Աբորտ. սպանություն առանց պատժի

Հարցազրույց | | October 21, 2011 7:35

Հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ուռուցքաբանգինեկոլոգ Վահե ՏերՄինասյանի հետ:

Վահե, վերջերս անընդհատ քննարկվում է սելեկցիոն աբորտների հարցը: Խոսվում է նույնիսկ նախքան երեխայի ծնունդը նրա սեռն իմանալն արգելելու վերաբերյալ օրենքի ընդունման մասին: Հավանակա՞ն եք համարում նման օրենքի ընդունումը:

-Նախ ասեմ, որ ինքս շատ վատ եմ վերաբերվում աբորտներին: Իհարկե, դա կնոջ իրավունքն է, ոչ ոք իրավունք չունի նրա կամքին բռնանալ, բայց փաստ է, որ աբորտը ցածր կուլտուրայի, նաև գիտակցության բացակայության մասին է խոսում: 12 շաբաթականում դա թույլատրելն  արդեն պայմանական է, քանի որ երեխան ի սկզբանե արդեն մարդ է` մի կողմ դրած  եկեղեցու մոտեցումն այս հարցում:

Գործնականում ես ունենում եմ հիվանդներ, ովքեր արել են 30 աբորտ, և դրանից վատ չեն զգում ո՛չ կանայք, ո՛չ էլ նրանց ամուսինները, որոնք հակաբեղմնավորիչներ ընդունելն իրենցից ցածր են համարում:

Բայց գանք օրենքի հնարավոր կամ անհնար լինելուն: Երբ խոսում ենք սելեկցիոն աբորտներից, մի շատ մեծ բացթողում ենք անում: Դա մեր արդեն գոյություն ունեցող օրնսդրական դաշտն է: Բոլոր սեռը որոշած ու հետո կատարված աբորտներն օրենքի խախտումներ են, օրենքով պատժելի արարքներ: Պատժելի են հենց մեր օրենսդրությամբ, որովհետև 12 շաբաթականից հետո արգելվում է աբորտը, իսկ մինչ այդ երեխայի սեռը որոշել չեն կարող:

Միչև 12 շաբաթականը սաղմը սեռ չունի: Գենետիկորեն, այո,  ունի, սակայն մինչև 12-րդ շաբաթը սեռը որոշել չեն կարող, սեռական օրգանները դեռ զարգացած չեն, դրանք զարգանում են 12-րդ շաբաթում, և լավագույն սոնոգրաֆիստները  երեխայի սեռը կարող են ասել 13-րդ և ավելի շաբաթներում: Սեռը որոշած և դրա պատճառով  կատարված աբորտներն արդեն իսկ քրեորեն պատժելի են մեր` արդեն գոյություն ունեցող օրենքով:

Այսինքն` մեր օրենսդրությամբ արդեն իսկ դա կարգավորվում է: Այդ դեպքում ինչու քննարկել մի  հարց, որը պարզապես պետք է կարգավորել:

Օրերս կարդում էի, որ եթե նման օրենք ընդունվի, որը կարգելի երեխայի սեռը որոշել, կբարձրանան կոռուպցիոն ռիսկերը, իսկ դու ուղղակի արգելիր, որ 12 շաբաթականից հետո աբորտ անեն, ավելի ճիշտ` հետևիր, որ օրենքը չխախտվի:   Երկրներ կան, որտեղ կտրականապես արգելված են աբորտները:  Բայց կտրականապես չի կարելի արգելել, քանի որ կան պայմաններ, երբ աբորտ անելն անհրաժեշտություն է: Երբ մայրն առողջական խնդիրներ ունի, բռնաբարության դեպքում և մի շարք այլ դեպքերում, բացի այդ, կարող է ուղղակի  ոչ ցանկալի երեխա լինել, սեռը դնենք մի կողմ:

Հնարավոր է նաև, որ մեկն ունի 5 երեխա ու հասկանում է, որ 6-րդ երեխային ուղղակի չի կարող պահել:  Ես, լինելով գինեկոլոգ, չեմ արել ու չեմ անի: Դա չի նշանակում, որ դատապարտում եմ այն մարդկանց, որոնք անում են աբորտ:

Սելեկցիոն աբորտների զոհ հիմնականում աղջիկներն են դառնում: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ:

