Ունենք 448 հազար հա վարելահող, որի մոտ 32%-ը նպատակային և արդյունավետ չենք օգտագործում. գյուղնախարար

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 20, 2011 10:58

«Այս տարի մենք կարողացանք ապահովել հացահատիկի բարձր բերք ներկրված սորտերի հաշվին»,- ասաց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Հ1 հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդմանը հյուընկալվելով։

«Եթե մենք անցյալ ունեինք 21.1 ցենտներ ցորեն հեկտարից, այս տարի ունենք 1 հեկտարից 28.6 ցենտներ, դրա հաշվին ստացվել է 37 հազար տոննա ավելի ցորենի բերք, ևս 53 հազար տոննա ավելի՝ գարի։ Երկուսը միասին 90 հազար տոննա ավել բերք ենք մենք կարողացել ապահովել»,- ասաց նա։

Ըստ գյուղնախարարի՝ աշնանացանի մոտ 40%-ն է կատարավել, և միայն աշնանացան ցորենի ցանքատարածքներն այս տարի կավալենան 10 հազար հա-ով։ «Մենք ունենք ընդամենը 448 հազար հա վարելահողեր, որոնց մոտ 32%-ը նպատակային և արդյունավետ չենք օգտագործում։ Իսկ այս ձեռնարկված միջոցառումների հաշվին՝ ցորենի սերմնաբուծության զարգացման 2010-2014թթ ծրագրի շնորհիվ կարողացանք ապահովել այսպիսի բարձր բերք»,- նշեց նա։

Այս տարի ևս, Սերգո Կարապետյանի հաղորդմամբ, ՌԴ-ից ներկրվել է 1150տ էլիտայի սերմացու և հիմնականում տրվել է սերմնաբուծությամբ զբաղվող տնտեսություններին։ Անցյալ տարվա սերմացուից ստացված 2900տ առաջին վերարտադրության սերմացուն նորից բաշխվել է գյուղացիական տնտեսություններին։ Արդյունքում, ըստ Կարապետյանի, գյուղացին ոչ միայն կարողացել մեկին-երկու վերադարձնել կառավարության տված պարտքը, այլև՝ ունենալ մեծ շահույթ։

«Իրեն 1 հեկտարի դիմաց մենք տվել ենք 300կգ սերմացու, 1հեկտարից նա ստացել է միջինը 28 ցենտներ բերք, որից վերադարձրեց 600կգ-ը, 2200կգ-ը մնաց իրեն»,- նշեց նա՝ հավելելով, որ այս առաջին վերարտադրության բերքի մեծ մասը կրկին տրամադրվելու է ցանքին։

Ըստ գյուղնախարարի՝ այսօրվա տվյալներով մեր երկիրը մոտեցել է ցորենի ինքնաբավության 60%-ին, շարունակելու է ձգտել՝ հասնելու 80%-ին, սակայն դեռ մյուս 40%-ը ներկրվում է։

Tert.am

 

Դիտվել է 1080 անգամ:
Print Friendly

Leave a Reply