Լուսիա Մունը խիստ կասկածում է, որ իրենից բացի մեկն էլ կցանկանա մասնակցել Բաքվի «Եվրատեսիլին»,տեսանյութ
ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | ankakh | October 17, 2011 16:24
Վերջերս հայկական լրատվամիջոցները տեղեկություններ տարածեցին, թե Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթում Հայաստանը կարող է ամերիկահայ երգչուհի Լուսիա Մունը ներկայացնել:
Երգչուհին արմատներով Լեռնային Ղարաբաղից (Մարտակերտի շրջան) է, մանկությունն ու պատանությունը անց է կացրել Բաքվում։ 1988թ. Սումգայիթի հայկական ջարդերից հետո նրա ընտանիքը Հայաստան էր տեղափոխվել, իսկ 1992թ՝ ԱՄՆ։
ԱՄՆ–ում Լուսիան հիմնավոր կրթություն է ստացել Կալիֆոռնիայի համալսարանում, ապա մագիստրոսի աստիճանը՝ Չիկագոյի Հոգեբանության պրոֆեսիոնալ դպրոցում: Միաժամանակ օժտված լինելով երաժշտական տվյալներով՝ նա Լոս Անջելեսում տարիներ շարունակ երգել է «Երևան» երգչախմբում (1-ին սոպրանո)՝ Արթուր Վերոնյանի ղեկավարությամբ, հնարավորություն է ստացել ծանոթանալ հայ և եվրոպացի դասականների ստեղծագործություններին: Մասնակցել է երաժշտական բազմաթիվ ծրագրերի և հաղորդաշարերի: 2005-ին թողարկել է առաջին ալբոմը («Lvitsa») և նույն տարում «Armenian Music Awards» մրցույթում ճանաչվել որպես «The Best International Albom»: Նրա վերջին երգը (տեքստը, երաժշտությունը և կատարումը՝ Լուսիա Մունի) «Դեր էլ Զոր» (անգլերեն, հայերեն) նվիրված է 1915թ. Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։
Երգչուհու հաջորդ ալբոմը լույս կընծայվի այս տարվա նոյեմբերին:
Լուսիան 2011թ. հունվարին առաջին անգամ հայրենիք է վերադառնում։ Նրա պրոդյուսեր Դավիթ Իոնդեմի առաջարկով՝ Լուսիան սիրով համաձայնում է Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլ-2012» միջազգային մրցույթին։
Այս տեղեկության տարածումից հետո, ադրբեջանական Media Forum գործակալությունը ցանկություն էր հայտնել երգչուհուց հարցազրույց վերցնել, որն այդպես էլ տեղի չէր ունեցել։ Գործակալությունը, սակայն, նյութ էր հրապարակել՝ « «Եվրատեսիլ –2012»–ի հայ երգչուհին փորձում է խաբել լրագրողներին» վերտառությամբ։
Tert.am–ի հետ զրույցում երգչուհին մանրամասնորեն պատմեց տեղի չունեցած հարցազրույցի մասին։
«Ես միաժամանակ Ադրբեջանից, Թուրքիայից, Հունաստանից և Շվեդիայից հարցազրույց անցկացնելու առաջարկ ստացա։ Աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով՝ շատ քաղաքավարի և մատչելի բացատրեցի բոլոր 4 լրագրողներին, որ նրանց կկարողանամ հարցազրույց տալ մեկ շաբաթ անց միայն, երբ ավարտեմ նոր երգիս և տեսահալավակիս վրա աշխատանքները։ Բոլոր լրագրողները հարգանքով և ըմբռնումով մոտեցան իմ խնդրանքին, ինձ հաջողություն մաղթեցին և հայտարարեցին, թե անհամբեր կսպասեն նոր տեսահոլավակին և երգին, ինչպես նաև իրենց հարցերի պատասխաններին, որոնք ինձ նախապես ուղարկել էին, բոլորը, բացի ադրբեջանցի լրագրողից»,–պատմեց երգչուհին։
Իսկ ահա Media Forum գործակալությունը ներկայացնող ադրբեջանցի լրագրողը դրանից սկանդալ է սարքել, երգչուհու էլ–փոստին նամակներ ուղարկել՝ փորձելով վարկաբեկել նրան։
«Բոլորվին անհայտ լրագրողուհին փորձում էր ինձ բոլոր մահացու մեղքերի մեջ մեղադրել՝ Խոջալուում թափված արյան, ռեպորտաժն իմ Der-ez Zor երգը գովազդելու համար օգտագործելու (որը նա քաղաքական էր անվանում՝ պատմականի փոխարեն), սադրանքների, ազգամիջյան ատելություն քարոզելու մեջ»,–պատմեց երգչուհին՝ հավելելով, որ ադրբեջանցի լրագրողի խոսքով՝ ինքն այդպիսով նպատակ է հետապնդել սեփական անվան շուրջ աղմուկ բարձրացնել, որպեսզի Հայաստանը հենց իրեն ընտրի Բաքվում կայանալիք «Եվրատեսիլին» մասնակցելու համար։
Լուսիան, հասկանալով, որ լրագրողուհին որևէ կերպ չի փորձում իրեն լսել ու հասկանալ, պարզապես հրաժարվել էր հարցազրույց տալ այդ լրագրողին և գործակալությանը։ «Իմ հրաժարվելուց հետո, նա վերջանականապես կատաղեց և որոշեց ռեպորտաժ պատրաստել՝ «Հայ երգչուհին փորձում է խաբել լրագրողներին» վերտառությամբ։
«Ես Բաքվի նախկին բնակչուհի եմ, որն իր թեկնածությունն է առաջարկել Բաքվում կայանալիք մրցույթին Հայաստանը ներկայացնելու համար։ Ես նույնիսկ չհանեցի իմ թեկնածությունն այն բանից հետո, երբ Բաքվում տեղի ունեցած բռնցքամարտի աշխարհի առաջնության մենամարտերի ժամանակ հայ մարզիկների վրա քարեր շպրտեցին՝ հենց բեմի վրա,–ասաց երգչուհին՝ հավելելով,–Կարծում եմ՝ Ադրբեջանը գերագնահատում է «Եվրատեսիլ» մրցույթին մասնակցելու Հայաստանի ցանկությունը։ Եթե հանկարծ հայտնվի մեկ այլ թեկնածու («Եվրատեսիլին» մասնակցելու համար), ապա ես մեծ հաճույքում մեկ տուփ Pop Corn կգնեմ և բոլոր ընկերներիս հետ Լոս Անջելեսի իմ հարմարավետ տանից կերկրպագեմ նրան»,–ասաց երգչուհին։
«Կարծում եմ, որ այդ կոնֆլիկտի պատճառը Հայոց ցեղասպանությանը նվիրված իմ երգն է, բայց չեմ հասկանում, թե ադրբեջանցիներն ինչու են դա իրենց վրա վերցնում։ Ես գրել եմ իմ ժողովրդի պատմության մասին, հազարավոր նման երգեր ու ֆիլեր կան»,–եզրափակեց երգչուհին։
tert.am






Facebook
Tweet This
Email This Post
