Հայաստանի իշխանությունները Նոբելյան մրցանակի մուրճի և լեգիտիմության պակասուրդի սալի արանքում

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | September 9, 2009 17:44

Հայաստանի իշխանությունները Նոբելյան մրցանակի մուրճի և լեգիտիմության պակասուրդի սալի արանքումՀայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունների նախաստորագրած արձանագրություններում միակ լուսավոր կետը, գուցե, այն է, որ դրանք, ըստ էության, պետք է անցնեն քննարկման երկար ճանապարհ և ոչ ինչպես նշված է այդ փաստաթղթերում` երկու շաբաթ:

21-րդ դարում փակ սահմաններում ապրելն ու հարևանների հետ հարաբերություններ չունենալը ոչ միայն միջազգային իրավունքի սկզբունքների կոպիտ խախտում է, այլև հարաբերություններ հաստատել մերժող երկրի կողմից իրական սպառնալիք «մերժվողի» անվտանգությանը: Սակայն ռեալ պոլիտիկի մեջ աշխարհաքաղաքական շահն է առաջնային, այլ ոչ միջազգային իրավունքը:

Միջազգային հանրությունը տեղյակ է հայ-թուրքական հիմնախնդրին և Հայաստանի անկախությունից հետո ոչ մի լուրջ քայլ չի ձեռնարկել Թուրքիային պարտադրելու` ապաշրջափակել Հայաստանը և Երևանի հետ հարաբերությունները չպայմանավորել երրորդ երկրով: Ի՞նչ կատարվեց, որ Թուրքիան, որը շուրջ երկու տասնամյակ Հայաստանի հետ խոսում է նախապայմանների լեզվով, հանկարծ որոշեց դիվանագիտական հարաբերություններ հաստատել և բացել 15 տարի առաջ իր իսկ փակած սահմանադուռը: Որպես Թուրքիայի ներքաղաքական խոհանոցին տեղյակ մասնագետ, կարող եմ ընդգծել, որ ի տարբերություն մեզ` այնտեղ որոշումների ընդունման գործընթացը կրում է ինստիտուցիոնալ բնույթ, և երկրի անվտանգությանն առնչվող ցանկացած փաստաթուղթ քննարկման երկար ճանապարհ է անցնում Անվտանգության խորհրդում, որը հիմնականում բաղկացած է զինվորականներից, ի տարբերություն Հայաստանի, որտեղ որոշումները պայմանավորվում են անձով ու նրա ազդեցությամբ: Իսկ եթե սրան գումարում ենք լեգիտիմության դեֆիցիտը, ապա կարող ենք ասել, որ նման պայմաններում ընդունված որոշումները վտանգավոր են հենց այն հասարակության համար, որի վրա էլ տարածվելու է այդ ոչ լեգիտիմ որոշումը:

Արդար և ազատ ընտրությունների միջոցով ձևավորված իշխանությունը պարտավոր է լսել հասարակությանը: Աշխարհի քաղաքական պատմությունը հարուստ է օրինակներով, երբ համապետական մասշտաբի որոշումներ ընդունելիս` իշխանությունները դիմել են հանրաքվեի մեխանիզմին` ավելի անմիջականորեն զգալու հասարակության զարկերակն այս կամ այն հարցի շուրջ: Ծիծաղելի կլիներ ֆրանսիացի պատգամավորների ու նախագահի լեգիտիմության հարցը կասկածի տակ դնելը, բայց Ֆրանսիայի թե՛ գործադիրի, թե՛ օրենսդիրի ղեկավարները 2 տարի առաջ հանրաքվեո’վ որոշեցին Թուրքիայի Եվրաանդամակցության հարցը: Մեր դեպքում կարծեք չի գործում այդ բանաձևը: Բոլորս գիտենք, թե մեր խորհրդարանում մեծամասնություն կազմող կուսակցությունը ինչպիսի միջոցներով է դարձել իշխող քաղաքական ուժ, և բնական է, որ հայ-թուրքական արձանագրությունների հաստատման վերաբերյալ ԱԺ-ի ընդունած ցանկացած որոշում հակազդեցություն է առաջացնելու, որովհետև, բացի լեգիտիմության պակասից, մեր խորհրդարանում ուժերի դասավորության իրավական և փաստացի պատկերը չի արտացոլում հասարակությունում առկա քաղաքական տրամադրությունները: Թուրքիայի նման հարևանի հետ հարաբերություններ հաստատելու խնդիրը հանրաքվեով որոշելու հարցը, կարծում եմ, հարմար չէ, նաև` ֆինանսական ծախսերի պատճառով, սակայն փաստաթղթերում կան մի շարք անհասկանալի կետեր, որոնք պետք է բաց քննարկվեն մեր երկրում, որովհետև սա կոնյակի գործարանի ապապետականացման ու մասնավորեցման գործընթաց չէ, երբ որոշումն ընդունող հանձնաժողովականի գրպանը մի կլորիկ գումար են դնում:

Այդ արձանագրությունների ոգին ու տառը պետք է մանրամասնորեն քննարկվեն մի քանի պատճառով:
Ա- Նախ, համաձայն եմ իշխանությունների պնդմանը, թե արձանագրություններում ոչ մի խոսք չկա Կարսի պայմանագրի մասին: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումը միշտ չէ ու պարտադիր չէ, որ զուգորդվի սահմանների փոխադարձ ճանաչման գործընթացով: Միջազգային իրավունքում դրանք տարբեր հարթություններում գտնվող հարցեր են: Միջպետական դիվանագիտական հարաբերությունները հաստատվում են համաձայն Վիեննայի կոնվենցիայի (1961 թ.), որում նույնիսկ «սահման» բառը գոյություն չունի: Միջազգային պրակտիկայում կան բազմաթիվ օրինակներ, երբ պետությունները հաստատում են հարաբերություններ, բացում են փոխադարձ դեսպանատներ, բայց սահմանների մասին պայմանագիր չեն կնքում: Թուրքիան բարձր մակարդակի դիվանագիտական հարաբերություններ ունի Ալեքսանդրետի սանջաքի խնդիր ունեցող Սիրիայի հետ, սակայն մինչ օրս Անկարա-Դամասկոս պայմանագիր չկա միջպետական սահմանների մասին: Նույնը կարելի է ասել Ռուսաստանի ու Ճապոնիայի և ուրիշ հարյուրի հասնող երկրների մասին:

Թուրքիայի հետ սահմանային հարց կարծեք չկա նախաստորագրված արձանագրություններում: Կարսի պայմանագիրն ստորագրելու ժամանակ (1921 թ. հոկտեմբերի 13) պայմանագիրն ստորագրող սուբյեկտներից ոչ մեկը նման լիազորություն չի ունեցել: Խորհրդային միությունը կազմավորվել է 1924 թ., իսկ Թուրքիայի հանրապետությունը` 1923 թ., ուստի Թուրքիայի ազգային մեծ ժողովի կառավարության ու բոլշևիկների` Հայաստանին պարտադրված, «պայմանագիրը» ոչ մի ուժ չի կարող ունենալ, որովհետև Հայաստանն այդ ժամանակ չի եղել ինքնիշխան պետություն, իր կամքով չի ստորագրել այդ «պայմանագիրը», ինչն էլ, ըստ միջազգային իրավունքի, անվավեր է:

Բ- «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրություն»-ում կա հետևյալ պարբերությունը, – «Հայաստանի Հանրապետությունը և Թուրքիայի հանրապետությունը, վերահաստատելով իրենց հանձնառությունը տարածաշրջանային և միջազգային վեճերի և հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա….»: Միանգամից մի քանի հարցական ու մութ կետեր. ի՞նչ համատեղ հանձնառություն ունեն երկու երկրներ, որոնք դիվանագիտական հարաբերություններ չեն ունեցել: Ինչո՞ւ Հայաստանը տարածաշրջանային վեճերը և հակամարտությունները կարգավորելու մասին համատեղ արձանագրություն է ստորագրում Թուրքիայի հետ։ Չէ՞ որ մեր քաղաքական ընտրանին, և մասնավորապես նախագահը, վերջերս հայտարարեց, թե ամենալավ մասնակցությունը կլինի այն, որ պաշտոնական Անկարան ընդհանրապես չմիջամտի հայ-ադրբեջանական հակամարտությանը…կամ ի՞նչ տարածաշրջանային վեճեր ու հակամարտություններ պետք է կարգավորեն Երևանն ու Անկարան…հարավօսակա՞ն: Բնականաբար` ոչ: Արցախը չի հիշատակվել այդ փաստաթղթերում, բայց քաղաքական ամլություն է մտածելը, որ Երևանն ու Անկարան քննարկելու են տարածաշրջանային այն վեճերը, որոնք անմիջականորեն չեն առնչվում Հայաստանին և Թուրքիային: mar_1987

