Թե ով և ինչպես պետք է վճարի ապահովված ծերության համար

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | October 25, 2011 7:00

Յուրաքանչյուր մարդու համար կարևոր է իր համար ապահովել բարեկեցիկ և անհոգ ծերություն: Այդ իսկ պատճառով էլ մարդիկ իրենց ամբողջ կյանքի ընթացքում միջոցներ են կուտակում անհոգ ու բարեկեցիկ ծերություն ունենալու համար:

Հայաստանի Հանրապետությունը` որպես ժողովրդավարական արժեքներին հետևող երկիր, իր սահմանադրությամբ Հայաստանը հռչակում է ազատ, անկախ և սոցիալական պետություն: Այդ «սոցիալական» ձևակերպումը ենթադրում է, որ մեր  երկրի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի սոցիալապես պաշտպանված լինելու, և պետությունն էլ դրա երաշխավորն է:

Սոցիալական ապահովության և պաշտպանվածության մի շատ կարևոր բաղադրիչ է կենսաթոշակային համակարգը, այսինքն` մարդկանց արժանապատիվ ու սոցիալապես պաշտպանված ծերություն ապահովող հիմնական գործոնը: Դասագրքային ճշմարտություն է, որ բարեկեցիկ և արժանապատիվ ծերություն ունենալու համար անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել դեռևս երիտասարդ տարիքից, միջոցներ խնայել ու կուտակել` ծերության տարիներին դրանք օգտագործելու նպատակով: Դրա համար աշխարհի բոլոր երկրներում գործում են կենսաթոշակային համակարգեր: Ընդ որում, մեկ ընդհանուր մոտեցում չկա, թե ինչպես պետք է կուտակել ծերության տարիներին բարեկեցության երաշխիք  համարվող միջոցները:

Հայաստանում ներկայումս գործում է սերունդների համերաշխության սկզբունքի վրա հիմնված բաշխողական կենսաթոշակային համակարգ: Անհատ ձեռներեցները, վարձու աշխատողները և նրանց գործատուները կատարում են սոցիալական ապահովության պարտադիր վճարներ, որոնք ուղղվում են պետական բյուջե: Կենսաթոշակները ֆինանսավորվում են պետական բյուջեի ընդհանուր եկամուտներից: Հայաստանում նվազագույն կենսաթոշակ համարվում է այն գումարը,  որը պետությունը վճարում է իր այն տարեց քաղաքացիներին, որոնք աշխատանքային ստաժ չունեն: Կախված նրանից, թե կենսաթոշակ ստացող անձն իր աշխատանքային տարիներին ինչպիսի աշխատանք է կատարել, քանի տարվա աշխատանքային ստաժ ունի, ինչ պաշտոն է զբաղեցրել կամ ինչ կոչում ունի, կենսաթոշակի արժեքը կարող է բարձրանալ:

Իհարկե, կարող է հակասություն առաջանալ նվազագույն և առավելագույն չափով կենսաթոշակ ստացողների միջև, քանի որ առաջին հայացքից թվում է, թե խախտված է արդարության և սոցիալական հավասարության նախապայմանը: Սակայն միայն առաջին հայացքից: «Նվազագույն կենսաթոշակի չափը սոցիալական կենսաթոշակն է, որը կազմում է 10 հազար 500 դրամ: Սոցիալական կենսաթոշակն այն գումարն է, երբ մարդը հասել է 65 տարեկանի և չունի աշխատանքային ստաժ: Առավելագույն կենսաթոշակի սահման չկա: Բարձր է համարվում 60-70 հազար դրամը, բայց ավելի հստակ չեմ կարող ասել: Այստեղ արդարության կամ անարդարության հարց չկա, եթե մարդն ունի աշխատանքային ստաժ, ապա ինչքան բարձր է այդ ստաժը, այնքան էլ բարձր է նրա կենսաթոշակի չափը: Նա, ով ընդհանրապես չի աշխատել, ստանում է սոցիալական կենսաթոշակ»,- հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության բաժնի պետ Ռոզա Մկրտչյանը:

Կառավարությունում կարծում են, որ արդար չէ, երբ մեկն իր ամբողջ կյանքում աշխատում ու համապատասխան միջոցներ է մուծում համապատասխան տեղ, իսկ մյուսը չի աշխատում, և վերջում երկուսն էլ ստանան միևնույն մեծության կենսաթոշակ: Պետք է նշել, որ, օրինակ, պետական բարձր պաշտոններ զբաղեցրած անձինք, մասնավորապես` նախկին դատավորները ստանում են անհամեմատ ավելի բարձր թոշակ: Այդ թոշակի չափը երբեմն կարող է հասնել 700 հազար դրամի:

«Դատավորների կենսաթոշակները հաշվարկվում են ինչպես բոլորինը` պետական կենսաթոշակների մասին օրենքով: Ուղղակի պետությունը նրանց տալիս է հավելավճարներ` իրենց զբաղեցրած պաշտոնի համար սահմանված դրույքաչափի 55 տոկոսին համապատասխան չափերով: Այսինքն` նրանց կենսաթոշակի և այդ 55 տոկոսի տարբերությունը վճարվում է պետբյուջեից: Այդ հավելավճարները շատ տարբեր են, կարող են լինել 300 հազար դրամից մինչև 700 հազար դրամ, նայած թե նրանց դրույքաչափն ինչքան է եղել, ինչ պաշտոն են զբաղեցրել»,- պարզաբանեց կենսաթոշակային ապահովության բաժնի պետ Ռոզա Մկրտչյանը:

