Վերնիսաժ` հին վայր, նոր տեսք

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | October 24, 2011 15:00

Երևանցիների ու զբոսաշրջիկների սիրած վայրը վերափոխվո՞ւմ է

1980-ական թթ. կեսերին Երևանում` ներկայիս Մարտիրոս Սարյանի անվան այգում, բացվեց ցուցահանդես` բաց երկնքի տակ: Այն ժամանակ հիմնականում նկարներ էին ցուցադրվում: Այն ստացավ «Վերնիսաժ» անվանումը, որ մատնացույց էր անում վերնիսաժային մշակույթի ձևավորումը Երևանում, հետագայում` ամբողջ Հայաստանում:

Ժամանակի ընթացքում Վերնիսաժը բաժանվեց 2 մասի` նկարիչների մի մասը մնաց Մարտիրոս Սարյանի այգում, իսկ մնացած արվեստագետների ու արհեստավորների համար տեղ հատկացվեց Հանրապետության Հրապարակին կից այգում: Պաշտոնական բացումից շատ ավելի ուշ այս  տոնավաճառը որոշվեց ներկայացնել միայն հանգստյան` շաբաթ և կիրակի օրերին:

Արդեն 31 տարի է, ինչ ամեն շաբաթավերջին շուրջ հազար մարդ Վերնիսաժում վաճառքի է հանում ժամանակակից հայ գեղանկարիչների գործեր, ավանդական ձեռագործ աշխատանքներ, գորգեր, ազգային երաժշտական նվագարաններ, ինչպես նաև պերճանքի առարկաներ, հուշանվերներ, գրքեր և բազմաթիվ հնաոճ իրեր:

Երևանի կենտրոնում գտնվող բացօթյա շուկան հայտնի է թե՛ տեղացիների և թե՛ զբոսաշրջիկների ու այցելուների շրջանում, որոնք գալիս են այստեղ գնելու կամ պարզապես նայելու ցուցադրվող ապրանքները:

Այսօրվա Վերնիսաժի վետերան վաճառողներից մեկը` նկարիչ Գագիկը, որ ավագ սերնդի ներկայացուցիչ է, ասում է. «Սարյանի այգու տարածքը բավական փոքր էր և չէր բավականացնում բոլորիս: Հիշում եմ` անընդհատ կոնֆլիկտներ ու հակասություններ էին առաջանում, տեղ էին տալիս էն վարպետներին, որոնք ունեին նկարիչների միության հովանավորությունը. իշխանությունն այն ժամանակ նախընտրում էր, որ Սարյանի այգում դրված նկարները լինեին նկարիչների միության անդամների աշխատանքները: Իսկ ամեն պատահական մարդ չէր կարող անդամակցել այդ միությանը. դա առավելություն էր (ժպտում է): Որոշվեց ավելի մեծ վայր հատկացնել աշխատողներին ու զերծ մնալ կոնֆլիկտներից: Սա, կարծում եմ, ավելի հարմար ու շահեկան տարբերակ է բոլորի համար»:

Վերնիսաժը թե՛ խորհրդային տարիներին, թե՛ հիմա նվերներ, հուշանվերներ գնելու ամենահարմար վայրն է, քանի որ այնտեղ հիմնականում ցուցադրվում և վաճառվում են հայկական արվեստն ու մշակույթը ներկայացնող ձեռքի աշխատանքներ, զանազան զարդեր…

Տիկին Մարիետան արդեն 20 տարի է, ինչ զբաղվում է ձեռագործով: Ասում է, որ սիրում է իր գործը, և այն հիմնականում գնահատում են արտասահմանցիները: «Չէ՛, չէ,՛ ես իմ ապրանքը չեմ գովերգում ի՜նչ եք ասում: Ուղղակի պետք է ասեմ, որ այստեղ` Վերնիսաժում, վաճառվող բոլոր հուշանվերները առանձնանում են իրենց ինքնատիպությամբ: Այստեղի աշխատանքները նույնությամբ չեն կրկնվում»,-ասում է տիկին Մարիետան:

Դեռ ամիսներ առաջ Երևանի քաղաքապետարանի  որոշմամբ բացօթյա առևտրի արգելքը, ինչպես նաև կանաչապատ տարածքների վերականգնման աշխատանքները հասան նաև քաղաքի կենտրոնում գտնվող այս շուկան` Վերնիսաժ:

