Ստորագրվել է մտադրությունների հուշագիր

Պաշտոնական, Օրվա լուր | | October 18, 2011 14:18

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և «Տեոտեք Ս.Ա.»  ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են քաղաքապետարանի և ընկերության գործակցության հեռանկարներին առնչվող հարցեր։
Թեոխառակիս ընկերությունների բիզնես զարգացման տնօրեն, «Տեոտեք Ս.Ա.» գլխավոր տնօրեն Կոնստանտին Ալոուպիսը քաղաքապետին ներկայացրել է իր ղեկավարած կառույցի գործունեության հիմնական ուղղությունները, որոնք ընդգրկում են բարձր տեխնոլոգիաների, ավտոկայանատեղերի ավտոմատ կառավարման, առողջապահական, հյուրանոցային, հանրային սպասարկման և մի շարք այլ ոլորտներ։

Շնորհակալություն հայտնելով ընկերության և քաղաքապետարանի միջև կառուցողական աշխատանքի համար` Կոնստանտին Ալոուպիսը հույս է հայտնել, որ գործակցությունը արդյունավետ և շարունակական կլինի։
Նշելով, որ բանակցային գործընթացն արդեն գործնական դաշտ է տեղափոխվել, Երևանի քաղաքապետն ընդգծել է մայրաքաղաքում ներդրումային նոր, բարենպաստ մթնոլորտի առկայությունն ու ներդրումային ծրագրերին ըստ ամենայնի աջակցելու քաղաքապետարանի պատրաստակամությունը։

Հանդիպման ավարտին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը և «Տեոտեք Ս.Ա.» գլխավոր տնօրեն Կոնստանտին Ալոուպիսը ստորագրել են մտադրությունների մասին հուշագիր։ Հուշագրի համաձայն` կողմերը մտադրվում են համաձայնության գալ և իրականացնել Երևանի կենտրոնում ավտոմատացված ստորգետնյա ավտոկայանատեղիի նախագծման, կառուցման և շահագործման ծրագիր։ Նախատեսվում է իրականացնել նաև Երևան քաղաքի բոլոր ենթակառուցվածքների, ներառյալ կապուղիների, մալուխային համակարգի նախագծմանը, ինչպես նաև քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների վերակառուցմանը, շահագործմանն ու սպասարկմանն առնչվող ծրագրեր։
Առաջիկայում աշխատանքային խումբը հուշագրով ամրագրված նախագծերի վերաբերյալ հաշվետվություն կներկայացնի, և կողմերը կսկսեն բանակցությունները ներդրումային ծրագրերի վերաբերյալ։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 1049 անգամ:
Print Friendly

Leave a Reply