Ի՞նչը պետք է 31-ամյա հաջողակ գործարարին` «Արայ» ընկերության տիրոջը դրդեր ինքնասպանության

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 18, 2011 18:30

«Արայ» ընկերության սեփականատեր Արմեն Պետրոսյանի հոգեհանգիստը, ում դիակը գտել էին հոկտեմբերի 16-ին «BMW X-5» մակնիշի ավտոմեքենայում, հոկտեմբերի 17-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում էր, իսկ թաղումը կկայանա հոկտեմբերի 18-ին` Փափազյան փողոցի վրա գտնվող նրա առանձնատնից: NEWS.am-ի թղթակցին Արմեն Պետրոսյանի հարեւանները պատմեցին, որ երիտասարդ գործարարը տան միակ արու զավակն է, ամուսնացած է եւ ունի դուստր: Պետրոսյանների ընտանիքում մեկ որդի էր եւ մեկ դուստր, իսկ նրանց հայրը` «Արայ» ընկերության հիմնադիր Արայիկ Պետրոսյանը եւս մահացել է անժամանակ` սրտի կաթվածից: Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բակում հոգեհանգստի ժամանակ ասեղ գցելու տեղ չկար: Արմեն Պետրոսյանին վերջին անգամ հրաժեշտ տալու էին եկել նրա հարազատները, ընկերները, գործընկերները, աշխատակիցները, հանրապետությունում հայտնի գործարարներ, գործիչներ:

Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բակում հավաքված մարդիկ նշում էին, որ որեւէ պատճառ չկար Արմեն Պետրոսյանին սպանելու համար: Նրա մահն ակնհայտորեն անակնկալի էր բերել բոլորին: «Տղա էր էլի, աշխատում էր, ո՞վ սպանեց, ինչի՞ սպանեցին»,- ահա խոսակցության հիմնական թեմաներից մեկը: Եկեղեցու բակում հավաքվածներից գրեթե ոչ ոք, այդ թվում «Արայ»-ի աշխատակիցները չէին հավատում ինքնասպանության վարկածին, որն առաջ է քաշել ոստիկանությունը:

Իսկապես, եթե հավատալու լինենք ոստիկանության պաշտոնական վարկածին, ապա ինչը պետք է 31-ամյա հաջողակ գործարարին դրդել ինքնասպանության:

«Արայ» ընկերությունը տեղի ունեցածի հետ կապված առայժմ որեւէ մեկնաբանություն չի տվել:

Ի դեպ, «Արայ»-ը ստեղծվել է 1988 թվականին, այն հանդիսանում է հանրահայտ LG, Toshiba, Electrolux, Zanussi, Panasonic, Vestel, Hitachi, Phillips եւ մի շարք այլ ընկերությունների պաշտոնական գործընկերը: «Արայ»-ը Հայաստանում գործող իր վաճառքի յոթ ցանցերից բացի ներկայացված է նաեւ Վրաստանում, Արաբական Էմիրություններում:

Հատկանշական է, որ դեռեւս 2010թ. հունվարի 16-ին, «Արայ» ՍՊԸ սեփականատեր Արմեն Պետրոսյանին պատկանող Երեւան քաղաքի Փափազյան փողոցի վրա գտնվող տունը հանցավոր խմբի կողմից հարձակման էր ենթարկվել: Հանցագործները գալով հանցանքի վայր` փորձել էին ամեն ինչ անել ծրագրածի պես, սակայն սկզբից տեսնելով տան անվտանգության աշխատակցին, զենքով հարձակվել են նրա վրա, ծեծի ենթարկել, ապա գումար պահանջել: Այնուհետեւ ահազանգով «Արայի» տիրոջ տան բակ են եկել ընկերության անվտանգության ծառայության ղեկավարն ու նրա ընկերը: «Հերոսները» նրանց էլ զենքի եւ բռնության սպառնալիքով գետնին են տապալել, ծեծել եւ հափշտակել նրանց մոտ եղած գումարը, հեռախոսները։ Կարծելով, թե նրանք տանտերերն են, հանցագործները պահանջել են բացել առանձնատան դռները, ցույց տալ փողի ու զարդերի տեղը: Քիչ անց եկել են ոստիկանության աշխատակիցները, իսկ հանցագործները կրակելով` դիմել են փախուստի: Ի վերջո, ոստիկաններին հաջողվել է բռնել հանցագործներից մեկին, ավելի ուշ հայտնաբերել նաեւ մյուս երկուսին:

Նշենք, որ ոստիկանության Կոտայքի բաժնում  հոկտեմբերի 16-ին, ժամը` 13:15-ի սահմաններում,  անհայտ քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ Սեւան-Երեւան մայրուղուց դեպի Գետամեջ գյուղ տանող հողածածկ ճանապարհին կայանված է «BMW X-5» մակնիշի ավտոմքենա, որի մեջ դիակ կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «BMW X-5»-ը, որի վարորդի նստելատեղին հայտնաբերվել է 31-ամյա Արմեն Պետրոսյանի   դիակը` քունքի մասում հրազենային վնասվածքի հետքով, աջ ձեռքին` մատը ձգանին եղել է «ՏՏ» տիպի ատրճանակ` պահունակում 6 փամփուշտով:

Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ 110 հոդվածի 1-ին մասի (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը՝) եւ 235 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն:

 

NEWS.am

 

Դիտվել է 1799 անգամ:
Print Friendly

Leave a Reply