Հիշեցնենք, որ տարածքն ուսումնասիրելու համար այստեղ ամիսներ առաջ այցելեց Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Նա դժգոհել է տիրող սանիտարական վիճակից, սակայն հավաստիացրել էր, որ շուկան չի փակվի, ավելին` խոստացել է, որ այն կդառնա մաքուր և գեղեցիկ տարածք: «Վերնիսաժն ունի զբոսաշրջային նշանակություն: Համանման շուկաներ կան նաև աշխարհի շատ այլ քաղաքներում: Մեր առաջադրած հիմնական խնդիրը կանաչ գոտու պահպանությունն է ու սանիտարական նորմալ վիճակի ստեղծումը»,- նշել է քաղաքապետը: Նա ասել է, որ շուտով 300-500 նոր ու բարձրակարգ վաճառասեղաններ կտեղադրվեն: Մենք շրջեցինք ամբողջ տարածքում, բայց նոր ու առավել ևս բարձրակարգ վաճառասեղաններ չգտանք: Կային մի քանի նոր տաղավարներ` նոր հովանոցներով, որոնց համար յուրաքանչյուր վաճառողից գանձվում է 2000 դրամ:

Ասենք, որ ներկայումս Վերնիսաժում վաճառասեղան ունենալու համար վաճառողները 1 քմ-ի համար օրական վճարում են 200-500 դրամ: Հարություն պապիկը վճարումները կատարում է ճիշտ ժամանակին, ասում է` խորհրդային տարիներից մնացել է միայն պարտաճանաչությունը. «Հիմա ասեմ, որ Վերնիսաժը շատ է փոխվել: Այն ժամանակ տեսականին շատ ավելի քիչ էր: Հիմնականում նկարներ էին վաճառում, հետո արվեստի այլ գործեր բերեցին, իսկ այսօր Վերնիսաժում ամեն ինչ կա, բառի բուն իմաստով` ամեն ինչ»:

Նա երբեմն հուսալքվում է, որ օրվա ընթացքում գոնե 500 դրամի առևտուր չի լինում: «Անկեղծ եմ ասում` օրեր են եղել` բացարձակ առևտուր չի եղել, օրեր են եղել` ուզել եմ քեֆ անել: Դե, սա կյանք ա: Ես էս թաղերում մեծացած երեխա եմ, սա իմ օջախի նման մի բան ա: Առանց Վերնիսաժի կյանք չունեմ, ստիպված հին իրերս եմ բերել վաճառում, գրքեր եմ բերել, որ էն ժամանակ շատ դժվար կլիներ գտնել: Բայց դե ես տրտնջացող մարդ չեմ, գոհ եմ»,-նշում է Հարություն պապիկը:

Գուլերմո Բանդասան եկել է Արգենտինայից: Անգլերենին լավ չի տիրապետում: «Ես արդեն մոլորվել էի,- այսպես սկսվեց մեր զրույցը նրա հետ:- Երկու ժամ կլինի արդեն, որ այստեղ եմ: Ինձ իմ լավ ընկերներից մեկն ասաց, որ այստեղ հրաշալի իրեր են վաճառում, իսկ ես փայտե ժամացույցների մեծ սիրահար եմ, հավաքածու ունեմ (ցույց է տալիս իր գնած երկու ժամացույցները), շատ հավանեցի այս վայրը»:

Զբոսաշրջիկը մի փոքր ամոթխածությամբ ասաց, որ Երևանում իրեն շատ են մոտենում մուրացկանները: «15 օր է, ինչ այստեղ եմ, բայց երևի արդեն 150 մարդ ինձ մոտեցել, գումար է ուզել: Զարմանալի էր, նրանց մեջ կային նաև շատ լավ հագնված կանայք, որոնք ևս փող էին մուրում: Իմ սովորության համաձայն` բոլորին էլ ինչ-որ բան թողնում եմ»,- ասաց Բանդասան և շարունակեց զբոսնել Վերնիսաժում:

Իսկ Մերի Ռիչելլան եկել էր Իտալիայից: Պարզվեց` նա էլ նկարների մեծ սիրահար է: «Այցելել եմ գրեթե բոլոր պատկերասրահները: Սկսել եմ Ազգային պատկերասրահից, հետո իմ թարգմանիչն ասաց, որ ՆՓԱԿ կա` արվեստագետ երիտասարդների կենտրոն: Հենց նոր այնտեղ էի»,-արագ-արագ ասում է Ռիչելլան: Իտալուհին հավանում էր հայ նկարիչների աշխատանքները, ասաց, որ մի նկար է գնել` որդուն ծննդյան տարեդարձի առթիվ նվիրելու համար: «Տղաս կենդանակերպի նշանով «ձի» է, մի գեղեցիկ ձիուկ տեսա, շատ դուր եկավ, միանգամից գնեցի: Ես սիրեցի Երևանը, չնայած ցավում եմ, որ չհասցրեցի շատ վայրեր այցելել: Գիտեի, որ Հայաստանը թանգարան է` բաց երկնքի տակ: Ես համոզված եմ»,-նշեց իտալուհի Մերի Ռիչելլան:

