Սկանդալ. Ադրբեջանի ՊՆ-ում ոչնչացվել են ֆինանսական փաստաթղթերը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 20, 2011 9:41
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանով, Ֆինանսների նախարարության մի խումբ աշխատակիցներ ստուգումներ են անցկացրել Պաշտպանական գերատեսչությունում եւ հայտնաբերել բազում խախտումներ եւ կոռուպցիայի հետ կապված փաստեր, հաղորդում է MilAz կայքը` վկայակոչելով ՊՆ-ի իր աղբյուրները: Կայքը նշում է, որ ստուգումների արդյունքում պարզվել է, որ ՊՆ մի շարք կառույցներում բացակայում են 2009-ի բոլոր ֆինանսական փաստաթղթերը: Այսպես, ՊՆ Բարդեդեքի զորամասում գրանցվել է 800 հազար մանաթի (հազար դոլարի) հասնող կաշառակերության դեպք: Բացի այդ, երկրի ռազմական կոմիսարիատում հայտնել են, որ 2010-ի բոլոր ֆինանսական փաստաթղթերն այրվել են, եւ չեն ներկայացրել հաշվետվություն` իրենց կատարած ֆինանսական ծախսերի վերաբերյալ:
Ադրբեջանական «Ենի Մուսավաթը» թերթը, վկայակոչելով իր աղբյուրները, նշում է, որ նման ստուգումների պատճառն այն է, որ վերջերս պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը դուրս էր վռնդել Ֆինանսների նախարարության ներկայացուցիչներին, ովքեր ցանկանում էին ստուգումներ անցկացնել: Վերոնշյալ աշխատակիցներն էլ խնդրի մասին հայտնել էին ֆինանսների նախարար Սամիր Շերիֆովին, վերջինս էլ դա ընդունելով որպես անձնական վիրավորանք, որոշել էր վրեժխնդիր լինել: Նրա կարգադրությամբ, ստուգումներ էին սկսվել ՊՆ հայտամրցույթներում հաղթած կազմակերպություններում, որի արդյունքում էլ բազում կեղծարարություններ եւ խախտումներ էին բացահայտվել: Այնուհետեւ, ֆինանսների նախարարը դրա մասին տեղեկացրել էր նախագահին, որից հետո Իլհամ Ալիեւը կարգադրել էր համակարգված ստուգումներ անցկացնել Պաշտպանական գերատեսչության բոլոր կառույցներում:
«Ըստ էության, ստուգումների հետեւանքով, մի շարք զինվորական պաշտոնյաների դեմ քրեական գործ է հարուցվելու: Բացի այդ, Կոռուպցիայի դեմ պայքարի վարչությունը Գլխավոր դատախազի հրամանով ստուգումներ է սկսել ՊՆ-ում»,- եզրափակում է «Ենի Մուսավաթը»:
Նշենք, որ այս իրադարձությունները եւս կարող են մեծ հարված հասցնել Սաֆար Աբիեւի հեղինակությանը, հատկապես, եթե հաշվի առնենք, որ վերջին շրջանում ադրբեջանական մամուլը հաճախ է անդրադառնում նախարարի կողմից իրականացված կեղծարարություններին եւ խախտումներին: Ավելին, տեղեկություններ են հաղորդվում Սաֆար Աբիեւին զբաղեցրած պաշտոնից հեռացնելու վերաբերյալ:
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