– Տան օջախը շարունակելու գաղափարն է հավանաբար: Սրանից 30 տարի առաջ, երբ չկար սոնոգրաֆիա, տղաներ  չէի՞ն ծնվում: 2-3 աղջիկ ունեցիր, հետո` տղա: Այնքան երեխաներ էին ունենում, մինչև տղա էլ էր ծնվում, և դա լավ էր: Նշանակում է` եթե արգելվի սեռը որոշելը, մեխանիկական կերպով  կմեծանա նաև  ծնելիությունը: Իսկ այսօր Հայաստանում շարունակում են իրականացնել սելեկցիոն աբորտներ:

Բայց, չէ՞ որ փաստորեն բժիշկներն են խախտում օրենքը: Ի՞նչ կլինի, եթե բոլոր բժիշկներին, ովքեր կատարում են հղիության արհեստական ընդհատում 12 շաբաթականից հետո, քրեորեն պատժեն:

– Այսօր բժիշկներն ամենաանպաշտպան մարդկանցից են: Եկեք հասկանանք` ինչեր է մարդը ներդնում բժիշկ դառնալու համար, լավ կրթություն ստանալու համար: Բժիշկը նախ սովորում է 12 տարի, տարեկան տալիս մեկ մլն դրամ, հետո վճարվում ամիսը 50-60.000  դրամ, հետո էլ ասում են, թե մի զբաղվիր կոռուպցիայուվ: Դրա համար  բարոյական հիմք ուղղակի չունենք: Երբ կվարձատրեն մարդուն վայել, գիտելիքին համապատասխան, ուրիշ բան, բայց երբ ես տեսնում եմ` կոշիկի խանութում պահանջվում է վաճառողուհի, 20-25 տարեկան, աշխատավարձը` 150 -200 հազար, ուրեմն նման պահանջն ուղղակի չի կարող բարոյական լինել:  Ես չեմ մեղադրի բժշկին, որը հիվանդից վիրահատության համար փող է վերցնում: Այս երկրում դա նորմալ է: Բայց ես կմեղադրեմ նրան, ով 15-16 շաբաթական հղիությունը կդադարեցնի աբորտի միջոցով:  Այդուհանդերձ, պետք է օրենքին համապատասխան վարվել. մեկին պատժես, մյուսը չի անի, որովհետև 12 տարվա սովորածն էլ, անունն էլ «ջուրն է ընկնում», ուրեմն բժիշկներն այդ դեպքում աբորտներ չեն անի:

Կպատմե՞ք` ինչ հետևանքներ կարող է թողնել աբորտը կնոջ առողջության վրա:

– Շատ հաճախ  աբորտից հետո բազմաթիվ հիվանդություններ են զարգանում: Պատկերացրու` քերում ես այդ օրգանը, ծակելու հնարավորություն կա, չբերության հանգեցնող ինֆեկցիաներ, 1000 ու մի խնդիր կա, այդ պատճառով էլ աբորտից հետո որևէ կին այլևս չի կարող համարվել առողջ: Աբորտից հետո պետք է վերացնել դրա հետևանքները:  Բայց դա մարդու ընտրությունն է: Կա օրենք, ու այն չպետք է խախտել:

Բացի այդ, ի տարբերություն այլ վիրահատությունների, այն կատարվում է «կուրորեն», քանի որ բժիշկը չի տեսնում վիրահատական դաշտը, որի հետևանքով էլ հնարավոր է բարդությունների առաջացում։

Աբորտի բարդությունները լինում են վաղ և ուշ։ Վաղ բարդությունները զարգանում են աբորտի ընթացքում կամ անմիջապես դրանից հետո, իսկ ուշ բարդությունները` որոշ ժամանակ, նույնիսկ տարիներ անց։ Աբորտի առավել հաճախ հանդիպող բարդություններից են արյունահոսությունը, արգանդի պարանոցի վնասվածքները, պտղաձվի մնացորդների ոչ լիարժեք հեռացումը արգանդի խոռոչից։

Աբորտի վաղ բարդություններից ամենավտանգավորը արգանդի թափածակումն է (պերֆորացիա), երբ խախտվում է արգանդի պատի ամբողջականությունը։ Այն կարող է հանգեցնել կնոջ կյանքի համար խիստ վտանգավոր հետևանքների` խոշոր անոթների, աղիքների, միզապարկի վնասման։

