Կարգապահական տույժը իմ գործունեության հետ կապված չէ. զինդատախազի տեղակալ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 18, 2011 20:00

«Այն, ինչի համար ինձ ենթարկել են կարգապահական տույժի, որևէ կապ չունի իմ` ոչ որպես զինվորական դատախազի, ոչ ընդհանրապես դատախազական գործունեության հետ»,- հայտարարեց զինվորական դատախազի տեղակալ Ալբերտ Մարգարյանը Tert.am-ի խնդրանքով մեկնաբանելով ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով իրեն կարգապահական տույժի ենթարկելու հանգամանքը: Հիշեցնենք` համաձայն նշանակված կարգապահական վարույթի` Մարգարյանը, հանդիսանալով պատասխանատու դիրք զբաղեցնող պաշտոնական անձ, դրսևորել է դատախազին ոչ վայել և անարդարացի վարքագիծ և խախտել օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը:

Ալբերտ Մարգարյանը գրավոր բացատրություն է ներկայացրել գլխավոր դատախազին, որ իր մոտ եկել է վաղեմի ծանոթներից մեկը և ասել, որ որդուն հանիրավի մեղադրում են 7 տարի առաջ կատարված խարդախության մեջ: Զինդատախազի տեղակալը նրան օգնել է իրավաբանորեն ճշգրիտ դիմում ձևակերպել` ուղղված իրավապահ մարմիններին, գլխավոր դատախազությանը և խորհուրդ է տվել պաշտպան վարձել, որպեսզի որդու շահերը դատարանում հմուտ փաստաբան ներկայացնի: «Դա իմ գործունեության հետ չի կապված, իմ ծանոթն ինձ մոտ կգար, եթե ես լինեի պաշտպան, լինեի քննիչ կամ դատախազ: Ես նրան ընդամենը խորհուրդ եմ տվել, իրավաբանորեն ուղղորդել»,-նշեց Ալբերտ Մարգարյանը:

Ըստ ՀՀ գլխավոր դատախազության տեղեկատվության` Մարգարյանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 17-րդ հոդվածի 3-րդ մասի, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 4-րդ և 9-րդ կետերի, ՀՀ գլխավոր դատախազի «Դատախազի վարքագծի կանոնագիրքը հաստատելու մասին» N 17 հրամանով հաստատված կանոնագրքի 2.1 կետի «ա», «բ», «գ», «դ», «զ» և «թ» ենթակետերի, 4.1, 4.3, 4.4 և 4.6 կետերի պահանջները և նրա նկատմամբ նշանակվել է «դիտողություն» տեսակի կարգապահական տույժ:

Tert.am

 

Դիտվել է 1119 անգամ:
Print Friendly

Leave a Reply