Բերեզովսկին և Հովսեփյանը կմնա՞ն հավաքականում

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | October 23, 2011 7:00

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի` Եվրոպայի առաջնությունում պայքարը շարունակելու իրավունքից անարդարացիորեն  զրկվելուց հետո կրքերն աստիճանաբար հանդարտվում են: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը տգետ է անվանել մեր համար ճակատագրական դարձած Իռլանդիա-Հայաստան (1:2) հանդիպման գլխավոր մրցավար Իտուրալդե Գոնսալեսին և հույս հայտնել, որ ներկայացված բողոքից հետո թեկուզ Ռոման Բերեզովսկու ստացած կարմիր քարտը չեղյալ կհայտարարվի:

Մեր  մարզասերների մտահոգությունն այժմ այն է, թե Հայաստանի ազգային հավաքականի 37-ամյա  դարպասապահը արդյոք կմնա՞ ֆուտբոլում, և մեր թիմը չի՞ զրկվի հուսալի խաղացողից: Ի դեպ,  վետերան է նաև Երևանի «Փյունիկի» պաշտպան 38-ամյա Սարգիս Հովսեփյանը: Բերեզովսկին հայտնել է, որ ինքը վերջնական որոշում է կայացնելու մրցաշրջանի ավարտից հետո, երբ այդ մասին զրուցի մերձմոսկովյան «Խիմկի» ակումբի ղեկավարության հետ: Իսկ Հովսեփյանը դեռևս  լռում է: Մինչդեռ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը շտապել է հայտնել, որ ինքը հնարավորն անելու է, որ երկուսն էլ շարունակեն մրցելույթները Հայաստանի հավաքականում:

Իսկ անցումային հանդիպումներին մասնակցելու իրավունք ստացած երջանիկ  հավաքականները պատրաստվում են խաղերի: Խմբային մրցաշարերում 2-րդ տեղեր գրաված 8 թիմերն անցումային մրցամարտերում վիճարկելու են 4 ուղեգիր:

Հայաստանի հավաքականի հետ միևնույն խմբում ընդգրկված Իռլանդիայի ընտրանին առաջին խաղում արտագնա կմրցի Էստոնիայի հավաքականի հետ: Հարաբերությունները կորոշեն նաև Թուրքիայի և Խորվաթիայի, Չեխիայի և Չեռնոգորիայի, Բոսնիա և Հերցեգովինայի ու Պորտուգալիայի հավաքականները: Ընդ որում, Էստոնիայի  և Չեռնոգորիայի ներկայացուցիչներն առաջին անգամ են խաղում անցումային մրցամարտերում: Թիմերը երկուական հանդիպում կանցկացնեն նոյեմբերի 11-12-ին և 15-ին: Անհրաժեշտության դեպքում երկրորդ խաղից հետո լրացուցիչ ժամանակ կտրամադրվի, կնշանակվեն նաև 11 մ-անոց հարվածներ` լավագույնին ի հայտ բերելու համար: Առաջինը նշված հավաքականներն առաջին խաղը կանցկացնեն տանը: Իսկ զույգի հաղթողը կստանա Եվրոպայի առաջնության եզրափակչի ուղեգիր:

Բացի կազմակերպիչ երկրների` Լեհաստանի և Ուկրաինայի հավաքականներից, եզրափակիչ փուլում խաղալու իրավունք արդեն ստացել են խմբերում առաջին տեղը գրաված Իսպանիայի (գործող չեմպիոն), Գերմանիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Հունաստանի, Անգլիայի, Դանիայի և Շվեդիայի (2-րդ տեղը գրաված թիմերից լավագույնը) հավաքականները:

Եզրափակիչ փուլի վիճակահանությունը կկատարվի դեկտեմբերի 2-ին, Կիևում: «Եվրո 2012»-ը կկայանա  եկող տարվա հունիսի 8-ից մինչև հուլիսի 1-ը Ուկրաինայի և Լեհաստանի 8 քաղաքներում:

 

 

 

 

Դիտվել է 1012 անգամ:
Print Friendly

Leave a Reply