Իսկ երևանցի Կարենը եկել էր Վերնիսաժ ֆոտոխցիկի համար նոր օբյեկտիվ գնելու համար: «Այստեղ մի մարդ կա, ես նրան ճանաչում եմ, նրանից եմ հիմնականում գնումներ անում, արդար մարդ է»,- ասում է Կարենը:  Նա Վերնիսաժում հաճախ չի լինում: «Լինում եմ հիմնականում այն դեպքերում, երբ մի քանի շաբաթից պետք է երկրից բացակայեմ: Այդ ժամանակ հուշանվերներ եմ գնում: Իմ հարազատները, որոնք ապրում են արտասահմանում, սիրում են հետաքրքիր, մի քիչ օրիգինալ ձեռքի աշխատանքներ: Միշտ այստեղից եմ գնում, քանի որ նրանց շատ դուր է գալիս»,- ասում է Կարենը:

Երևանցիների ու արտասահմանցիների սիրելի վայրում` Վերնիսաժում, քիչ չեն նաև խնդիրները:

«Թույլ չեն տալիս մեծ հովանոց ամրացնել, անձրևի տակ մի կերպ կանգնում ենք, մինչև տեսնենք, թե զոնտիկների ցիվիլիզացիան մեզ ե՞րբ կհասնի: Ընտանիքիս միակ կերակրողը ես եմ, ուզեմ-չուզեմ ամեն շաբաթ-կիրակի մի կերպ պետք ա դիմանամ, ուրիշ ճար չկա»,- փոքր հովանոցի տակ հորդառատ անձրևից մի կերպ պատսպարվելով` ասում է Վերնիսաժի վաճառողուհի, մասնագիտությամբ բանասեր 65-ամյա տիկին Իզաբելլան:

Չենք կարող չհիշել, որ Վերնիսաժում ամիսներ առաջ առևտուր էր իրականացվում նույնիսկ կանաչ տարածքների համար նախատեսված հատվածում, սակայն այսօր արդեն վերականգնվում են այդ կանաչ տարածքները, որոնք պահպանելու համար լարեր են կապել: Դրանցից այն կողմ անցնողները կտուգանվեն 15.000 դրամի չափով:

Արգելվել է նաև Հանրապետության փողոցից դեպի Հանրապետության հրապարակ ընկած հատվածում առևտուր անելը, որտեղ վաճառվում էին տարբեր պահեստամասեր: Այս արգելքի հետևանքով անգործ է մնացել  մոտ 400 մարդ:

Վերնիսաժում մշակութային արժեք ներկայացնող իրերից փոքր-ինչ հեռու վաճառքի են հանված օգտագործված սպասք, կենցաղային պարագաներ, հագուստ, կոշկեղեն:

Սակայն վաճառողները մտավախություն ունեն, որ արգելվելու է նման ապրանքների վաճառքը, և Վերնիսաժում մնալու են միայն ու միայն մշակութային արժեք ներկայացնող իրերը: «Ես թոշակառու եմ, ստիպված արդեն 10 տարի ա` գալիս եմ էստեղ, հիմա որ էս էլ արգելեն, ինչո՞վ կապրենք: Հասկանում եմ, որ վաճառած ապրանքս, մեղմ ասած, չի համապատասխանում Վերնիսաժի բուն բնույթին, բայց, դե, ի՞նչ անեմ»,- գետնի վրա շուրջ 2 մ երկարությամբ և 50 սմ լայնությամբ փռված հագուստեղենին ու ապակեղենին հայացք գցելով` նշում է նախկին տնտեսագետ տիկին Միլենան: Իսկ նրա հարևան վաճառող 60-ամյա Պողոսն էլ հույս հայտնեց, որ ամեն ինչ լավ է լինելու. «Ոնց էլ լինի, մի բան կանեն, էլի… Կապրենք, կտեսնենք»:

 

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ

 

 

Դիտվել է 3233 անգամ:
Print Friendly

Leave a Reply