Որոշ հայաստանցիներ կարծում են՝ մարդիկ գեյ դառնում են ինտերնետի պատճառով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 18, 2011 16:05

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպությունն ու «Սոցիոսկոպ» ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոնը «Քաունթերփարթ ինթերնեյշնլի» հայաստանյան ներկայացուցչության ֆինանսական աջակությամբ իրականացրել են սոցիոլոգիական հետազոտություն «ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց հանդեպ հանրային վերաբերմունքը Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում»: Հետազոտությունը նպատակ է ունեցել բացահայտել տեղեկացվածության աստիճանը և վերաբերմունքն ու դիրքորոշումը ԼԳԲՏ անձանց մասին:

Հարցման արդյունքների ներկայացման նպատակով այսօր հրավիրված ասուլիսում նշվեց, որ անհրաժեշտ էր բացահայտել հանրային ընկալումը ԼԳԲՏ անձանց վերաբերյալ, ավելին, հասարակական կարծիքի ուսումնասիրության միջոցով հավաքագրել տեղեկատվություն ԼԳԲՏ անձանց նկատմամբ պետության կողմից տարվող քաղաքականության վերաբերյալ:

«Սոցիոսկոպի» սոցիոլոգ Արուս Հարությունյանը նշեց, որ հարցվողների 74,5 տոկոսի համոզմամբ պետությունն իրականում ոչինչ չի անում ԼԳԲՏ անձանց նկատմամբ տարվող քաղաքականության մեջ, 71,5 տոկոսը կարծում է, որ պետությունն այդ բացը պետք է լրացնի նրանց դեմ պայքարելու միջոցով: Այս հանգամանքից ելնելով` ՀՀ կառավարությունը և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պետք է զգոն լինեն այս հիմնախնդրի առնչությամբ, նախաձեռնեն քայլ երկրում հանդուրժողականության մշակույթի ձևավորման ուղղությամբ:

Հարցվողների շրջանում գիտելիքը ԼԳԲՏ անձանց մասին կարծրատիպային է և
գիտական բացատրության շրջանակից դուրս է:

Հարցվածների 18.6 տոկոսը «ոչ ավանդական» սեռական կողմնորոշում ունենալը դիտարկում է որպես հիվանդություն, 12,7 տոկոսը` արևմտյան երկրների բացասական ազդեցության հետևանք, 10,8 տոկոսը` դաստիարակության արդյունք, 9,9 տոկոսը` ժամանակակից պայմաններում համացանցով շփման արդյունք, 9,7 տոկոսը` համարել է ձեռքբերովի, 8,7 տոկոսը` հորմոնների և քրոմոսոմների թվով պայմանավորված:

ԼԳԲՏ անձ անձամբ ճանաչում են 18-29 տարեկանները (38,1տոկոս): Ամենափոքր խումբը 40-49 տարեկաններն են (23,3 տոկոս):

Հարցվածների 27,4 տոկոսը վիրավորանք-հայհոյանքով, իսկ 17,7 տոկոսը` անձնային բացասական պիտակներով է բնութագրել ԼԳԲՏ անձանց: Միայն 11,5 տոկոսն է հանդուրժող և դրական որակներով բնութագրել, 2,9 տոկոսն անգամ կարեկցական արտահայտություններով է հանդես եկել:

Մարդիկ պատրաստ չեն շփվել ԼԳԲՏ անձանց հետ, քանի որ բացասաբար են վերաբերվում նրանց` 72,1 տոկոս, 10,9 տոկոսն անհանգստանում է, թե ինչ կմտածի շրջապատն իր մասին, 6,4 տոկոսը կարծում է, որ ԼԳԲՏ անձ լինելը դատապարտելի է, 10,6 տոկոսը փորձում է դրանով այնպես անել, որ այդ երևույթը չտարածվի:
Հարցվածների 78,1 տոկոսը չի շփվի ընկերոջ հետ, եթե իմանա, որ նա ԼԳԲՏ է, կշփվի միայն 21,9 տոկոսը:

Հարցվողների 66,9 տոկոսի համար ԼԳԲՏ անձիք պետք է դատապարտվեն հասարակության կողմից: Հարցվողների մեծ մասը կանայք են: Գյումրիում, ի տարբերություն մյուս երկու քաղաքների, ավելի մեծ տոկոս է կազմում կարծիքը, որ հասարակությունը պետք է լինի ավելի հանդուժող:

Հարցումը նախաձեռնողներն առաջարկում են հակախտրական օրենսդրության ընդունում, հանրային իրազեկման միջոցառումների կամզակերպում, հանրակրթական դպրոցներ հանրային ծրագրերի ներմուծում:

Tert.am

 

Դիտվել է 824 անգամ:
Print Friendly

Leave a Reply