Ադրբեջանի առաջարկած ղարաբաղյան կարգավորման բանաձևի նախագիծն, անգամ, չի քննարկվել ՆԱՏՕ-ի ԽՎ-ում

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 19, 2011 15:54

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանն ու պատվիրակության անդամ Ստյոպա Սաֆարյանն այսօր ամփոփեցին հոկտեմբերի 7-10-ը Բուխարեստում կայացած Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքները:

Պատվիրակները հայտնեցին, որ վեհաժողովում ադրբեջանցիներն առաջ են քաշել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ մի նոր բանաձև, որը վեհաժողովի նստաշրջանում վերանայվել է ու չեզոք տեսք ստացել, ինչն էլ առաջացրել է ադրբեջանական պատվիրակության դժգոհությունը. «Նրանք չափազանց դժգոհ էին այդ բանաձևից, քանզի հերթական անգամ մեծ-մեծ խոստումներ էին տվել սեփական ժողովրդին, թե ՆԱՏՕ-ի ԽՎ-ում քննարկվելու է ԼՂ խնդիրը,-ասաց Սաֆարյանը,-բայց նրանք հերթական անգամ ձեռնունայն վերադարձան Ադրբեջան, որովհետև այդ բանաձևն անգամ չքննարկվեց»:

Սաֆարյանի կարծիքով, սակայն, ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ բանաձևի նոր նախագիծը դրական իմաստով տարբերվում էր նախորդից, որում բազմաթիվ սխալ և հակահայկական ձևակերպումներ կան. «Տեքստում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար վտանգավոր որևէ տերմին չկար, օրինակ` «ագրեսոր», «էթնիկ զտումներ» և այլն,-ասաց նա` մեկնաբանելով, թե դրա հնարավոր պատճառներից մեկն էլ կարող է լինել ադրբեջանական նոր պատվիրակության լեզվական իմացությունը,-նրանք անգլերեն ու ռուսերեն չգիտեն, և նրանց ամբողջ ռազմավարությունը կուլուարային բանակցություններն են և մեզ հայտնի մեթոդներով խորհրդարանականների բարեհաճությունը շահելը»:

Սաֆարյանի խոսքով, այսօր ՆԱՏՕ-ի ԽՎ-ի համազեկուցողները շատ լավ հասկանում են, թե ինչն է ընդունելի Հայաստանի համար, ինչը՝ ոչ, ինչի արդյունքը Հայաստանի շահերից բխող բանաձևի պատրաստումն է:
Ավագյանն էլ հավելեց, թե չնայած որ Ադրբեջանի ռազմավարական նպատակը եվրոպական կառույցներում տարբեր բանաձևերի ընդունումն է, ինչը նրանց չի հաջողվում, Հայաստանի համար ղարաբաղյան կարգավորման գլխավոր հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է:

Ամփոփելով վեհաժողովում ԱԺ պատվիրակության չորսուկես տարվա կատարած աշխատանքը` Կարեն Ավագյանն ու Ստյոպա Սաֆարյանն արձանագրեցին, որ իրենց մասնակցությունը ՆԱՏՕ ԽՎ-ում եղել է ակտիվ և արդյունավետ. մասնակցել և ելույթներով հանդես են եկել տարբեր խնդիրներին, մասնավորապես Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին առնչվող քննարկումներին, ներկայացրել իրենց դիրքորոշումներն ու առաջարկները և ամենակարևորը` կարողացել են թույլ չտալ, որպեսզի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շահերին հակասող բանաձև ընդունվի, ինչը բազմիցս փորձել է իրականացնել ադրբեջանական պատվիրակությունը:

Նշենք, որ սա ներկայիս պատվիրակության վերջին այցն էր ՆԱՏՕ ԽՎ, քանի որ հաջորդ նիստը տեղի կունենա հայաստանյան խորհրդարանական ընտրություններից հետո:

Դիտվել է 1301 անգամ:
Print Friendly

Leave a Reply