Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Մոնրեալ

Պաշտոնական, Օրվա լուր | | October 17, 2011 18:45

Մոնրեալի քաղաքապետարանի և Մոնրեալի հանրային խորհրդատվության գրասենյակի (OCPM) հրավերով Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը, աշխատակազմի քարտուղար Վահե Ստեփանյանի գլխավորությամբ, այցելել է Կանադա:
Այցի շրջանակում Երևանի պատվիրակությունը հանդիպել է Մոնրեալի քաղաքապետ Ժերալդ Թրեմբլեյի հետ։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը։ Ողջունելով հյուրերին` Մոնրեալի քաղաքապետը կարևորել է երկու քաղաքների միջև գործընկերային հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը՝ այդ համատեքստում նշելով նաև  տեղի հայ համայնքի և հոգևոր թեմի դերակատարությունը Մոնրեալի թե’ տնտեսական, թե’ մշակութային կյանքում։

Պատվիրակության ղեկավար, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վահե Ստեփանյանը Մոնրեալի քաղաքապետին է փոխանցելով Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի ողջույնները և շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ  համագործակցության,  մասնավորապես երկու քաղաքների միջև տեխնիկական աջակցության և փորձի փոխանակման ծրագրերի իրականացման հնարավորություններին, ինչպես նաև հոկտեմբերի 24-ից 27-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոն քաղաքապետերի  31-րդ գլխավոր վեհաժողովի անցկացմանն առնչվող մի շարք հարցեր։
Այցի ընթացքում Երևանի պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Մոնրեալի քաղաքային խորհրդի նախագահ Հարութ Շիթիլյանի հետ  և նրան է փոխանցել Երևան այցելելու քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանի հրավերը։

Այդուհետ երևանյան պատվիրակությունը հանդիպել է Մոնրեալի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Հակոբ Էվերլեկյանի և քաղաքապետարանի աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Հանդիպման ընթացքում պատվիրակության ղեկավարը ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի կառուցվածքը, գործունեության ռազմավարությունն ու ներդրումային հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը։ Կանադական կողմն իր հերթին ներկայացրել է Մոնրեալի կառավարման մոդելը, ներդրումային մթնոլորտի ձևավորման սեփական փորձը։ Քննարկվել են նաև փորձի փոխանակման նպատակով փոխայցերի կազմակերպման հնարավորությանն առնչվող հարցեր։

Երևանի պատվիրակության անդամները ծանոթացել են Մոնրեալի հանրային խորհրդատվական գրասենյակի կառուցվածքին ու գործունեությանը, ինչպես նաև հնարավորություն են ունեցել ներկա գտնվել հանրային քննարկումներին։

Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Մոնրեալի օմբուդսմենի, ինչպես նաև կանադական մի շարք կազմակերպությունների ղեկավարների հետ։ Վերջիններիս հետ քննարկվել են Մոնրեալի քաղաքային տնտեսության ոլորտում հաջողված ներդրումային ծրագրերին, ինչպես նաև Երևանում նմանատիպ ծրագրերի իրականացման հնարավորություններին առնչվող հարցեր։
Երևանի պատվիրակությունը ներկա է գտնվել Կանադայում հայկական առաջնորդարանի և հայ համայնքի կողմից կազմակերպված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումներին, ինչպես նաև այցելել է հայկական կրթօջախներ։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 1095 անգամ:
Print Friendly

Leave a Reply