«Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության դիմումը ՀՀ բնապահպանության նախարարությանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 17, 2011 15:35Ձեզ ենք դիմում ՀՀ բնության հրաշքներից մեկի՝ Թռչկան ջրվեժի փրկության խնդրով: Դուք քաջատեղյակ եք, որ վերոնշյալ ջրվեժի վրա ուղղակի ազդեցության գոտում փորձ է արվում կառուցել փոքր հիդրոէլեկտրակայան, որը կարող է անդառնալի կորուստ պատճառել բնության այս հուշարձանին: Մենք կարծում ենք, որ Ձեր ղեկավարած նախարարության եւ այլ պատկան մարմինների կողմից տրվել են շինարարությունն իրականացնելու համար անհրաժեշտ թույլտվություններ եւ այլ փաստաթղթեր, որոնց օրինականությունը խիստ կասկածելի է: Ստորեւ ներկայացնում ենք ջրվեժի վերաբերյալ տվյալները, ՀՀ բնապահպանության նախարարության եւ այլ պետական լիազոր մարմինների կողմից տրված մեր կարծիքով անհիմն, որոշ դեպքերում նաեւ անօրինական թույլտվությունները, ինչպես նաեւ մեր առաջարկներն ու պահանջները.
1. Թռչկան ջրվեժը Հայաստանի բնության ամենագեղեցիկ հրաշալիքներից մեկն է, որը գտնվում է ՀՀ Շիրակի եւ Լոռու մարզերի սահմանային հատվածում` Չիչխան գետի վրա եւ իր բարձրությամբ առաջինն է հանրապետությունում: Ջրվեժի բարձրության մասին պաշտոնական տվյալ չկա: Ըստ մեր չափումների այն 25.5 մ է:
2. Ջրվեժների երկրորդ հիմնական պարամետրը ջրառատությունն է: Ըստ պաշտոնական տվյալների` Չիչխան գետի այդ հատվածի միջին բազմատարյա հոսքի մեծությունը 1946-1987թ.թ. շարքի համար կազմում է 37,35 մլն.խմ, այսինքն ջրի միջին ծախսը կազմում է 1,18 խմ/վրկ., միջինը մեկ վայրկյանում 1,18 տոննա ջուր է թափվում Թռչկանի ջրվեժից: Այս ցուցանիշով նույնպես Թռչկանը առաջինն է Հայաստանում:
3. Հաշվի առնելով այս եզակի բնական օբյեկտի կարեւորությունը եւ գեղագիտական առանձնահատուկ արժեքը, ՀՀ Կառավարությունն իր 14.08.2008թ. թիվ 967-Ն որոշմամբ Թռչկան ջրվեժը ներառել է ՀՀ բնության հուշարձաների ցանկի մեջ, որպես ջրագրական հուշարձան: Եթե ջրվեժը սահմանվել է բնության հուշարձան, ապա դրա վրա ուղղակի կամ անուղղակի ազդող որեւէ գործունեություն արգելված է համապատասխան օրենսդրությամբ: Տվյալ պարագայում ՀԷԿ-ի կառուցման դեպքում նախատեսվում է կատարել ջրառ ջրվեժից վերև և օգտագործված ջուրը հեռացնել Շիրակամուտի ջրանցք, այսինքն ջրվեժի համար այն հանդիսանում է անվերադարձ ջրառ: Սա նշանակում է, որ խաթարվում է ջրվեժի գոյության ամենահիմնական բաղադրիչի՝ ջրի քանակությունը, որը, փաստորեն, ամենաուղղակի բացասական ազդեցությունն է ջրվեժի վրա:
4. Թռչկան ջրվեժն ունի էկոտուրզմի զարգացման համար հսկայական պոտենցիալ: Հաշվի առնելով, որ մեր կառավարությունը տուրիզմի զարգացումը հայտարարել է մեր երկրի տնտեսական զարգացման առաջնահերթություններից մեկը, այս տարբերակը պետք է դիտարկել որպես այլընտրանք ներկայացված ՀԷԿ-ի կառուցման նախագծին:
5. Մի քանի անգամ Թռչկան ջրվեժի տարածք այցելելով հայտնաբերել ենք, որ շինարարության հետ կապված բազմաթիվ աշխատանքներ կատարվել են: Մոտ 2 կմ խողովակաշար անցկացնելու համար տարվել են հողային աշխատանքներ, ջրվեժի կողքով մոտ 100 մ փորված է, իսկ մինչև ջրվեժից վերև գետի հունը կիսով չափ փակվել է, լցվել քարերով ու հողով: Այսինքն արդեն վնաս է հասցվել բնության հուշարձանին, ինչը ևս օրենքով սահմանված կարգով պատժելի արարք է:
6. Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության (21.06.2010թ. տրված թիվ ԲՓ 58) փորձաքննական եզրակացության մեջ Թռչկան ջրվեժի մասին խոսք անգամ չկա: Փաստորեն կարող ենք արձանագրել, որ փորձաքննության ընթացքում հաշվի չի առնվել բնության հուշարձանի գոյությունը ՀԷԿ-ի կառուցման ուղղակի ազդեցության գոտում, ուսումնասիրություններ չեն կատարվել դրա վրա հնարավոր ազդեցության մասով, ինչը պահանջվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով:
7. ՀՀ Լոռու մարզի Մեծ Պառնի համայնքում 09.06.2010թ. տեղի է ունեցել հասարակական քննարկում, որը կազմակերպված է եղել Մեծ Պառնի համայնքի կողմից` ՀՀ բնապահպանության նախարարության և «Ռոբշին» ՍՊԸ-ի հետ համատեղ, որին շահագրգիռ հասարակությունից մասնակցել են ընդամենը համայնքի ավանգանու 4 /չորս/ անձ, իսկ 7 /յոթ/ անձ` համայնքի բնակիչ: ՀՀ բնապահպանության նախարարությունը պարտավոր էր Օրհուսի կոնվենցիային, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքին, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1-րդ հոդ., ՀՀ կառավարության 25.03.2010թ. «Հանրային քննարկումների կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 296-Ն որոշմամբ /ուժի մեջ է մտել 01.01.2011թ./ հաստատված կարգին համապատասխան կազմակերպել հանրային քննարկումներ, մասնակից դարձնելով շահագրգիռ հասարակական կազմակերպություններին և ոլորտի մասնագետներին, քանի որ խնդիրը միայն մեկ համայնքին չի վերաբերում: Եթե «Թռչկան» ՓՀԷԿ-ի նախագծային փաթեթը ծավալուն էր, դրանք հնարավոր չէր հրապարակել կամ տեղադրել ՀՀ բնապահպանության նախարարության կայքէջում, ապա կարող էր հայտարարություն տեղադրվել, որ վերը նշված փաթեթին շահագրգիռ հասարակությունը կարող է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում: Հասարակական լսումների մասին ևս հայտարարություն չի տեղադրել կայքէջում:
Այսպիսով, ՀՀ բնապահպանության նախարարությունը, մասնավորապես «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը մեր կարծիքով խախտել է.
