Վարդան Այվազյանի համոզմամբ` Թուրքիայի հետ սահմանի բացումը շահավետ է ՀՀ տնտեսությանը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 9, 2009 16:07

Հայթուրքական սահմանի բացումը տնտեսապես շահավետ է. այսօր ասաց ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: «Միայն կույր մարդը կարող է չտեսնել, թե հայ-թուրքական սահմանի բացման դեպքում ինչ հնարավորություններ կարող են ստեղծվել երկու երկրների համար` ՀՆԱ-ի աճ, առևտրաշրջանառության ծավալի ավելացում, մուտք դեպի այլ շուկաներ»,- ասաց Այվազյանը:

Ի հակադրություն ԱԺ նախագահի օգնական Թաթուլ Մանասերյանի, ում կարծիքով` սահմանի բացումը կարող է վնասել տեղական արտադրողին, Այվազյանը կարծում է, որ սահմանի բացումից Հայաստանի տնտեսությունը կարող է միայն շահել:

Այվազյանն ասում է, որ չպետք է վախենալ սահմանը բացելուց և դրա մեջ բացասական կողմեր գտնել: «Ինձ համար անհասկանալի է, թե ինչու են շատերը կարծում, որ մեր պետությունը չի կարող համակարգել և ուշադրության կենտրոնում պահել իրավիճակը` մտածելով, որ դրանից կտուժի հայրենական արտադրողը»,- ասում է Այվազյանը:

Այվազյանի կանխատեսումներով` սահամանի բացումից հետո Հայաստանի տնտեսությունում կարձանագրվի 4 տոկոս աճ:

«Սակայն չպետք է մտածել, որ սահմանի բացումից շահում է Հայաստանը կամ դրանում շահագրգռված է միայն հայկական կողմը և սահմանը բացելով` Թուրքիան բարի կամքի դրսևորում է ցուցաբերում,- ասում է Այվազյանը,- դա շատ սխալ մոտեցում է. Թուրքիան ունի իր շահերը, և նրա տնտեսությունը նույնպես մեծ օգուտ է ունենալու»:

Դիտվել է 1181 անգամ:
Print Friendly

Leave a Reply