Բաքվից հետո Ստամբուլ

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | October 26, 2011 1:00

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայացած բռնցքամարտի աշխարհի առաջնությունից Հայաստանի հավաքականը վերադարձել է առանց մեդալի, սակայն օլիմպիական խաղերի մեկ ուղեգրով: Լավ է դա, թե վատ, դժվար է ասել, սակայն փաստն այն է, որ զբաղեցրած պաշտոնն ազատել է այժմ արդեն Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը:

Նա մրցումների մեկնելուց առաջ հայտնել էր, որ մեր բռնցքամարտիկները պայքարելու են 1-3 ուղեգիր ձեռք բերելու համար: Ստացվում է, որ, այնուամենայնիվ, նվազագույն առաջադրանքը կատարվել է, բայց դա բավարար չի համարվել: Հայտնում են, որ նրան ազատելու վճիռն ընդունվել  է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գործկոմում, առանց հավաքականի մարզչի ներկայության և  հաշվետվություն լսելու: Փաստորեն, որոշումը կայացվել է նաև այնպիսի մարդկանց կողմից, ովքեր Բաքվի տեղն անգամ չգիտեն:

Ի դեպ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը 10 հազար դոլար պարգև է հանձնել օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք ստացած 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանին: Եվ ընդհանուր առմամբ ստացվում է, որ հավաքականի մարզչին շնորհակալությունն այն է եղել, որ նրան զրկել են աշխատելու հնարավորությունից:

Ի դեպ, Բաքվում իսկական արտակարգ իրավիճակ է եղել: Հայաստանի պատվիրակները պարապմունքի են գնացել «ախրանայով», նույն բանն է կատարվել ուտելու, քնելու, զբոսանքի ժամանակ: Մերոնք ասես բանտում են հայտնվել: Սենյակներում սոսկ հեռուստացույց է եղել: Հեռախոսից օգտվել է միայն պատվիրակության ղեկավար, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը:

Առաջնության օրերին ադրբեջանական մամուլում հաղորդագրություններ կային, որ հարձակումներ են կատարվել, քարեր են նետվել Հայաստանի պատվիրակների վրա, սակայն մեր երկրի բռնցքամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչները հերքել են:

Իսկ ահա  վերադարձից հետո մերոնք հայտնում են, որ դահլիճում ադրբեջաներեն և ռուսերեն  այլանդակ բաներ են բղավել: Նետած քարերն էլ դիպել են թիրախ դարձած մեր պատվիրակներից ոմանց, անգամ թիկնապահներով շրջապատված Մեհրաբյանին: Նետված մի քար էլ Անդրանիկ Հակոբյանի հանդիպման ժամանակ հասել է մինչև ռինգ և նրա կողքին ընկել: Իսկ  երբ մերոնք մրցումներն ավարտել են, անմիջապես բոլորին ավտոբուս են նստեցրել և  տեղափոխել կացարան: Այսինքն` նույնիսկ մարզիչները հնարավորություն չեն ունեցել  տեսնելու ռինգում մեր բռնցքամարտիկների մրցակիցներին, ծանոթանալու նրանց կարողություններին:

Առաջնությունը նոր է ավարտվել, հավաքականի ղեկն էլ նոր գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն է ստանձնել, այնպես որ հետևություններ անելու համար դեռ ժամանակ կա:

Բայց հարց կարող է առաջանալ` մրցավայր էր ուղևորվել մեր լավագո՞ւյն մարզիկներով համալրված թիմը: Միանգամից  ասենք`ոչ: Բանն այն է, որ առաջնությունից առաջ պարզ էր դարձել, որ երեք անվանի մարզիկներ, խոսքը տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի, աշխարհի առաջնությունների չեմպիոնների և մրցանակակիրների մասին է, որոշել էին ապրուստ գտնել այլ ճանապարով: Էդիկ Համբարձումյանը, չնայած երիտասարդ տարիքին,  հարազատ Սոչիում մարզչությամբ է զբաղվում: Ազատ Հովհաննիսյանը և Ցոլակ Անանիկյանն էլ պրոֆեսիոնալ ռինգում են բախտ որոնում: Ի  դեպ, վերջին երկուսը հավաքականի նախկին երկրորդ, այժմ արդեն գլխավոր մարզիչ Աղամալյանի սաներն են:

Որևէ մեկին մեղադրելու խնդիր չկա: Հավաքականի բռնցքամարտիկների աշխատավարձը բարձր է: Եվ եթե նրանք հեռացել են, ուրեմն պատճառներ ունեն: Մասնավորապես, Համբարձումյանը շարունակ խոում էր այն մասին, որ Հայաստանում տուն չունի, սակայն հարցն այդպես էլ չլուծվեց: Փաստորեն, մեր հավաքականը տրոհվել էր դեռ աշխարհի առաջնությունը չսկսած:

