Ես չեմ հավատում, որ Վրաստանի նախագահը նման բան ասած լինի.Արմեն Երիցյան

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 20, 2011 22:05

Արմենպրեսի թղթակցի հարցին, թե ինչպես կմեկնաբանեք Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի արտահայտած կարծիքը Տավուշում տեղի ունեցած սողանքի հետեւանքների վերացման արդյունավետության մասին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը պատասխանել է.
Ես չեմ հավատում, որ Վրաստանի նախագահը նման բան ասած լինի: Ըստ երեւույթին, լրագրողներն են նախագահի խոսքն աղավաղել: Ինքներդ էլ լավ գիտեք, որ Վրաստանը մեզ հարևան ու բարեկամ երկիր է, իսկ Վրաստանի նախագահը շատ լավ տեղեկացված է վտանգներին հակազդելու մեր կարողությունների ու հնարավորությունների մասին:Ինչ վերաբերում է մեր իրականացրած որոնողափրկարարական աշխատանքների արդյունավետությանը, ապա կցանկանայի, որ բոլորն էլ հասկանան, որ իր չափերով սա աննախադեպ սողանք էր, և միջազգային փորձագետներն էլ վկայում են, որ ակտիվ գործող սողանքի և առատ տեղումների պայմաններում ընդհանրապես արգելվում է ծանր տեխնիկայի մուտքը սողանքի մարմին: Այդ իմաստով աննախադեպ էր փրկարարական ստորաբաժանումների մուտքն ակտիվ սողանքային գոտի: Մենք նախ գնահատեցինք իրավիճակը և ձեռնարկելով անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումները` պարանային փոխօգնություն ապահովելուց հետո, սկսեցինք որոնողափրկարարական աշխատանքները: Առաջին երեք օրն աշխատանքները կատարվեցին բահերի, քլունգների, պարանների կիրառմամբ, ձեռքի աշխատանքի միջոցով` օգտագործելով փնտրող շներ և որոնողական հատուկ տեխնիկա: Հենց առաջին իսկ ժամերից դեպքի վայրին էր մոտեցել ծանր տեխնիկան, սակայն, ինչպես նշեցի, այն միայն հետագայում օգտագործվեց ամբողջ ծավալով: Բոլոր աշխատանքներն իրականացվեցին հաշվի առնելով փորձագետների, ինժեներների, սեյսմաբանների և երկրաբանների ուսումնասիրություններն ու եզրակացությունները: Փաստորեն ԱԻՆ-ի հետ միասին աշխատեց հանրապետության նախարարություն-գերատեսչությունների միասնական թիմը և նաև միջազգային փորձագետների կարծիքով` այդ թիմը գործեց օպերատիվ ու պրոֆեսիոնալ:

Դիտվել է 1040 անգամ:
Print Friendly

Leave a Reply