ՀՀ դատախազը տեղեկացրել է Իրանի դեսպանին, որ թմրանյութը Հայաստան է մտնում մեծամասամբ Իրանից

Օրվա լուր | | September 9, 2009 16:53
Սարֆարազ Էհսան Ֆարհադի

Սարֆարազ Էհսան Ֆարհադին Իրանից թմրանյութ է բերել Հայաստան

«Թմրամիջոցները Հայաստան են ներմուծվում հիմնականում Իրանի Իսլամական Հանրապետությունից»,-այս մասին ընդգծել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը` ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղաիանի հետ երեկ տեղի ունեցած հանդիպման ընթացքում:

Դեսպանը ՀՀ գլխավոր դատախազին հրավիրել է Իրան` թմրանյութերի դեմ պայքարի համատեղ գործողությունների ծրագիր մշակելու: Թմրանյութն (հերոին, մարիխուանա, ափիոն և այլն) Իրանից Հայաստան է ներմուծվում Մեղրիի մաքսակետով:

Իրանի 26-ամյա քաղաքացի, հայաստանյան բուհի ուսանող Սարֆարազ Էհսան Ֆարհադին օրեր առաջ փորձել էր Իրանից մաքսային հսկողության «կանաչ» ուղիով Հայաստան ներմուծել մոտ 230 գրամ թմրամիջոց, ինչը հայտնաբերվել էր նրա հագուստի գրպաններից, որտեղ եղել էին նաև դրանց գործածության համար նախատեսված պարագաներ:

Ֆարհադին պնդում է, որ թմրանյութը բերում էր իր անձնական օգտագործման համար: Եթե ափիոնի ավելի քան 10 գրամը համարվում է առանձնապես խոշոր չափի թմրամիջոց (ՀՀ Առողջապահության նախարարի` 2003թ.-ի N 691 հրաման), ապա մետամֆետամինն (ինչից ևս եղել է նրա գրպանում) առանձնապես խոշոր չափ է համարվում 1,5 գրամի դեպքում, ինչի մեկ գրամն արժե մոտ 75 000 դրամ, իսկ մեկ գրամ ափիոնինը` մոտ 20 000 դրամ:

ՀՀ Մաքսային ծառայության հաղորդմամբ` հայ-իրանական սահմանում մաքսանենգության որևէ դեպք հայտնաբերելիս իրավախախտում թույլ տված անձի մասին տեղեկատվությունը փոխանցվում է հարևան երկրին, որպեսզի վերջինիս նկատմամբ այնտեղ հսկողություն սահմանվի:

Դիտվել է 1081 անգամ:
Print Friendly

Leave a Reply