Անդրադառնանք ևս մեկ տխուր իրողության: Ութ բռնցքամարտիկ էր մրցավայր մեկնել, սակայն ծանրքաշային Արմեն Սիմոնյանն այդպես էլ ռինգ դուրս չեկավ: Առանց որևէ խղճի խայթի հայտարարվել է, որ նա վնասվածք է ստացել Բաքվում: Եթե իրոք այդպես է, ապա մեղքը միայն հավաքականի մարզչինն է, քանի որ պատասխանատու պահին  մարզիկը տուժել է: Սակայն իրականությունն այլ է:

Սիմոնյանը Ուկրաինայից է, իսկ նրա փաստաթղթերը սահմանված կարգով չեն ձևակերպվել: Պահանջվում է, որ  որոշակի ժամանակահատված բռնցքամարտիկը Հայաստանը ներկայացնի, մեկ ուրիշ երկրի հավաքականում հանդես եկած չլինի և այլն: Բայց Սիմոնյանը 2010-ին Ուկրաինայի երիտասարդական հավաքականի կազմում Բաքու էր ուղևորվել և աշխարհի երիտասարդական առաջնության մեկնարկում, որը վարկանիշային էր Սինգապուրի պատանեկան օլիմպիական խաղերի համար, հաղթել էր Ադրբեջանի ներկայացուցչին: Իսկ այս անգամ նա ընդհանրապես ռինգ դուրս գալու թույլտվություն չստացավ: Ընդ որում, պարզվում է` մերոնք մրցավայրում փորձել են փաստերը խեղաթյուրել` ասելով, թե Արմենը մեր մարզիկն է, ուղղակի նրան «տվել ենք» ուկրաինացիներին: Իհարկե, այդպիսի բան չի եղել: Իսկ դրանից արդեն ուկրաինացիներն են զայրացել, քանի որ նրանք են արդեն հարվածի տակ ընկել: Այսպիսի իրավիճակ չէր լինի, եթե նախապես հստակեցվեր` Արմենը  առաջնությանը մասնակցել կարո՞ղ է, թե՞ ոչ:

Ինչ վերաբերում է մեր մյուս մարզիկների մրցելույթներին, ապա  գնահատելը դժվար է: Հովհաննես Բաչկովը (56 կգ) երիտասարդ բռնցքամարտիկ է և հետագայում փորձ ձեռք բերելուց հետո թերևս կարողանա դժվարին պահերին իրեն դրսևորել: Նրա համար ամեն ինչ այս առաջնությունով չի ավարտվում: Հովհաննես Դանիելյանը (48 կգ) և Հրաչյա Ջավախյանը (64 կգ) Եվրոպայի չեմպիոն են, վերջինը նաև օլիմպիական խաղերի մրցանակակիր է, այնպես որ պետք է երկուսն էլ առնվազն լինեին օլիմպիական վարկանիշը լրացրած մարզիկների թվում, սակայն իրենց հնարավորություններից ցածր հանդես եկան: Նույնը կարելի է ասել նաև Եվրոպայի առաջնության մրցանակակիր Վլադիմիր Սարուխանյանի (60 կգ) մասին: Ընդ որում, մերոնք անհասկանալի են պարտվել մրցակիցներին: Օրինակ` Ջավախյանն արդարացում չունի. նա զիջեց չեխ մրցակցին, որն այս տարի Երևանում կայացած ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի սահմանած պարգևների խաղարկության մրցաշարի եզրափակչում ռինգ դուրս չեկավ, խուսափեց մեր մարզիկի հետ մրցելուց: Դանիելյանի համար մեղմացուցիչ հանգամանք կարող է լինել այն, որ նա վնասված ուսով է մասնակցել առաջնությանը: Ընդ որում, դա հայտնի էր դարձել մրցավայր ուղևորվելուց առաջ: Բժիշկները նրան խորհուրդ են տվել վերից չհարվածել մրցակցին, իսկ սահմանափակումները չէին կարող չխանգարել:

Ինչ վերաբերում է կողմնակալ մրցավարությանը, ապա  մեր պատվիրակները միայն երկու դեպք են հիշատակում: Անդրանիկ Հակոբյանը, եթե հաղթեր ռումինացի բռնցքամարտիկին, ապա առնվազն կդառնար բրոնզե մեդալակիր, սակայն մրցավարները չեն թողել, որ նման բան կատարվի: Հավասար մրցամարտի 3-րդ ռաունդում Անդրանիկը հաղթել է, սակայն միավորներով առավելությունը տրվել է նրա մրցակցին: Թերևս դա արվել է այն պատճառով, որ Հեյդար Ալիևի մարզասրահում չբարձրացվի հայկական եռագույնը: Այսինքն` եթե չլիներ այդ անարդարությունը, Հայաստանի հավաքականը մեդալ ունենալու էր: Ի դեպ, Հակոբյանն արել է առավելագույնը:  Սամվել Մաթևոսյանը  (69 կգ) տուժել է ռինգի մրցավարի ոչ անաչառ գործողություններից, և հաղթանակ է տարել Բելառուսը ներկայացնող նրա մրցակիցը:

