Մի նոր դրվագ Ֆիզիկայի ինստիտուտի ոդիսականից
ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | ankakh | October 21, 2011 14:00
Ֆիզիկայի ինստիտուտը հիմնադրամ դարձնելու շուրջ ծագած թնջուկը նոր չէ և «Անկախ» թերթն արդե երկու անգամ անդրադարձել է այդ խնդրին:
Իսկ այսօրվա հարցազրույցը ԿԲ նախագահի տեղակալ, «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի (նախկին ֆիզիկայի ինստիտուտի) հոգաբարձուների խորհրդի ապագա նախագահ Ներսես Երիցյանի հետ պիտի որ շատ հարցերի պատասխան տա: Թեև նորաստեղծ հիմնադրամի կանոնադրությունն արդեն հաստատվել է,բայց հոգաբարձուների խորհրդի նախագահը դեռ չի ընտրվել:
–Պրն Երիցյան, ֆիզիկայի ինստիտուտը հիմնադրամ դարձնելու գաղափարը ինչո՞վ է պայմանավորված, և ի՞նչ ճակատագիր է սպասում կոլեկտիվին:
– Ցանկացած փոփոխություն հետաքրքրություն է առաջացնում: Կազմակերպչական առաջին փոփոխությունը տեղի ունեցավ 2009-10 թթ., երբ Երևանի ֆիզիկայի ինստիտուտը որակավորվեց որպես ազգային գիտական լաբորատորիա: Այդ ժամանակ էլ տարաձայնություններ եղան: Տևական ժամանակ անցավ, մինչ մարդիկ հասկացան ու հարմարվեցին դրան: Ողջ փոփոխությունն այն է, որ ինստիտուտը նախկինում ՊՈԱԿ-ի կարգավիճակ ուներ (պետական ոչ առևտրային կազմակերպություն): Իսկ ՊՈԱԿ-ի և հիմնադրամի առնչությամբ կառավարման առումով մի կարևոր խնդիր կա, որը միջազգային խորհրդատուներն են առաջ քաշել: Պիտի ստեղծվի կառավարման կամ հոգաբարձուների խորհուրդ, իսկ կոլեգիալ մարմինը, որը ՊՈԱԿ-ի մասին օրենքն է առաջ քաշում, ավելի շատ խորհրդատվական մարմին է: Կառավարման լավագույն փորձից ելնելով` կոլեկտիվի ներկայացուցիչները պետք է այդ խորհրդում լինեն: Եթե կոլեկտիվի ներկայացուցիչները խորհրդի անդամ պիտի լինեն, նշանակում է, որ նրանք առօրյա գիտությամբ չպետք է զբաղվեն: Այսինքն` աշխատող, աշխատավարձ ստացող մարդը չի կարող խորհրդում լինել, խոսքն, իհարկե, պրոֆեսիոնալ կառավարման խորհրդի մասին է, բայց դա չի նշանակում, որ այդ խորհրդում ֆիզիկայից հեռու մարդիկ պիտի լինեն: Եվ երկրորդ` ՊՈԱԿ-ների մասին օրենքում լիազոր մարմինը կարող է ավելացնել կամ պակասեցնել խորհրդի լիազորությունները, ընդունել կամ չընդունել նրա որոշումները, ինչն էլ սահմանափակում է պրոֆեսիոնալ, հեղինակավոր մարդկանց գործունեությունը:
– Բայց չմոռանանք, որ ֆիզիկա անունը հանվում է շրջանառությունից:
-Չի հանվում: Ըստ կանոնադրության` հիմնադրամը կոչվում է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ հիմնադրամ):
– Ովքե՞ր կլինեն հիմնադրամի խորհրդի կազմում: Մի քանի անուն կարո՞ղ եք հրապարակել:
– Այո, օրինակ` միջազգային խորհուրդն առաջարկել է, որ կառավարման խորհրդում պետք է հեղինակավոր մարդիկ լինեն, ինչպես արդյունաբերության ոլորտից, այնպես էլ ակադեմիայից ու համալսարանից: Անուններ չեմ ուզում տալ, որովհետև կրթության և գիտության նախարարը պետք է հարցը քննարկի և վարչապետին առաջարկ ներկայացնի:
–Կրթության, գիտության նախարարությունն ի՞նչ գործ ունի, երբ ինստիտուտն էկոնոմիկայի նախարարության հաշվեկշռում է:
– Դուրս է եկել: Որոշում է եղել, որի արդյունքում լիազոր մարմինը փոխվել է, Էկոնոմիկայի նախարարությունից կրթութուն է տեղափոխվել, որն ավելի ֆունկցիոնալ է: Արդյունքում կբարելավվի կառավարումը` այն համապատասխանեցնելով միջազգային լավագույն փորձին:
– Իսկ ինչո՞ւ ոչ ակադեմիա, այլ կրթության և գիտության նախարարություն:
– Որովհետև ազգային լաբորատորիան պետության ռազմավարական խնդիրն է լուծում և ուղղակիորեն պետք է լինի կառավարության ենթակայության տակ:
