Կրթության ոլորտի հանդեպ հանրային վերաբերմունքը փոխվում է դրական միտումով
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | October 20, 2011 11:54
ՀՀ կառավարության պատվերով “Այ-Փի-Էս-Սի” քաղաքացիական սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը իրականացրել է “ՀՀ իշխանությունների գործունեության գնահատականները, տեսանելիությունը, ձեռքբերումներն ու բացթողումները և զարգացման ռազմավարական առաջարկները” սոցիոլոգիական հետազոտությունը: Ուսումնասիրության մեջ կառավարության գործունեությունը գնահատվել է ըստ ոլորտների:
Հարցվածների ընդամենը 1,8 տոկոսն է Հայաստանի առջև կանգնած կարևոր հիմնախնդիր դիտարկել կրթության խնդիրները:
Կառավարության գործունեությունը կրթության ոլորտում հարցվածների 34,3 տոկոսը գնահատել է դրական, 34,9 տոկոսը` միջին, 30,8 տոկոսը` բացասական: Հարցման արդյունքներով 2011 թվականի հունիս –սեպտեմբեր ամիսներին հանրային վերաբերմունքը կրթության և գիտության ոլորտի նկատմամբ մոտ 12 տոկոսով դրական աճի դինամիկա է ցուցաբերել: Ըստ ոլորտների հանրային տեղեկացվածության ամենաբարձր ցուցանիշը , համաձայն հարցումների, կրթության համակարգում է, որը հունիսին կազմել է 44, 3 տոկոս, իսկ սեպտեմբերին այդ ցուցանիշը աճել է հասնելով մոտ 48 տոկոսի: Հարցվածները նշել են, որ իրենք տեղյակ են կրթության համակարգում նոր տեխնոլոգիաների ներդրմանը, կրթական բարեփոխումներին, նոր դասագրքերին և ծրագրերին:
Հատուկ անդրադարձ է կատարվել պետական մարմիններում կոռուպցիայի, կաշառակերության և օրենքների խախտումների խնդրին: Դատելով հարցումների արդյունքներից` կրթության ոլորտում կառավարության հակակոռուպցիոն ծրագիրը որոշակի դրական արդյունքներ տվել է, սակայն սկսված գործընթացը պետք է շարունակելի լինի:
Այսպես`դպրոցների հետ առնչություն ունեցած քաղաքացիներից 37,7 տոկոսի կարծիքով կոռուպցիայի մակարդակը նվազել է, մնացել է նույնը 26,5 տոկոսի կարծիքով, աճել է 14,5 տոկոսի կարծիքով, իսկ 21,3 տոկոսն էլ համոզված է, որ դպրոցներում կոռուպցիա չկա: Բուհերի հետ առնչություն ունեցած քաղաքացիները նշել են` կոռուպցիայի մակարդակը նվազել է` 29,9 տոկոս, մնացել է նույնը` 35,8 տոկոս, աճել է` 23,8 տոկոս, կոռուպցիա չկա` 10,4 տոկոս:
2011 թվականի սեպտեմբերի դրությամբ վերջին մեկ տարվա ընթացքում հարցվածներից 39,5 տոկոսի կարծիքով դպրոցներում կաշառակերությունը նվազել է, կաշառակերություն չկա կարծում են 15,6 տոկոսը, մնացել է նույնը` 28,6 տոկոս, աճել է ` 19,4 տոկոս: Նույն ժամանակահատվածում բուհերում, կաշառակերությունը նվազել է 26,6 տոկոսի կարծիքով, մնացել է նույնը` 36,5 տոկոս, աճել է 32 տոկոս, կաշառակերություն չկա` 4,8 տոկոս:
Որքա՞ն հաճախ են խախտվում օրենքները դպրոցներում և բուհերում: Հարցվածներից 47,3 տոկոսի կարծիքով դպրոցներում օրենքների խախտումներ գրեթե չեն լինում, 24,2 տոկոսի գնահատմամբ երբեմն լինում են, 28,5 տոկոսի կարծիքով դրանք հաճախակի բնույթ են կրում, մոտ 19,4 տոկոսն էլ դժվարացել է պատասխանել: Նույն ցուցանիշը բուհերի դեպքում հետևյալ պատկերն ունի` 30,5 տոկոսը կարծում է, որ օրենքները գրեթե չեն խախտվում, 24,5 տոկսի կարծիքով երբեմն խախտվում են, 45,1 տոկոսի գնահատմամբ հաճախ են խախտվում, 32,6 տոկոսը դժվարացել է պատասխանել: Ի դեպ դպրոցների հետ առնչված քաղաքացիների ավելի քան 50 տոկոսն համոզված է, որ օրենքների խախտումներ չկան, մոտ 24 տոկոսը նշել է, որ երբեմն խախտվում են, 25 տոկոսն էլ նշել է, որ հաճախ են խախտվում:
Կրթության ոլորտի հանդեպ հանրային վերաբերմունքի դրական միտումը պայմանավորված է նաև ՀՀ ԿԳ նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 30-ի հրամանով հաստատված Կրթական համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2011-2012 թվականների միջոցառումների համալիր ծրագրի իրականացմամբ: Նշված ծրագրի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը եռամսյակը մեկ հանրությանը ներկայացնում է հաշվետվություն` իրականցված հակակոռուպցիոն միջոցառումների մասին, որոնք հրապարակվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքում:






Facebook
Tweet This
Email This Post