Խոսակցություններ կան, որ կատարվածից վրդովված` Սամվելը դիմել է մեր պատվիրակության ղեկավարին, որ նա միջամտի, որպեսզի արդարությունը վերականգնվի, և երբ վերջինս հրաժարվել է այդ անել, ռինգից դուրս, մեղմ ասած,  բախում է տեղի ունեցել երկուսի միջև: Վատն այն է, որ դա կատարվել է ադրբեջանցիների ներկայությամբ:

81 կգ քաշային կարգում Եվրոպայի առաջնության մրցանակակիր Արթուր Խաչատրյանը քաշն իջեցրել էր` գերադասելով  75 կգ քաշային կարգում հանդես գալ: Բայց Հակոբյանի հետ Աբովյանում անցկացրած փորձամրցումից հետո, որը դաժան բնույթ է կրել, նա որոշել է վերադառնալ ավելի բարձր քաշային կարգ և լավ մարզավիճակը  մի քանի օրում այդ քաշում վերականգնել չհասցնելով` պարտվել է իրանցի այն մարզիկին, որին համատեղ հավաքների ժամանակ անցկացված փորձամրցումներում հեշտորեն հաղթել է: Ի դեպ, իրանցի այդ բռնցքամարտիկն օլիմպիական  ուղեգրի է տիրացել:

Ինչևէ, օլիմպիական ուղեգիր նվաճելը խաղուպար չի եղել: Մեր հարևան Իրանի հավաքականը, որն ուժեղ բռնցքամարտիկներ ունի, նույնպես մեկ ուղեգրով է բավարարվել: Սահմանակից մեկ այլ երկրի` Վրաստանի հավաքականը, Ֆրանսիայի ուժեղ թիմն ընդհանրապես որևէ արդյունքի չեն հասել, ձեռնունայն են մնացել: Այդպիսի փաստերը շատ են, քանի որ շուրջ 150 երկրների հավաքականներից միայն 32-ն են օլիմպիական խաղերի ուղեգրեր ձեռք բերել:

Հայտնի ճշմարտություն է, որ գետանցի ժամանակ ձիերին չեն փոխում: Օլիմպիական խաղերից առաջ նույն բանը կարելի է ասել նաև հավաքականի մարզչի մասին: Մինչդեռ Ռաֆայել Մեհրաբյանին անմիջապես ազատել են իր զբաղեցրած պաշտոնից: Ընդ որում, այն մասնագետի մասին է խոսքը, որի օգնությամբ Հայաստանի հավաքականը վերջին տարիներին ակնառու առաջընթաց ունեցավ, 2008-ին Պեկինում կայացած օլիմպիական խաղերում էլ մեդալի տիրացավ:

Իմիջիայլոց,  երկրորդ անգամ է Մեհրաբյանն այսպիսի իրավիճակում հայտնվում: 1996-ին` Ատլանտայում կայանալիք օլիմպիական խաղերի մեկնարկից մի քանի ամիս առաջ էլ նա հեռացել էր Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: Հետևանքը եղել էր այն, որ մեր ընտրանին ձախողվել էր: Ընդ որում, այն ժամանակ մեր երկրի հավաքականի պատիվն էին պաշտպանում այնպիսի մարզիկներ, որոնք հայկական բռնցքամարտի հպարտությունն են համարվում: Խոսքը Նշան Մունչյանի, Մեխակ Ղազարյանի, Լեռնիկ Պապյանի, Արթուր Գևորգյանի մասին է:

Իսկ նոր ուղեգրեր ձեռք բերելու առիթ կլինի 2012-ի ապրիլին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարում: Ուշագրավն այն է, որ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ այդ երկրի հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի: Նախապատմությունն այսպիսին է: Աշխարհի առաջնությունը, որը նաև վարկանշային էր, պետք է կայանար Կորեայում, սակայն այդ երկիրը հրաժարվել է այն անցկացնելուց: Եվ առանց մրցության, այդ ստուգատեսի կազմակերպման վայր էր ընտրվել Ադրբեջանը, որը Մարոկկոյում կայացած գործկոմի նիստում շահել էր 2012-ի վարկանշային մրցաշարն անցկացնելու իրավունքը: Դրանից հետո էլ Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարությունը որոշել է, որ օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարի մասնակիցներին պետք է հյուրընկալի Թուրքիան:

Ի դեպ, այս օրերին շատ է խոսվում, անհերքելի փաստեր են ներկայացվում,  որ ադրբեջանցիները կաշառել են,  9 մլն դոլար են տրամադրել Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներին: Ուստի զարմանալի ոչինչ չկա:

 

 

Դիտվել է 830 անգամ:
Print Friendly

Leave a Reply