Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է` 8.0%

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 21, 2011 12:43

2011 թ. հոկտեմբերի 11-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, խորհրդի անդամներ Ահարոն Չիլինգարյանը, Արմենակ Դարբինյանը, Աշոտ Մկրտչյանը, Օլեգ Աղասյանը, Վախթանգ Աբրահամյանը:

Խորհրդի նիստը սկսվեց իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ, որտեղ քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների ընթացիկ զարգացումները: 2011 թ. սեպտեմբերին 12-ամսյա գնաճը նախորդ ամսվա նույն ցուցանիշի նկատմամբ ավելացել է 1.4 տոկոսային կետով և կազմել 6.2%: Տատանումների թույլատրելի միջակայքի վերին սահմանին մոտ կամ դրանից բարձր գտնվելու մեծ հավանականության վերաբերյալ խորհուրդը նախանշել էր նախորդ ամսվա սկզբին և հրապարակել սեպտեմբերի 16-ի մամլո հաղորդագրության (Տոկոսադրույքի արձանագրություն) մեջ: Սեպտեմբերին ևս պարենային ապրանքների գնաճի նպաստումն ընդհանուր գնաճին գերակշռել է` 12-ամսյա կտրվածքով կազմելով 5 տոկոսային կետ, որից միայն 3.4 տոկոսային կետը բաժին է ընկնում մսամթերքի, կաթնամթերքի, ձվի և շաքարավազի գների աճին: Ոչ պարենային ապրանքների գների և ծառայությունների սակագների նպաստումը կազմել է համապատասխանաբար 0.5 և 0.7 տոկոսային կետ:

Ըստ պաշտոնական վիճակագրության` 2011 թ. սեպտեմբերին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.8% գնաճ, որը գրեթե ամբողջությամբ պայմանավորվել է պարենային ապրանքների գների 1.3% աճով (նպաստումը` 0.7%)` ի հաշիվ «Բանջարեղեն և կարտոֆիլ» ապրանքախմբերի գների 7.1% աճի: Ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.5%-ով, իսկ ծառայությունների սակագները` 0.1%-ով:

2011 թ. երկրորդ եռամսյակի համար հրապարակված տնտեսական աճի ցուցանիշը՝ հաշվարկված նոր փոփոխված մեթոդաբանությամբ, կազմել է 3.9%: Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) օգոստոսին կազմել է 9.6%, ընդ որում, աճ արձանագրվել է տնտեսության բոլոր ճյուղերում, բացառությամբ շինարարության: Արդյունաբերության ճյուղում արձանագրվել է թողարկման ծավալների 12.4% աճ, ծառայությունների և առևտրի ոլորտում համապատասխանաբար` 6.1% և 3.6% աճ` ի հաշիվ ֆինանսական և ապահովագրական գործունեության, առողջապահության և կրթության ոլորտների: Գյուղատնտեսության ճյուղի թողարկման ծավալների աճը կազմել է 12.2%` ամբողջությամբ բուսաբուծության ենթաճյուղում արձանագրված 30.5% աճի հաշվին: Շինարարության ճյուղի անկումը կազմել է 18.7%, որի պատճառը, ինչպես նախկինում նշվել էր, միջազգային վարկերի, կազմակերպությունների և բնակչության միջոցների հաշվին իրականացվող շինարարության ծավալների կրճատումն է, ինչը փոքր-ինչ մեղմվել է պետական բյուջեի, համայնքների միջոցների հաշվին իրականացվող շինարարության ծավալների աճով:

Ինչ վերաբերում է արտաքին ապրանքաշրջանառությունը բնութագրող ցուցանիշներին, պահպանվել է արտահանման աճի տեմպը` հունվար-օգոստոսին կազմելով 31.3%: Ներմուծման աճը հունվար-օգոստոս ամիսներին կազմել 10.7%: Ի տարբերություն արտահանման աճի, որ կանխատեսվածի շրջանակներում է, ներմուծման աճը զիջում է կանխատեսումներին:

Հարկաբյուջետային հատվածում շարունակվել են տարեսկզբի միտումները. արձանագրվել են տնտեսումներ ինչպես Կառավարության կողմից երրորդ եռամսյակի համար սահմանված համամասնությունների, այնպես էլ ԿԲ կանխատեսումների նկատմամբ, որը գնաճային միջավայրի վրա թողնում է զսպող ազդեցություն:

Ներկայացվեցին նաև ֆինանսական շուկայի երրորդ եռամսյակի միտումները. ռեպո շուկայում նկատվել է տոկոսադրույքների նվազման միտում. շուկայական ռեպո տոկոսադրույքը հունիսի նկատմամբ նվազել է 0.48 տոկոսային կետով` կազմելով 9.71%, իսկ միջբանկային ռեպո տոկոսադրույքը` 0.28 տոկոսային կետով` կազմելով 9.32%: Միաժամանակ, մինչև 1 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի առաջնային շուկայում հունիսի համեմատ միջին տոկոսադրույքը նվազել է 1.55 տոկոսային կետով և կազմել 8.07%:

2011 թ. սեպտեմբերին արտարժույթի շուկայում դրամի միջին շուկայական փոխարժեքը հունիսի նկատմամբ դրսևորել է հետևյալ միտումները. ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորվել է 0.64 %-ով` կազմելով 372.28 դրամ, Եվրոյի նկատմամբ արժևորվել է 5.04%-ով` կազմելով 513.4 դրամ, ՌԴ ռուբլու նկատմամբ արժևորվել է 10.3 %-ով` կազմելով 12.14 դրամ:

Ֆինանսական շուկայի նշված զարգացումների պայմաններում դրամավարկային ցուցանիշներն արձանագրել են հետևյալ միտումները. չնայած դրամային և փողի զանգվածների 12-ամսյա գրեթե հավասար` 24-25% աճերին, արձանագրվել է դրամային ավանդների առաջանցիկ աճ արտարժութային ավանդների համեմատությամբ` համապատասխանաբար` 41.1% և 23.7%: Երրորդ եռամսյակի ընթացքում արձանագրվել է նույնիսկ արտարժութային ավանդների 2.7% նվազում (բացառելով փոխարժեքի փոփոխության ազդեցությունը): Արդյունքում, եռամսյակի ընթացքում դոլարայնացման մակարդակը նվազել է 0.7%-ով, իսկ 12-ամսյա կտրվածքով` 0.5%-ով: Պահպանվել է նախորդ ամիսներին գրանցված դրամով վարկավորման աճը` 12-ամսյա կտրվածքով` 24%, որը, սակայն, դեռևս զիջում է արտարժութային վարկավորման 40% աճին (բացառելով փոխարժեքի փոփոխության ազդեցությունը): Ընդհանուր վարկավորման աճը դանդաղել է. 12-ամսյա աճը կազմել է 33.9%, մինչդեռ նախորդ ամիս այդ ցուցանիշը կազմել է 37%:

Իրավիճակային հաշվետվության քննարկումից հետո խորհուրդը սկսեց քննարկումներն արտաքին և ներքին մակրոտնտեսական զարգացումների, դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ:

Զարգացած երկրների պարտքային հիմնախնդիրների քաղաքական լուծումների անորոշության պայմաններում սեպտեմբերին համաշխարհային տնտեսական աճի հեռանկարն ավելի վատատեսական դարձավ: Սեպտեմբերին հրապարակված ԱՄՀ հերթական զեկույցում 2011 և 2012 թթ. համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումները նվազեցվել են և կազմում են տարեկան 4-ական տոկոս` պայմանավորված հիմնականում զարգացած երկրների տնտեսական  ակտիվության նվազմամբ: Գնաճի կանխատեսումները ճշգրտվել են զարգացող երկրների հաշվին. զարգացած երկրներում 2011 թ. գնաճը կանխատեսվել է 2.6%-ի շրջանակներում, իսկ զարգացողներում` 7.5%: 2011 թ. ՀՀ գործընկեր երկրներից Ռուսաստանի համար կանխատեսվել է 4.3% տնտեսական աճ և 7.3% գնաճ: ԱՊՀ երկրների և Վրաստանի գնաճը կանխատեսվել է 10%-ի շրջանակներում:

Ինչ վերաբերում է սեպտեմբերին հիմնական հումքայինի և պարենային ապրանքների միջազգային շուկաներին,  նվազել են արդյունաբերական և թանկարժեք մետաղների գները, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից հրապարակված պարենային ապրանքների գների ինդեքսը սեպտեմբերի նկատմամբ նվազել է 2.2%-ով: Չնայած սեպտեմբերին նավթի միջազգային գներն ավելացել են 0.7%-ով, սակայն երրորդ եռամսյակում արձանագրվել է 3.9% անկում:

Խորհուրդն արձանագրեց, որ ներկայումս տնտեսության արտաքին հատվածից եկող ազդակները գնաճային միջավայրի վրա շարունակում են մնալ չեզոք: Սակայն դեռևս անորոշ են մնում զարգացած երկրների հիմնարար անհաշվեկշռվածություններին այդ երկրների մակրոտնտեսական քաղաքականությունների արձագանքները: Վերջիններից կախված  համաշխարհային տնտեսությունը կարող է զարգանալ տարբեր սցենարներով` հետևաբար փոփոխելով գնաճային միջավայրը:

Ինչ վերաբերում է տնտեսության ներսից եկող ազդակներին, դրանք պայմանավորող գործոնները հետևյալ վարքագիծն ունեն. տնտեսական ակտիվության աճի պայմաններում արտադրողականության աճը և անվանական  աշխատավարձի աճը համահունչ են եղել, չնայած երրորդ եռամսյակում հարկաբյուջետային քաղաքականությունն ունեցել է չեզոք բնույթ, սակայն, հաշվի առնելով նաև նախորդ եռամսյակների քաղաքականության լագային ազդեցությունները, այն գնաճային միջավայրի վրա կթողնի զսպող ազդեցություն: Գնաճային միջավայրի վրա դեռևս շարունակում է զսպող ազդեցություն թողնել փետրվար-ապրիլ ամիսներին վերաֆինանսավորման տոկոսադրույքի 1.25 տոկոսային կետով բարձրացումը:

Խորհուրդը գտնում է, որ տնտեսության ներսից եկող ազդակները գնաճային միջավայրի վրա, ընդհանուր առմամբ, զսպող են, երբ հանրագումարի են բերվում աշխատանքի շուկայի, մասնավոր ծախսումների, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների ազդեցությունները: Վերջիններս  հետագայում մեծապես կախված կլինեն նաև արտաքին հատվածի զարգացումներից:

Խորհուրդն ամփոփեց, որ գնաճի վերջին ամիսների զարգացումները համահունչ են 2011 թ. դրամավարկային քաղաքականության ծրագրերում նախանշված հետագծին: Չնայած սեպտեմբերի վերջին գնաճը գերազանցել է տատանումների թույլատրելի միջակայքի վերին սահմանը, սակայն առաջիկա ամիսներին ակնկալվում է դրա աստիճանական նվազում: Սեպտեմբերին վերաֆինանսավորման տոկոսադրույքի 0.5 տոկոսային կետով նվազեցումից հետո ֆինանսական շուկայում ներկայումս ձևավորված և ակնկալվող տոկոսադրույքները, անորոշություններից բխող ռիսկերի չափավոր դրսևորման պարագայում, թույլ կտան ձևավորել համախառն պահանջարկի այնպիսի մակարդակ, որի պարագայում գնաճը կգտնվի 4%±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում:

2011 թ. հոկտեմբերի 11-ի նիստում Խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.0%, լոմբարդային ռեպոյի և ներգրավված միջոցների տոկոսադրույքները` համապատասխանաբար` 11.0% և 5.0%:

 

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

 

Դիտվել է 856 անգամ:
Print Friendly

Leave a Reply