1. «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» ՄԱԿ կոնվենցիայի (ընդ. 28.06.1998թ. Օրհուս քաղաքում) պահանջները, որը ՀՀ կողմից վավերացվել է 14.05.2001թ.: Միջազգային պայմանագրերը ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը:
2. «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետը`
«Հոդված 19. Բնության հուշարձանի պահպանության ռեժիմը
1.Հայաստանի Հանրապետությունում բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը»: Այստեղ պետք է նշենք, որ տվյալ հուշարձանի անձնագրի բացակայությունը չի կարող լինել արդարացում, քանի որ.
– ՀՀ բնության հուշարձանների անձնագրերի կազմումը ՀՀ համապատասխան օրենսդրության պահանջն է, որը պետք է կատարված լիներ ժամանակին և դրա բացակայությունը ևս համապատասխան պետական լիազոր մարմնի մեղքն է,
– եթե դեռեւս չի կատարվել բնության հուշարձանների անձնագրավորում, ապա առավել ևս այդ պարագայում չի կարելի թույլ տալ ծավալել տնտեսական որևէ գործունեություն այն վայրերում, որտեղով հնարավոր է անցնեն հուշարձանների պահպանման գոտիները,
– տվյալ դեպքում մենք գործ ունենք ջրվեժի հետ, որի գոյության ամենահիմնական բաղադրիչը ջրի առկայությունն է, իսկ տվյալ ՀԷԿ-ի կառուցումը նշանակում է անվերադարձ ջրառ ջրվեժի համար , ինչը ուղղակիորեն ազդում է ջրվեժի գոյության վրա: Մեր կարծիքով, տվյալ ջրվեժի անձնագրում, Չիչխան գետի ջրվեժից վերև ընկած ողջ ջրհավաք ավազանի համար պետք է սահմանվի ջրերի պահպանման հատուկ ռեժիմ:
3. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը, որի համաձայն փորձաքննությունն առնվազն պետք է ընդգրկի.
«ա) նախատեսվող գործունեության հնարավոր ուղղակի և անուղղակի ազդեցության կանխորոշում, նկարագրում և գնահատում.
– կլիմայական պայմանների, բուսական ու կենդանական աշխարհի, էկոհամակարգերի առանձին տարրերի, նրանց փոխհարաբերության ու կայունության, բնության հատուկ պահպանվող տարածքների, լանդշաֆտի, երկրաձևաբանական կառույցների, օդի, մակերեսային և ստորերկրյա ջրերի, ընդերքի, հողի»:
4. Որպես այլընտրանքային տարբերակ չի դիտարկվել էկոտուրիզմի զարգացման հնարավորությունները:
Վերոնշյալ իրավական հիմքերի առկայության պայմաններում.
– Անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել վերսկսված շինարարությունը,
– ՀՀ բնապահպանության նախարարությունը և «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդ. 5-րդ մասի համաձայն. այն է՝ «Լիազորված մարմինը կարող է վերանայել կամ չեղյալ համարել փորձաքննական եզրակացությունը, եթե – ընդունվել է նոր բնապահպան օրենսդրություն, կամ- փորձաքննական եզրակացություն տալուց հետո ի հայտ են եկել էկոլոգիական նոր գործոններ» և ՀՀ կառավարության 08.05.2003թ. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացությունը վերանայելու կամ չեղյակ հայտարարելու պայմանները, ժամկետները և արարողակարգը սահմանելու մասին» թիվ 701-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետի համաձայն վերանայել «Ռոբշին» ՍՊԸ-ին 21.06.2010թ. տրված «<Թռչկան» ՓՀԷԿ-ի կառուցման աշխատանքային նախագծի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացությունը և այն չեղյալ ճանաչել:
– Թռչկան ջրվեժի հետագա պահպանման կապակցությամբ շահագրգիռ հասարակության հետ անցկացնել հանրային քննարկումներ և լսել նրանց կարծիքներն ու առաջարկությունները:
«Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնություն
ՀՀ, ք. Երևան, 17 հոկտեմբերի 2011 թ







Facebook
Tweet This
Email This Post