Համեմատենք նախկին իշխանությունների հետ: Խոսքը չի վերաբերում առաջին իշխանություններին, որովհետև այն ինչ կատարվում է այսօր, մեծամասամբ չի տարբերվում Տեր-Պետրոսյանի վարչակազմի քաղաքականությունից: Թուրքիան մշտապես Ադրբեջանի ավագ եղբայրն է եղել և դա անհերքելի փաստ է. Անկարայում միշտ էլ պնդել են, որ հայկական զորքերը պետք է դուրս գան «օկուպացված» տարածքներից: Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, և, առհասարակ, Թուրքիայի համար ամենագլխավոր խնդիրը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին վերջակետ դնելն է եղել և շարունակում է լինել: Ղարաբաղի հարցը, եթե չասենք երկրորդական, ապա օրակարգային չէր Երևան-Անկարա հարաբերություններում, գլխավոր գլխացավանքը Թուրքիայի համար «հայկական պնդումներից» հրաժարվելն էր: Ինչքան էլ Անկարա-Բաքու հարաբերությունները լինեն եղբայրական, փաստ է, որ Թուրքիան կզոհաբերի Ադրբեջանին, եթե երաշխիքներ ստանա, որ Հայաստանի իշխանություններն ու նրանց «թելադրանքով» նաև Սփյուռքը, սառեցնեն ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: Այս հարցում Թուրքիայի հայեցակարգային քաղաքականության մեջ փոփոխությունը նկատվեց 2000 թ. աշնանը, երբ Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստում Հայկական հարցը դարձավ Թուրքիայի համար 3-րդ կարևորության խնդիր` Քրդական հարցից ու Եվրամիությանն անդամակցելու գործընթացից հետո:

Դա է վկայում նաև 2005 թ. ապրիլի 11-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նամակը Հայաստանի նախագահին, որի առանցքային պահանջը պատմաբանների համատեղ հանձնաժողով կազմելն էր: Համոզված եմ, որ եթե Հայաստանն այդ ժամանակ գնար նման քայլի, ապա Թուրքիան Արցախի հարցում կփոխեր իր դիրքորոշումը:
Հարցին նայենք նաև այլ տեսանկյունից: Փաստ է, որ թուրք-ադրբեջանական շահերը մեկտեղվում են հիմնականում հակահայկական նպատակների համար: Իրական քաղաքական կյանքում Թուրքիան բազմիցս վատ իրավիճակում է թողել Ադրբեջանին: Կոսովոյի անկախության ճանաչումը ամենավառ ապացույցն էր, երբ Անկարան չանսաց կրտսեր եղբոր հորդորներին և առաջիններից ճանաչեց այդ երկրի անկախությունը` անտեսելով փաստը, որ մի օր հերթը հասնելու է Ղարաբաղին:

Հայաստանի բոլոր նախագահների օրոք Թուրքիան մշտապես ներկայացրել է իր նախապայմանները, սակայն մեր դիվանագիտությունը ոչ թե չի կարողացել անել ավելին քան ներկայիս իշխանությունները, այլ մերժել է նման գին վճարելու դիմաց ունենալ բաց սահմաններ: Ի վերջո պետք է հասկանալ, թե ի՞նչու ենք փորձում հարաբերություններ հաստատել թուրքերի հետ, հանուն «քիրվայությա՞ն»` սուտ է, բարեկամություն չի լինի մեր և իրենց միջև մինչև թուրքերը չապաշխարեն և չխոստովանեն նախնիների գործած հանցագործությունը: Զգացմունքը քաղաքական կատեգորիա չէ, – կպնդեն շատերը, բայց ցեղասպանության հարցը անվտանգության, այլ ոչ թե զգացմունքային հարց է:

