Հայ-թուրքական երկխոսության նոր փուլը.Հայաստանի արտաքին քաղաքականության ճկունության արդյունքը

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | September 9, 2009 17:33

Հայ-թուրքական երկխոսության նոր փուլը.Հայաստանի արտաքին քաղաքականության ճկունության արդյունքըՕգոստոսի 31-ին Շվեյցարիայի, Հայաստանի ու Թուրքիայի արտաքին գերատեսչական մարմինների կողմից հրապարակված հայտարարությունը ազդարարեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլի սկիզբը: Հայտարարությունում ասվում է, որ Հայաստանն ու Թուրքիան համաձայնել են ներքաղաքական խորհրդակցություւններ սկսել նախաստորագրված «Երկու երկրների միջ- դիվանագիտական հարաբերությունների հաստատման» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման» մասին արձանագրությունների շուրջ:

Որոշվել է` այդ խորհրդակցություններն ավարտել վեց շաբաթվա ընթացքում, որը համընկնում է Բուրսայում կայանալիք Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման օրվա հետ` հոկտեմբերի 14-ին: Այնուհետև արձանագրությունները պետք է ստորագրվեն, ապա` վավերացվեն 2 երկրների Խորհրդարանների կողմից:
Առաջին արձանագրությունը ենթադրում է Վիեննայի` 1961թ. կոնվենցիայի համաձայն դիվանագիտական հարաբերությունների հաստատում և դիվանագիտական ներկայացուցչությունների փոխանակում: Երկրորդ արձանագրությամբ հստակ սահմանվում են hայ-թուրքական հարաբերությունների զարգացման ճանապարհային քարտեզը` հետևյալ ժամանակացույցը.
1-ին, Հայաստանի ու Թուրքիայի միջև «երկկողմ հարաբերությունների զարգացման» արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո` 2 ամսվա ընթացքում, բացել ընդհանուր սահմանը;
2-րդ, արձանագրության ստորագրումից 2 ամիս անց ստեղծել Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարների ղեկավարությամբ աշխատանքային խումբ` նախապատրաստելու միջկառավարական հանձնաժողովի ու ենթահանձնաժողովների աշխատանքը;
3-րդ, արձանագրության ստորագրումից հետո` 3 ամսվա ընթացքում,հաստատել միջկառավարական հանձնաժողովի ու ենթահանձնաժողովների աշխատանքային ուղղությունները;
4-րդ, դրանից անմիջապես հետո կազմակերպել միջակառավարական հանձնաժողովի 1-ին նիստը;
5-րդ, միջկառավարական հանձնաժողովի առաջին հանդիպումից հետո` մեկ ամսվա ընթացքում, գործադրել հետևյալ ենթահանձնաժողովները.քաղաքական կոնսուլտացիաների, տրանսպորտային ու էներգետիկ ինֆրաստրուկտուրաների, գիտության ու կրթության և 2 ժողովուրդների միջև փոխվստահության վերականգնման համար ստեղծվելիք պատմական հարցերի ենթահանձաժողովը, որին պետք է մասնակցեն ոչ միայն հայ, թուրք ու շվեյցարական, այլև միջազգային փորձագետները:

Այս 2 արձանագրությունների հրապարակումն ու կոնկրետ ժամանակացույց ունենալը վկայում են Հայաստանի արտաքին քաղաքականության ակնհայտ հաջողության մասին: Նախագահ Սարգսյանի թիմը ճկունությամբ արդեն 2-րդ անգամ կարողանում է սեփական դիրքորոշումը պարտադրել թուրքական կողմին ու շվեյցարական միջնորդներին:
1-ին, այն, որ թեև ապրիլին հրապարակված «ճանապարհային քարտեզում», և այս 2 արձանագրություններում որևէ բառ չկա Լեռնային Ղարաբաղի հարցը նախապայման դիտարկելու մասին;
2-րդ, չկա Հայաստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացի կասեցման մասին որևէ խոսք;
3-րդ, նշվում են կոնկրետ ժամանակացույցեր, որը Թուրքիային քիչ մանևրելու տեղ է թողնում;
4-րդ, Թուրքիան համաձայնվելով այդ արձանագրություններին, բավարարեց նախագահ Սարգսյանի այն պահանջը, թե «Թուրքիա կմեկնի միայն սահմանները բաց լինելու դեպքում, կամ դրա նախաշեմին»;
5-րդ, այս համաձայնությամբ, Թուրքիան ցույց տվեց, որ Հայաստանի հետ հարաբերությունների խնդիրը չի կապում Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության հետ հետ: Այս առումով, գործում է հետևյալ բանաձևը. «Հայաստանի ու Թուրքիայի միջև մերձեցումն ուղիղ համեմատական է թուրք-ադրբեջանական եղբայրության քայքայմանը»:
Վերոհիշյալը վերահաստատում է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվում են «առանց նախապայմանների», ինչպես որ պնդում էր հայկական կողմը:

Սակայն, այս 2 արձանագրությունների հրապարակումից անմիջապես հետո Հայաստանի քաղաքական ու փորձագիտական որոշ շրջանակներ սկսեցին ահազանգել այն մասին, թե հայկական կողմը Թուրքիայի կողմից սահմանի բացման դիմաց զիջումներ է անելու ղարաբաղյան հարցում, հարցականի տակ է դնում Հայոց Ցեղասպանության հարցը կամ վավերացնում է Կարսի պայմանագիրը:
Այդ 2 արձանագրությունների տեքստերը ամբողջությամբ հրապարակվել են, բաց են ու հասանելի, և այս դեպքում խոսել մի բանի մասին, որն ուղղակի չի հիշատակվում այդ փաստաթղթերից ոչ մեկում, չափազանց անտեղի է: Այդ կոչերը կրում են կոնկրետ քաղաքական շահեր և նպատակ ունեն չտեղեկացված հասարակության վրա աշխատելով դիվիդենտներ հավաքել սեփական իմիջի համար:

Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականությունից դժգոհ որոշ ընդդիմադիր ուժեր, այսպես ասած, փորձում են ծնել պրոբլեմ, որպեսզի պայքարեն դրա դեմ: Ո՞վ է խոսել Կարսի պայմանագրի մասին, ո՞վ է այդպիսի նախապայման հնարել: Իրականում, Կարսի մասին այդ նախապայմանը հորինել էր թուրքական «Սաբահ» թերթը` այս ապրիլին, որը բազմիցս Հայաստանը պաշտոնապես հերքել է, սակայն մինչ օրս ընդդիմադիր շրջանակները խոսում են դրա մասին: Ոչ մի հիմք չկա «Սաբահի» կարծիքը պետության պաշտոնական հայտարարությունից վեր դասելու: mhm37758-copy

Ցավալի է, որ հեշտությամբ կուլ են տալիս Թուրքիայի կողմից շրջանառությամ մեջ դրված խայծն ու սկսում ակտիվացնել Կարսի պայմանագրի խնդիրը, որը ձեռնտու է Թուրքիային:
Մյուս կողմից, պետք է նշել, որ հիմք կա ենթադրելու, որ Թուրքիայի հետ վարվող ներկայիս կուրսը կարող է նաև դրական էֆեկտներ ունենալ ներքաղաքական որոշակի համաձայնության հաստատման համար: Խոսքը հատկապես Թուրքիայի հետ հարաբերություններում ազատականությամբ հայտնի Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմության մասին է: Իսկ ներկայիս կուրսը համընկում է նրա գաղափարական շահերին: Ինչքան ավելի մերձենան Հայաստանն ու Թուրքիան, այնքան այդ ընդդիմությունը կթուլանա:

Վերոհիշյալ քննադատների կողմից անընդհատ շահարկող այն հարցը, թե` այս 2 արձանագրությամբ պայմանավորված, հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումը չի բխում Հայաստանի շահերից, ևս անտեղի է: Ձեռքբերվելիք տնտեսական ու քաղաքական դիվիդենտները Հայաստանի համար ակնհայտ են:
1-ին, Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակման վերացման դեպքում Հայաստանը հնարավորություն կունենա իր առևտրա-տնտեսական շահերն իրացնել Միջերկրական ծովով Արաբական երկրներում: Այդ երկրների համար հայ-թուրքական սահմանը հիմա հանդիսանում է այլընտրանքային և հյուսիսն ու հյուսիս-արևելք կապող շատ կարևոր կամուրջ:
2-րդ, Թուրքիայի միջոցով Հայաստանը կկարողանա ինտեգրվել Եվրոպական համայնքի շուկային ու եվրոատլանտյան կառույցներին` այդպիսով հավասարակշռելով արտաքին քաղաքականության մեջ Ռուսաստանի դերի գերակայությունը:
3-րդ, Հայաստանը հնարավորություն կունենա մասնակցելու տարածաշրջանային էներգետիկ նախագծերում: Անցյալ տարվա օգոստոսյան վրաց-ռուսական պատերազմի ու համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով Արևմուտքի համար հրամայական է էժան գազամուղներ, նավթամուղեր անցկացնելը. Վրաստանի հեղինակազրկության ու վրացական սահմանի անապահով լինելու պայմաններում` Հայաստանը դիտարկվում է այլընտրանքային տրանզիտ երկիր ու նաև կանխատեսելի գործընկեր:
4-րդ, Կարս-Գյումրի երկաթգծի շահագործումը շահավետ է շատ երկրների. այս երկաթգիծը, որը կարող է միանալ ինչպես եվրոպական, այնպես էլ արևելյան (նաև Ադրբեջանի ուղղությամբ) երկաթգծային ցանցերին, շահավետ է թե‘ Թուրքիային (կզարգանան տնտեսապես չափազանց թույլ արևելյան շրջանները), թե‘ ԱՄՆ-ին ու Եվրոպային և թե‘ Ռուսաստանին (քանի որ շրջանցվում է Վրաստանը):

Հայ-թուրքական երկխոսության նոր փուլը.Հայաստանի արտաքին քաղաքականության ճկունության արդյունքըՀայաստանը նաև Ռուսաստանի ու Թուրքիայի հետ կարող է մասնակցել եռակողմ էներգետիկ նախագծերի:
5-րդ, Հայ-թուրքական մերձեցումն ու տնտեսական համագործակցության օրինակը տարածաշրջանում «վստահության» բանալի կլինի, որը նաև կազդի Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակվող թշնամական տրամադրության հաղթահարմանը:
6-րդ, սահմանների բաց լինելը լավ հնարավորություն կլինի հայության, մասնավորապես սփյուռքահայ համայնքի համար` պատմական Արևմտյան Հայաստանում տնտեսական ու հասարակական գործունեություն վերսկսելու ու ակտիվացնելու համար:
7-րդ, այս 2 արձանագրությունների իրականացման դեպքում Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հնարավորությունն ավելի մոտ կլինի: Թուրքական բնակչության մի մեծ մասը չի ընդունում Հայոց Ցեղասպանությունը, քանի որ չի հավատում, որ իրենց նախնիներն այդպիսի ոճրագործություն են արել:
Վստահության ընդհանուր մթնոլորտում և միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ընթացքում Թուրքիան թերևս կսկսի հանրությանը իրազեկել Հայոց Ցեղասպանության մասին, այդպիսով նախապատրաստել ցեղասպանության ճանաչմանը:

Թեև Հայաստանի հետ հարաբերությունների հարցում Թուրքիայում կան ներիշխանական և ներքաղաքական ընդդիմություն և Ադրբեջանի խիստ դժգոհություն, այնուամենայնիվ Թուրքիայի նկատմամբ արտաքին ճնշումներն ու մյուս կողմից Թուրքիայի համար ակնկալվող քաղաքական և տնտեսական շահերը պահանջում են «բացել» հարաբերությունները Հայաստանի հետ: Այդ դեպքում Թուրքիան կվարի «յուրահատուկ» վերահսկողի դեր ռուսական շահերով Կովկասում, որը ձեռնտու է ԱՄՆ-ին: Թուրքիան նաև իրատեսական կդարձնի ԵՄ ինտեգրվելու իր հնարավորությունը, տնտեսապես կզարգանան նրա արևելյան շրջանները, կհաղթահարվի հայի նկատմամբ թուրքական էթնոսի պատմահոգեբանական կոմպլեքսը, որը ներկայումս քայքայիչ հետևանքներ ունի թուրքական սոցիումի համար: Հայաստանի հետ բաց սահմաններով Թուրքիան կդիտարկվի` որպես նոր որակի տրանզիտի երկիր` նախագծվելիք հավակնոտ համարվող էներգետիկ նախագծերի համար: Հեռանկարում Թուրքիան հնարավորություն կունենա Հայաստանի միջոցով «հասնել» Միջին Ասիա:

Ահա այսօրինակ հնարավորությունների հանգամանքով է պայմանավորված Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի ճնշումները Թուրքիայի վրա. «հայ-թուրքական հարաբերությունները պետք է կառուցվեն առանց նախապայմանների ու ողջախոհ ժամանակահատվածում»,- ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունում: Իսկ ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության դատապարտման հնարավորությունն իր հերթին «դամոկլյան սրի պես» կախված է Թուրքիայի գլխին, եթե չկատարի ստանձնած պարտավորությունները:

Թուրքիայի համաձայնությունը` 2 արձանագրությունները, խոսում է այն մասին, որ մինչ այս պահը վարչապետ Էրդողանի ու այլ թուրք պաշտոնյաների հայտարարությունները, թե «սահմանները կբացվեն, երբ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծվի», կարող են ունենալ երկու նպատակ: Առաջինը. ակնհայտ է` խուսափել Ադրբեջանի հետ ուժեղ առճակատումից: Երկրորդ. միջազգային հանրությանը ցույց տալ ադրբեջանական ու ներքաղաքական դժգոհությունները, այդպիսով պատճառաբանել, որ Հայաստանի հետ հարաբերություններն արագ չի կարող կարգավորել:

Կյանքը, սակայն, ցույց է տալիս, որ միջազգային շահերն ու Հայաստանի վարած նախաձեռնողական քաղաքականությունը Թուրքիային այնպիսի իրավիճակի մեջ են դրել, որից դուրս գալու համար, նա պետք է կոնկրետ քայլեր անի. կա’մ պետք է կատարի ստանձնած պարտավորություններն ու վերացնի Հայաստանի շրջափակումը, կա’մ հրաժարվի, դուրս գա բանակցություններից ու այդպիսով խոցելի դառնա միջազգային հանրության նոր ճնշումների համար` հայտնվելով Արևմուտքի համար «անկանխատեսելի գործնկերոջ» կարգավիճակում:

Անկախ, թե Թուրքիան որը կընտրի, Հայաստանն այդ 2 տարբերակի դեպքում էլ շահում է:

Առաջին մեկնաբանությունը հայ-թուրքական նախաստորագրած արձանագրությունների մասին`http://ankakh.com/?p=15225

Դիտվել է 3902 անգամ:
Print Friendly

Leave a Reply