«Իշխանությունը գործում է հետևյալ տրամաբանությամբ` ինչքան զարգացած օրենք, այնքան զարգացած կեղծիք». Լ Ալավերդյան

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | October 19, 2011 17:53

Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը հոկտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ,  խոսելով նախընտրական շրջանում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրների և կանխարգելիչ միջոցների մասին,  նշեց. «Նախևառաջ, բոլոր գյուղերում և քաղաքներում ամեն 2000-3000 ընտրողի հաշվով պետք է լինեն քաղաքացիական խմբեր, որոնք հընթացս կգտնեն և կկանխեն ցուցակում  տեղ գտած, բայց իրականում ընտրությանը չմասնակցած մարդկանց անունները,-ասաց նա,-ես արդեն քանի տարի է` պնդում եմ, որ նտրություններից հետո ցուցակներով կախվեն բոլոր այն մարդկանց անունները, ովքեր մասնակցել են ընտրություններին: Դրանից պարզ կդառնա, թե քանի՞ իրական ընտրող է եղել»:

Ըստ նրա, այդ պահանջը չի կատարվել այն պատճառաբանությամբ, թե դա մարդու իրավունքների խախտում է, և որ դրանով կհայտնաբերվեն ընտրողները. «Դա արդեն ցինիզմ է,-ասաց Ալավերդյանը,-որովհետև ընտրությունը գաղտնի է այն առումով, թե ում են ընտրում, ոչ թե ով է ընտրողը»:

Գնահատելով վերջին տարիներին ընտրական ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները` Ալավերդյանը գտնում է. «Ընտրակեղծիքների տեխնոլոգիաները Հայաստան են բերվել դեռևս 1995-96 թվականներին և գնալով կատարելագործվել են, իսկ ընտրողն ավելի բիրտ ու կտրուկ դիմադրության է հանդիպել: Իշխանությունը գործում է հետևյալ տրամաբանությամբ` ինչքան զարգացած օրենք, այնքան զարգացած կեղծիք»:

Այնուամենայնիվ, Ալավերդյանը չի ուզում ողջ մեղքը բարդել այդ տեխնոլոգիաները բերողներիի վրա` հիշեցնելով, թե դրանից հետո 2 անգամ փոխվել են իշխանությունները` առնվազն վերևի իշխանական շերտը:

Խոսելով նախընտրական «բարեգործությունների» մասին և արձանագրելով այն փաստը, թե շատերն այդ երևույթը դրական են համարում և անգամ զարմանում են, որ այն կարելի է քննադատել, Ալավերդյանն ասաց. «Իհարկե, դա շատ վատ բան է: Դա նշանակում է պղծել և կեղծել հասարակական գիտակցությունը:

Նրա կարծիքով, բանը հասել է նրան, որ գյուղերի մեծ մասում, անգամ, պետք էլ չէ ընտրությունները կեղծել, քանի որ մարդիկ գիտեն իրենց «անելիքը». «Հիմիկվանից արդեն մարդկանց ամենատարբեր մակարդակներով հրավիրում և ասում են. «Գիտես, չէ՞, քո էդտեղ լինել-չլինելն ինչից է կախված…»:

Ալավերդյանը վրդովված հայտնեց, թե անգամ իր ավագ դստեր աշխատավայրում են նրան ակնարկներ արել. «Ասել են` իշխանական թևից ես, չէ՞, և գիտեն էլ, որ իմ աղջիկն է, դա անձնապես է վիրավորական»-ասաց նա:

Ըստ Ալավերդյանի, տարբեր երկրներ ունեն ընտրակեղծիքների վերաբերյալ լուրջ կանխարգելիչ մեթոդներ, անգամ գոյություն ունի հավաքագրված շտեմարան, սակայն Հայաստանը դրա 5 տոկոսն էլ չի կիրառում:

Լարիսա Ալավերդյանը հիշեցրեց, որ Մարդու իրավունքների պաշտպան նշանակվելու իր ժամանակահատվածը համընկել է հետընտրական իրադարձություներին, և իրենք առանց աշխատավայրի և անգամ, աշխատավարձի, արձագանքել են իրավախախտումների վերաբերյալ գրեթե բոլոր ահազանգերին: Նաև նշեց, թե ինքը նորություն է մտցրել այդ ոլորտում` ստեղծելով արագ արձագանքման խումբը, որն , ըստ նրա, ամենաճիշտ միջոցն է մարդկանց ընտրական իրավունքները պաշտպանելու գործում. «Մենք ունեինք հերթապահներ, հեռախոսներ, և լիներ` կեսգիշերին, թե առավոտ ծեգին, 24 ժամ ընդունում էինք քաղաքացիների ահազանգերը իրավունքների ոտնահամարման վերաբերյալ»,-ասաց նա:

Ալավերդյանը սկզբում տեղեկացել է, թե մարդու իրավունքների ներկայիս պաշտպանը լուծարել է այդ խումբը, բայց հետո կրկին վերականգնել է:

 

 

 


 

 

Դիտվել է 1461 անգամ:
Print Friendly

Leave a Reply