Գ- Նույն արձանագրության մեկ այլ ենթակետում նշվում է. «…համաձայնեցին իրականացնել երկու ժողովուրդների միջև փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթության երկխոսություն, այդ թվում՝ պատմական փաստաթղթերի և արխիվների գիտական, անկողմնակալ ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձևակերպման համար»: Լավ է, որ միջկառավարական հանձնաժողովը նպաստելու է հայերի մոտ «թուրքի կերպարի» մեղմացմանը, սակայն պարզ չէ թե ինչի՞ հաշվին, կամ այդ ե՞րբ են թուրքերը վստահություն ներշնչել հայերին. բոլորս հիշում ենք բարենորոգչական Երիտթուրքերին վստահելու հետևանքը:
Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ-ների պատվիրակները մի քանի տարի առաջ նույնպես հանդիպում էին Շվեյցարիայում, սակայն այդ քննարկումները չտվեցին իրենց պտուղը, քանզի այն ժամանակվա մեր նախագահը կարողացավ հարմար պահին կանգնեցնել գործընթացը:

Դ- Սերժ Սարգսյանի նախագահության մեկուկես տարիների ընթացքում մշտապես լսել ենք, որ ցեղասպանության միջազգային ճանաչումը շարունակում է առաջնային պահանջ մնալ մեր երկրի արտաքին քաղաքական օրակարգում: Կարծում եմ` ժամանակն է վերջնականապես ճշտել մեր կեցվածքն այս հարցում, որովհետև մտել ենք մի վտանգավոր խաղի մեջ, որից հնարավոր է վատ հետևանքներ լինեն: Մեկ տարի է ինչ սկսվել է այսպես կոչված «ֆուտբոլային դիվանագիտությունը», և այս ընթացքում աշխարհի ոչ մի երկրում, նույնիսկ մերժվելու ակնկալիքով, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց չի բարձրացվում: Ի՞նչպես պետք է հետամուտ լինենք Մեծ եղեռնի միջազգային ճանաչմանը, երբ առանձին ենթահանձնաժողովի մակարդակով կասկածի տակ ենք առնում պատմական փաստը:

Թուրքիան մեծացնում է իր դերակատարությունը նաև մե՛ր տարածաշրջանում, հավելյալ հաղթաթղթեր է ձեռք բերում Եվրամիության քաղաքական արժեթղթերի շուկայում: Իսկ մենք պետք է հնարավորինս զգույշ լինենք և լավ ուսումնասիրենք այդ փաստաթղթերը, քանզի ցանկացած սխալ քայլ ճակատագրական է լինելու ոչ միայն Հայաստանի, այլև Սփյուռքի ու Արցախի համար:

Խաղաղություն հաստատելը բարդ և պատասխանատու գործընթաց է, իսկ արժանապատիվ խաղաղությունը արժանի է դրվատանքի: Վստահ եմ, որ աշխարհը կմեծարի պատմականորեն երկու հակառակորդների հարաբերությունների կարգավորման նախաձեռնողներին ու դերակատարներին, գուցե նրանց նաև շնորհի խաղաղության նոբելյան մրցանակ: Բայց պետք չէ տարվել մրցանակակիր դառնալու տենդով և ներհասարակական լարվածությունը թուլացնելու, սահմանի թվացյալ բացման ու թվացյալ երկնիշ տնտեսական աճ արձանագրելու ենթադրությունների զոհասեղանին դնել ազգային-պետական շահը:

Երկրորդ մեկնաբանությունը հայ-թուրքական նախաստորագրած արձանագրությունների մասին`http://ankakh.com/?p=15214:

Դիտվել է 2270 անգամ:
Print Friendly

Leave a Reply