Յոթ սերժանտներ ծեծել են իրենց ծառայակցին
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | October 17, 2011 13:11
ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում ժամկետային զինծառայողների միջև ոչ կանոնադրային հարաբերությունների դրսևորմամբ հերթական միջադեպն է արձանագրվել: Յոթ սերժանտներ դաժան ծեծի են ենթարկել իրենց ծառայակից ընկերոջը, տեղացել սեռական բնույթի հայհոյանքներ: Տուժողը մարմնական տարբեր վնասվածքներ է ստացել, կոտրել են նրա քիթը: Նրանց ծեծկռտուքը սկսել է կատակից, վերածվել հայհոյանքների, այնուհետև` ծեծի: Պաշտպանության նախարարությունը ձեռք բերված տեսանյութով տեղեկացել է կատարվածի մասին, օպերատիվ արձագանքել:
Նախարարի տեղակալ Վլադիմիր Գասպարյանը հանդիպեց միջադեպի մասնակիցներին, զրուցեց նրանց հետ, պարզաբանում պահանջեց, տեղեկացավ մանրամասներին ու կատարվածի դրդապատճառներին: Փոխնարարը նշեց, որ միջադեպը կարող էր վերաճել արագ զարգացող սիտուացիոն հանցագործության: Եթե նախարարությունը շուտ չտիրապետեր իրավիճակին, չէր կարողանա կանխել հերթական դժբախտությունը. միջադեպի հաջորդ օրը զինծառայողը, որին ծեծել էին ընկերները, ծառայողական զենքով պետք է հերթապահության կանգներ, և պաշտպանության փոխնախարարը մտավախություն ուներ, որ տուժողը կարող էր հաշվեհարդար տեսնել:
Փոխնախարարը նշեց, որ բանակում նման դեպքերն այլևս չեն կարող թաքնված լինել: «Ստեղծված են մեխանիզմներ, որ եթե 24 ժամվա ընթացքում չբացահայտվեն, կիմացվեն 48 ժամվա ընթացքում, բայց ոչ 3 օրից ավելի»,- ասաց Վլադիմիր Գասպարյանը` հավելելով, որ նմանատիպ դեպքերը քողարկելու ոչ ցանկություն կա, ոչ խնդիր:
Նախարարի տեղեկալն ասաց, որ պաշտպանության նախարարությունը լրավամիջոցների ներկայացուցիչների հետ մեկտեղ պարբերական անակնկալ այցեր կկատարի զորամասեր, որպեսզի լրագրողները հստակ պատկերացում կազմեն բանակային կյանքի, տիրող իրավիճակի մասին:
Միջադեպի մասնակիցները նշեցին, որ զղջում են իրենց արարքի համար:
Հանդիպմանը ներկա սպաները զեկուցին, որ սերժանտներից յուրաքանչյուրն առանձին-առանձին նորմալ վարքի տեր անհատներ են, աչքի են ընկել կարգապահությամբ, սակայն տարօրինակ է, որ միասին նրանք նման դաժանություն են ցուցաբերել ծառայակից ընկերոջ հանդեպ: Բոլոր զինծառայողներն էլ մոտ 45 օրից պետք է զորացրվեին: Նրանցից երեքը միակողմանի ծնողազուրկ են, արհեստավորի, մանկավարժի, արտագնա աշխատանքի մեկնող աշխատավորի ընտանիքի զավակներ: Փոխնախարարն իր մոտ հրավիրել էր նաև ծնողներին: Նրանք հուսահատ էին կատարվածի պատճառով ու թեև լրագրողների հետ շփվել չցանկացան, սակայն իրենց որդիների արարքը ստորություն գնահատեցին:
Tert.am






Facebook
Tweet This
Email This Post