Աբորտի ուշ բարդություններից են սեռական օրգանների բորբոքային հիվանդությունները, հորմոնալ խանգարումները, ձվարանների դիսֆունկցիան, արտաարգանդային հղիությունը, չբերությունը, հղիության և ծննդաբերության բարդացած ընթացքը։

Իսկ առաջնային աբորտնե՞րը, չէ՞ որ դրանք վտանգավոր են հատկապես առաջնային հղիության դեպքում անկախ 12 շաբաթական հղիությունը:

– Անշուշտ: Մեզնում սեռական դաստիարակության պակաս կա: Տրված ազատությունը, ինֆորմացիան ու գոյություն ունեցող բարքերը մեկը մյուսի հետևից չեն հասնում: Եթե նախկինում  սեռական կյանքով ապրում էին 18-20, ապա հիմա` 14-15 տարեկանից սկսած:  Անելն անում ենք, բայց  դա ընկալելուն, չթաքցնելուն  չենք հասել, բժշկի գնալուն անգամ չենք հասել, ու շատ  հաճախ ուղղակի վտանգավոր միջոցների են դիմում անցանկալի երեխայից ազատվելու համար:

Պարզապես պետք է հիշել, որ հիմա սեռական կյանքով նաև ավելի վաղ են զբաղվում, և դրա հետ կապված` կան դեպքեր, երբ անչահասներն էլ են հղիանում:   Իհարկե, ամեն դեպքում կնոջը տեղյակ պահվում է, որ առաջնային հղիությունը վտանգավոր է. հնարավոր է` կինն այլևս չկարողանա երեխա ունենալ: Շատ գինեկոլոգներ կան, որ հրաժարվում են առաջին հղիությունն աբորտ անելուց:

Իսկ Հայաստանում աբորտների հետ կապված պատկերն ինչպիսի՞ն է:

Համաձայն Հայաստանում անցկացված հետազոտությունների տվյալների (2005 թ.)` Հայաստանում կանայք իրենց ողջ վերարտադրողական կյանքի ընթացքում կատարում են միջինը 1,8 աբորտ: Սակայն աբորտն առաջին հերթին  բիզնես է Հայաստանում, ու այն միանգամից արգելելը շատ դժվար կլինի:

 

Հ.Գ. Հղիության արհեստական վիժեցումները կարող են պայմանավորված լինել տարբեր պատճառներով, բայց այն անելուց առաջ  բժիշկները հիշեցնում են.

Բեղմնավորումից

18 օր անց սկսում է բաբախել փոքրիկի սիրտը, ձևավորվում են գլխուղեղը, ողնուղեղը և նյարդային համակարգը։

21-րդ օրը սկսում է գործել սեփական արյունատար համակարգը. երեխայի արյունը չի խառնվում մոր արյան հետ, և կարող է լինել այլ խմբի։

4-րդ շաբաթում ձևավորվում են ողնաշարը, ձեռքերը, ոտքերը, աչքերը, ականջները։

5-րդ շաբաթում, պիգմենտի ի հայտ գալու հետ, մգանում են աչքերը։

6-րդ շաբաթում հնարավոր է կատարել երեխայի գլխուղեղի էնցեֆալոգրամմա։ Այս ժամկետում նրա հասակը հավասար է 4,5 սմ-ի։

8-րդ շաբաթում երեխան կարող է ծծել մատը, արձագանքում է մոր որովայնի հպումներին, չնայած 18-20-րդ շաբաթում է մայրը սկսում զգալ երեխայի շարժումները:

10-11-րդ շաբաթում երեխան իր չափերով չի գերազանցում հոր ճկույթը, սակայն նա արդեն ունի մատնահետքեր, շարժում է աչքերն ու լեզուն, կարող է կնճռոտել ճակատը ու կկոցել աչքերը։

12-րդ շաբաթում փոքրիկն ընկալում է լույսը, ջերմությունն ու աղմուկը, քնում է, արթնանում, մարզում մկանները` թեքելով գլուխը, ծալելով ոտքերի և ձեռքերի մատերը։

14-րդ շաբաթում երեխայի սիրտն օրական մղում է 24 լիտր արյուն։ Եթե մոր որովայնին ուղղեն լույսի աղբյուրը, փոքրիկը ձեռքերով փակում է դեմքը…

 

Հարցազրույցը վարեց Մարիամ Մուղդուսյանը

 

 

Դիտվել է 4763 անգամ:
Print Friendly

Leave a Reply