտումը բացատրելով հետևյալ կերպ,-հրապարակայնությունը, տեղեկատվական դաշտը բանակի շուրջ փոփոխվել է` ավելի է մեծացել, բացի այդ, չնայած որ մահացության թիվը նվազել է, սակայն դեպքերի թիվն` ավելացել է»:

Նա վստահ է, որ այսօր պատասխանատու մարմինները քայլեր ձեռնարկում են, որպեսզի նոր տեղի ունեցող դեպքերի հետ կապված քննություններն անաչառ լինեն:

Ըստ Հարությունյանի, միջանձնային հարաբերությունները, ներքին կոնֆլիկտների զարգացման խնդիրները կանխատեսելը, կարգավորելն ու վերահսկելը շատ բարդ գործ է, և լուծումները նա տեսնում է բանակի մասնագիտական ներուժի բարձրացման, մասնագիտական կառույցների ստեղծման, ինչպես նաև մասնագետների ներմուծման հետ. «Այս իրավիճակից ելնելով, օրինակ, մենք առաջարկել ենք կազմակերպել մինչև 35 տարեկան հոգեբանների երկամյա զորակոչ, ինչպես բժիշկների դեպքում է,-ասաց նա,-բացի այդ, պետք է ներդնել սոցիալական աշխատողների ինստիտուտ, որն ուշադրության կենտրոնում կպահի բանակում հարմարվողականության, կոլեկտիվի ձևավորման խնդիրներն ու ներանձնային, միջանձնային հարցերը»:

ՊՆ առընթեր հասարակական խորհուրդը ստեղծվել է 2009 թվականին` բանակ-հասարակություն կապերն ամրապնդելու նպատակով: Ըստ Հարությունյանի, Խորհուրդն աշխատում է երկու հիւմնական ուղղությամբ` հասարակության օժանդակություն բանակին և հասարակական վերահսկողության իրականացում բանակում. «Վերահսկողության գործառույթը մենք դիտարկում ենք` ոպես օժանդակության և ոչ թե վերակացուի գործառույթ, որը պետք է մտրակը վերցնի և մտրակի բանակը,-նկատում է Հարությունյանը,-իսկ ընդհանուր առմամբ, մեր հիմնական նպատակը մեկն է` ամրապնդել բանակի ներքին վերահսկողության մեխանիզմները»:

Հարությունյանը հայտնեց, թե իրենք զորամասերում իրականացնում ենք ստուգայցեր` նախապես կազմված պլանով, մշակված հարցաթերթերով, նախապատրաստված հանձնաժողովի անդամներով` ուշադրության կենտրոնում պահելով այն բոլոր հարցերը, որոնք պայմանավորում են զինծառայողի ինքնազգացողությունը` իրավական պաշտպանվածություն, կենցաղային ապահովվածություն և այլն:

Ինչ վերաբերում է Խորհուրդ և հասարակական կազմակերպություններ շփմանը, ապա Հարությունյանի խոսքով, որոշ կազմակերպություններ ինչ-ինչ պատճառնելորվ խուսափում են այդ համագործակցությունից. «Խորհրդի կազմում ընդգրկվելու համար եղել է հայտարարություն, որին հետևել է 67 հայտ և ընտրվել դրանցից 12-ը: Սակայն այսօր ամենաշատ աղմուկ բարձրացնող և ոչ մի կազմակերպություն հայտ չի ներկայացրել»,-ընդգծեց նա:


Դիտվել է 1876 անգամ:
Print Friendly

Leave a Reply