Հարց է ծագում` իսկ որքանո՞վ է արդար, որ մարդը, որն իր կյանքի ամբողջ ընթացքում կանգնել է հաստոցի առջև կամ գյուղատնտեսական ծանր աշխատանք է կատարել, ստանա ավելի քիչ կենսաթոշակ, քան այն մարդիկ, ովքեր ընդամենը մի քանի տարի աշխատել են տաքուկ առանձնասենյակներում` փափուկ թիկնաթոռներին: Առավել ևս, երբ մեր դատարանների և դատավորների արդարությանը հասարակությունն այնքան էլ չի վստահում: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ այսօրվա պայմաններում մեր պետությունն ի վիճակի չէ բոլոր ցանկացողներին ապահովել աշխատանքով, ապա պետության այդ մոտեցումը, կարծես, իր իմաստը կորցնում է: Այսինքն` մարդն ինչո՞վ է մեղավոր, որ պետությունը չի կարողացել աշխատատեղեր և աշխատանք ապահովել, ու ինքն էլ դրա հետևանքով չի կարողացել համապատասխան սոցվճարումները կատարել:

Ինչևիցե, կառավարությունը հավատարիմ է մնում իր դիրքորոշմանը և պատրաստվում է համապատասխան միջոցառումներ իրականացնել իր նշած «անարդարությունը» վերացնելու ուղղությամբ: Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջում նշվում է. «ՀՀ կառավարությունը նախաձեռնել և իրականացնում է արմատական կենսաթոշակային բարեփոխումներ, որի արդյունքում ներդրվել է բազմաստիճան կենսաթոշակային համակարգ, որը գործող բաշխողական բաղադրիչից բացի, ներառելու է ևս երկու կենսաթոշակային բաղադրիչներ` պարտադիր կուտակային և կամավոր կուտակային»:

Պարտադիր կուտակային բաղադրիչը կսկսի գործել 2014 թ. հունվարից: Պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կերպով մասնակցելու են 1974 թ. հունվարի 1-ից հետո ծնված վարձու աշխատողները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները:

Պարտադիր կուտակային բաղադրիչին կարող են կամավորության սկզբունքով մասնակցել նաև մինչև 1974 թ. ծնված վարձու աշխատողները և հանրային ծառայության մեջ գտնվող անձինք, նոտարները, անհատ ձեռնարկատերերը և  ինքնազբաղվածները` անկախ տարիքից: Պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր միանալու որոշումը վերջնական է:

Կենսաթոշակային բարեփոխումների շրջանակում փոփոխությունների է ենթարկվում նաև հարկային համակարգը: 2013 թ. հունվարի 1-ից ներկայումս գործող եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարի փոխարեն գործելու է մեկ միասնական` եկամտային հարկ: Անձի աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտային հարկը և պարտադիր կուտակային վճարը հաշվարկվելու և փոխանցվելու են գործատուների կողմից: Յուրաքանչյուր մասնակցի համար մասնակիցների ռեեստրը վարողի կողմից բացվելու է անհատական կենսաթոշակային հաշիվ` կատարված խնայողությունների համար: Կենսաթոշակային խնայողությունները ներդրվելու են արժեթղթերում` բաժնետոմսերում, պարտատոմսերում, բանկերում` ավանդների տեսքով և այլն: Դրանցից ստացված եկամուտները նույնպես կուտակվելու են անձի կենսաթոշակային հաշվին:

Հենց այստեղ ի հայտ է գալիս մի սուր անկյուն, թե ինչպես է պետությունը երաշխավորելու, որ այդ հիմնադրամներում կամ համապատասխան մարմիններում կուտակված դրամական միջոցները բարեխիղճ տնօրինվեն: Սակայն դա այլ հարց է: Իսկ այս տեսակետին ի պատասխան` կառավարությունն առաջարկում է հետևյալ միջոցը. «Անձն ինքն է ընտրելու և հետագայում ցանկության դեպքում փոխելու այն ֆինանսական կազմակերպությունը, որն իրականացնելու է կենսաթոշակային խնայողությունների կառավարումը»:

Պարտադիր կուտակային վճար կատարելու պարտականությունը պահպանվում է մինչև կենսաթոշակային տարիքը` 63 տարին լրանալը:

Կենսաթոշակային համակարգում 2011 թ. հունվարից արդեն իսկ գործում է մեկ այլ` կամավոր կուտակային բաղադրիչը, որի մասնակից կարող է լինել 16 տարին լրացած ցանկացած անձ` առանց տարիքային սահմանափակման: Այս դեպքում անձը, ի լրումն պետական բազային կենսաթոշակի և պարտադիր կուտակային համակարգից ստացված կենսաթոշակի, ստանում է նաև կենսաթոշակ կամավոր կուտակային համակարգից:

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ


Դիտվել է 1683 անգամ:
Print Friendly

Leave a Reply