Այս ծրագիրը նախաձեռնել եմ ես` դեռ նախարար եղած ժամանակ: 2009 թ. հուլիսի ծրագիր է: Խորհրդակցելով ինստիտուտի տնօրինության և գիտաշխատողների հետ` համոզեցինք Յուրի Հովհաննիսյանին 10 աշխարհահռչակ գիտնականների խումբ հավաքել`մեզ հետ համագործակցելու նպատակով:
– Ո՞վ է Յուրի Հովհաննիսյանը:
– Նա շատ հայտնի գիտնական է, ֆիզիկոս, Դուբնայի միջուկային ռեակտորների ինստիտուտի լաբորատորիայի գիտական ղեկավար և լուրջ հայտնագործությունների հեղինակ: Հավատացած եմ, որ նրա գիտելիքները, կապերը շատ կօգնեն մեզ հասկանալու, թե ինչպես կարելի է մրցունակ գիտական լաբորատորիա կառուցել: Եվ նրա օժանդակությամբ աշխարհահռչակ այս տասը գիտնականները, որոնք ունեն նաև կառավարչական մեծ փորձ, ղեկավարում են նման ազգային լաբորատորիաներ, մեզ հետ համագործակցելու համաձայնություն տվեցին:
– Մի երկու անուն կտա՞ք:
– 10 հոգանոց միջազգային խորհրդի կազմին կոլեկտիվը ծանոթ է: Կառավարությունը խորհրդակցել է ինչպես աշխարհահռչակ, այնպես էլ մեր գիտնականների հետ: Մեծ քննարկումներ են եղել: Առաջին քննարկումը նվիրվեց այն հարցին` արդյոք ազգային լաբորատորիա՞ պիտի լինի, թե՞ մնա որպես ինստիտուտ: Առաջինը շատ ավելի մեծ, ժամանակակից հասկացություն է, քան գիտահետազոտական ինստիտուտը: Ազգային լաբորատորիան համատեղում է ինչպես ֆունդամենտալ, այնպես էլ կիրառական գիտությունը և պետության համար ռազմավարական խնդիրներ է լուծում: Դա ամենևին էլ մասնավոր կառույց չէ:
– Այնուամենայնիվ, ինչո՞ւ հիմնադրամ:
– Կազմակերպական ձևը բովանդակությունից պետք է տարանջատել: Փոփոխության հիմնական խնդիրը կառավարման լավագույն փորձի ներդրումն է, որն այս պահին ՊՈԱԿ-ի մասին օրենքը թույլ չի տալիս իրականացնել և երկրորդ` ինչպես միջազգային, այնպես էլ պետական ու մասնավոր համագործակցության ընդլայնումը, որը ՊՈԱԿ-ի մասին օրենքը նույնպես թուլացնում է և ահագնացնում բյուրոկրատիան:
– Հավատացա՞ծ եք, որ հիմնադրամը կառավարման լավագույն տարբերակն է, կոլեկտիվը հակառակն է պնդում, որ դա հակասում է գիտական ու գիտատեխնիկական գործունեության մասին օրենքին, որ դրանով պետական կազմակերպությունը մասնավոր իրավաբանական սուբյեկտի է վերածվում :
– Հայաստանում գոյություն ունեցող կազմակերպա-իրավական ձևերից միակը շահույթ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող հիմնադրամներն են:
– Լավ, արդյունքում շահույթ չհետապնդող հիմնադրամ ունենք, որի գործունեությունը մեծ գումարներ, ֆինանսներ է պահանջում, ուրեմն բնական հարց է ծագում` ի՞նչ միջոցներով պիտի զարգանա այդ գիտությունը :
– Խոսքն ի՞նչ գործընթացի է վերաբերում:
– Ինչո՞վ պետք է զբաղվի նորաստեղծ հիմնադրամը:
– Այն իր ռազմավարությունն ունի և հենվում է միջազգային գիտական խորհրդի կողմից արված առաջարկությունների վրա: Այսօր արդեն նոր եռամյա ռազմավարությունը պիտի կյանքի կոչվի, ըստ որի միջազգային խորհուրդը կառավարությանն առաջարկել է առնվազն կրկնապատկել ինստիտուտի բյուջեն: Եվ կրկնապատկված այդ ողջ գումարը ֆունդամենտալ գիտության զարգացմանը կտրամադրվի:
– Ասվում է, թե բժշկական իզոտոպներ են պատրաստվելու:
– Դա առանձին ծրագիր է, որը կապ չունի ֆիզիկայի ինստիտուտի հետ: Դա հերթական թյուրըմբռնում է: Կառավարության որոշումը եթե կարդաք, գիտության և կրթության նախարարին հանձնարարում է բանակցել Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի հետ, որպեսզի համագործակցության պայմանագիր կնքվի այդ իզոտոպների արտադրության կենտրոնի հետ, որը առանձին բաժնետիրական ընկերություն է և առանձին ծրագիր ունի: Գաղափարը ծնվեց ինստիտուտից, բայց դա ֆունդամենտալ գիտության ֆինանսավորման հաշվին տեղի չի ունենալու: Դա նոր ներդրումային հնարավորություններ է բերում և գիտնականներին հնարավորություն տալիս իրականացնելու հետագայում այդ ուղղությամբ համատեղ ծրագրեր:
– Իսկ տեսադաշտում այդ ծրագրերը ֆինանսավորողներ կա՞ն:
– Նախ` պետք է ինքնակազմակերպվել: Երկրորդ` կառավարման ճիշտ մոդել ընտրել: Եղած պոտենցիալը այնպես դրսևորել, որ մարդիկ հասկանան` ինստիտուտը հիմնարար գիտության բնագավառում կարող է մրցունակ ապրանք տալ, որից հետո մտածել այդ մասին: Այո, կան մարդիկ, որոնք պատրաստ են աջակցելու: Նման հնարավորություն ունեցող մի քանի մարդ կլինի կառավարման խորհրդում: Չմոռանանք, որ պետությունը կրկնապատկել է ինստիտուտի բյուջեն, որպեսզի ֆունդամենտալ գիտությունը` հատկապես փորձարարական մասով, առաջընթաց ապրի:
– Ի՞նչ ճակատագիր է սպասում բազմանդամ կոլեկտիվին:
– Մի բան հստակ է, որ գիտնականները պետք է աշխատեն և վարձատրվեն իրենց ստեղծած արդյունքի դիմաց: Միջազգային չափորոշիչներ կան: Հիմնադրամի գիտական խորհրդի որոշմամբ բոլոր գիտնականները պետք է իրենց կատարողականներն ունենան: Բայց դա չի նշանակում, որ ամեն տարի արդյունք պետք է լինի, որովհետև գիտությունը, հատկապես հիմնարար, կարող է տասնյակ տարիներ մի խնդրով զբաղվել: Այնպես որ կոլեկտիվի մրցունակ անդամները կշարունակեն աշխատել: Կփոխվի այն, որ կհասկանան, թե ինչ արդյունք են ստեղծել և ինչի համար են վարձատրվում: Ժամանակի ընթացքում կոլեկտիվը նաև պետք է երիտասարդացվի:
– Մտավախություններից մեկն էլ այն է, որ հիմնադրամը ժամանակի ընթացքում կարող է սեփականացնել ինստիտուտի գույքը, և ինստիտուտից բան չմնա:
– Նախ` ՊՈԱԿ-ից հիմնադրամի վերածվելով` ինստիտուտը մասնավոր իրավունքի սուբյեկտ չի դառնում: Այն անդամություն չունեցող հիմնադրամի կարգավիճակ է ձեռք բերում, որի միակ հիմնադիրը պետությունն է: Իսկ դա նշանակում է, որ այն պետական հիմնադրամ է դառնում: Այդ կետը հստակ ամրագրված է կանոնադրությունում: Մասնավոր իրավունքի սուբյեկտ չէ: Կանոնադրությունում մի կետ էլ կա, ըստ որի` կանոնադրությունում փոփոխություններ կատարելն առանց կառավարության, անհնար է: Այնպես որ, սեփականության իրավունքի պահպանման շատ ավելի լուրջ դրույթներ են ներառված, քան նախկինում էր: Ինստիտուտի գույքը կարող է վաճառվել միայն ՀՀ կառավարության համաձայնությամբ:
– Շատ նպատակներ է իր առջև դրել հիմնադրամը:
– Կանոնադրական երեք նպատակ, որը կարող է միայն կառավարությունը փոխել: Դրանք են. գիտական ու գիտատեխնիկական, գիտատեխնոլոգիական և նորարարական (ինովացիա) գործունեության իրականացում, ինչպես նաև`բարձր որակավորման գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստում: Հիմնադրամն այլ նպատակ չունի և չի կարող ունենալ: Իսկ շահառուները, ըստ էության, գիտական, համալսարանական և գիտատեխնոլոգիայի բնագավառի մարդիկ կլինեն:
– Մեկ անգամ ևս ճշտենք. ովքե՞ր են հիմնադիրները:
– Հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս կառավարության: Այն էլ ասեմ, որ հողի, գույքի և գիտական ենթակառուցվածքների նկատմամբ ազատ տնօրինման իրավունքները կառավարությունը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ձեռքից վերցրել է:
Հարցազրույցը վարեց
Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆԸ






Facebook
Tweet This
Email This Post
