Նախարարը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց հատուկ դպրոցների սաների` սեռական ոտնձգությունների ենթարկվելու լուրերը
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | Հայկուհի Բարսեղյան | September 9, 2009 15:52«Նախարարության մարդկային ռեսուրսները չեն բավարարում հատուկ դպրոցներում վերահսկողություն իրականացնելու համար: Սա է պատճառը, որ հաճախ այս ոլորտում առկա խնդիրներին նախարարությունը տեղեկանում է լրատվամիջոցների հրապարակումներից»,- ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նա ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց լուրերը, թե հատուկ դպրոցներում աշակերտների նկատմամբ սեռական ոտնձգություններ են կատարվում: Նա ասաց, որ իրավապահները պետք է ճշտեն, թե արդյոք լրատվամիջոցների հաղորդած տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը:
Աշոտյանը նորից կոչ արեց տեղական և միջազգային հկ-ներին, որոնք այս ոլորտում գործունեության փորձ ունեն, աջակցել նախարարությանը ոլորտի վերահսկման գործում: Նա ասաց, որ պիտի ձգտեն, որ ոչ նման խնդիրներ, ոչ էլ հրապարակումներ չլինեն· «Յուրաքանչյուր երեխայի իրավունը սրբազան իրավունք է, առավել ևս, խնդիրը բարոյական դաշտում է, երբ խոսքը վերաբերում է մտավոր խնդիրներ ունեցող երեխաներին»:
Սեպտեմբերի 1-ին ԿԳ նախարարության շենքի մոտ մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա էին կազմակերպել` նախարարի ուշադրությունը հրավիրելու հատուկ դպրոցներում առկա խնդիրներին: Աշոտյանը սեպտեմբերի 4-ին հանդիպեց բողոքի ակցիայի կազմակերպիչների հետ, որի ժամանակ էլ առաջարկեց նախարարությանն աջակցել և այս ոլորտում իրականացնել քաղաքացիական վերահսկողություն: