Արհեստածին ենթադրություններ՝ մտացածին «տեղեկությունների» հիման վրա

Պաշտոնական, Օրվա լուր | | October 17, 2011 20:02

«Հայկական ժամանակ» օրաթերթը  հանդես էր եկել արհեստածին մեկնաբանությամբ, թե ՀՀ կառավարության եւ դատախազության հարաբերությունները սրված են՝ որպես «հիմնավորում» նշելով, թե  հոկտեմբերի 13-ին կառավարության նիստից հետո վարչապետի մոտ տեղի է ունեցել ինչ-որ քննարկում՝ գլխավոր դատախազի մասնակցությամբ: Ավելին,  թերթը զարգացնելով իր երեւակայությունն անգամ նշել էր, թե գլխավոր դատախազը կառավարության նիստին չի մասնակցել   եւ կառավարության շենք է գնացել նիստից հետո՝ ծառայողական ավտոմեքենաների համար նախատեսված մուտքով:

Տվյալ հրապարակման մեջ իրականությանը համապատասխանում է միայն այն, որ ՀՀ գլխավոր դատախազը չի մասնակցել կառավարության հոկտեմբերի 13-ի նիստին, քանզի աշխատանքային այցով բացակայել է հանրապետությունից: Մնացած, այսպես կոչված, «փաստերը» հորինվածք են՝ մտացածին հակասություններին իրականության պատրանք հաղորդելու համար:

ՀՀ գլխավոր  դատախազի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով հոկտեմբերի 9-13 մեկնել էր Չեխիա՝մասնակցելու գլխավոր դատախազների  միջազգային ֆորումի 14-րդ նիստին՝ նվիրված կազմակերպված անդրազգային հանցավորության դեմ պայքարին: ՀՀ գլխավոր դատախազը Երեւան է ժամանել Մոսկվա-Երեւան չվերթով՝ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 21:20, ինչը ուղղակի վկայում է «Հայական ժամանակ» օրաթերթի կողմից ակնհայտ սխալ տեղեկատվություն տարածելու մասին:

Իր իսկ ընթերցողներին հարգելու, նրանց ստուգված տեղեկատվություն ստանալու իրավունքը հարգելու դեպքում «Հայկական ժամանակը» կարող էր խուսափել ակնհայտ արհեստածին տեղեկատվություն տարածելուց, եթե փորձեր «լուրերը» ճշտել ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչությունից: Ակնհայտ է, որ նպատակը եղել է ոչ թե ընթերցողին տեղեկատվության տրամադրումը, այլ արհեստածին մեկնաբանություններ շրջանառության մեջ դնելը:

 

Դիտվել է 1050 անգամ:
Print Friendly

Leave a Reply