Խոշոր հարկատուներից մեկի դեմ քրեական գործ է հարուցվել

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 20, 2011 20:55

ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների ծառայության քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի դեմ: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրին ՊԵԿ լրատվական ծառայությունից: «Մենք ձեռնպահ ենք մնում գործի մասին մանրամասներ հրապարակելուց` քննության օբյեկտիվությունը ապահովելու նկատառումներով», -փոխանցեցին լրատվական ծառայությունից:

Նշենք, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջե հարկ վճարած 1000 խոշոր հարկատուների ցանկում 5-րդ տեղն է զբաղեցնում` պետբյուջե վճարելով շուրջ 5 մլրդ դրամ:
ՀԷՑ-ից Panorama.am-ին մանրամասնում են` ՊԵԿ-ը գտնում է, որ ՀԷՑ-ը պետբյուջե թերվճարումներ է կատարել շահութահարկի, եկամտահարկի, ԱԱՀ-ի, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի (տույժերի ու տուգանքների հետ միասին) մասով 1,9 մլրդ դրամ ընդհանուր ծավալով:

«Լինելով խոշորագույն հարկ վճարող, աշխատատեղեր ապահովող և արտասահմանյան ներդրումներ կատարող ընկերություններից մեկը`«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը ակնկալում է, որ քննության ընթացքում կպահպանվեն ընթացակարգային բոլոր նորմերը և իրավիճակին օբյեկտիվ լուծում կտրվի»,- հույս ունեն ՀԷՑ-ում: Նրանք միաժամանակ ՊԵԿ-ին կոչ են անում «քննության ընթացքում առավելագույն ուշադրություն դրսևորել»:

ՀԷՑ-ից նաև տեղեկացնում են, որ խուզարկության ժամանակ առգրավվել են այնպիսի փաստաթղթեր, «որոնք կարևոր են ընկերության բնականոն աշխատանքի համար: Այս հանգամանքը կարող է բացասաբար ազդել ՀԷՑ-ի ձմեռային սեզոնի պատրաստությունների եւ սարքավորումների բնականոն աշխատանքի վրա»:

««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը վարչական կարգով բողոքարկում է ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տվյալ որոշումը, քանի որ ներկայացված պահանջները համարում է անհիմն ու օրենսդրությանը հակասող: Ներկայումս բողոքը ուսումնասիրվում է ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովի կողմից», -փոխանցում են ՀԷՑ-ից:

Աղբյուր` Panorama.am

Դիտվել է 1390 անգամ:
Print Friendly

Leave a Reply