Ճգնաժամը կարող է նպաստել Հայաստանի ու Իսպանիայի միջև գործարար երկխոսությանը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 9, 2009 15:49
Ձախից`Ներսես Երիցյան

Ձախից`Ներսես Երիցյան, աջից`Սալվադոր Մարտի Ուղետ

«Իսպանիայի հետ մեր առևտրաշրջանառությունը մեծ չէ` այս պահի դրությամբ 8մլն դոլար, սակայն մեծ պոտենցիալ կա համագործակցությունն ընդլայնելու»,- այսօր մեկնարկած ՀայաստանԻսպանիա գործարար համաժողովի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:

Իսպանիայից Հայաստանը հիմնականում ներկրում է կերամիկա և ծովային սնունդ, իսկ արտահանում` հանաքանյութ:

Համաժողովին մասնակցում են Իսպանիայից ժամանած 10 կազմակերպությունների 20 ներկայացուցիչ` Կաստելյոնի Առևտրարդյունաբերական պալատի նախագահ Սալվադոր Մարտի Ուղետի գլխավորությամբ:

Նախարարն ասում է, որ ճգնաժամի պայմաններում բոլոր երկրների ղեկավարություններն աջակցում ու խրախուսում են իրենց երկրի գործարար աշխարհին` շուկաները մեծացնելու և նոր համագործակցույան եզրեր փնտրելու առումով:

Իսպանական կազմակերպությունները, որոնք հիմնականում Վալենսիայի շրջանից են, ներկայացնում են շինարարության, տուրիզմի և տեխնոլոգիական արտադրությունների ոլորտը:

«Թե ներմուծման և թե արտահանման գծով  մեր առևտրաշրջանառությունը ԵՄ-ի հետ շատ լայն է, և ես կարծում եմ, որ այդ փորձը կարելի է կիրառել նաև Իսպանիայի հետ»,- ասաց Երիցյանը:

«Հանդիպման ցանկությունը հայտնել է իսպանական կողմը,- ասաց Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը,-Այս պահի դրությամբ դեռևս ներդրումային ծրագրեր  չենք քննարկում, սակայն հնարավոր է` երկխոսության ընթացքում դրանք ձևավորվեն»:

«Մեր երկիրը Հայաստանի հետ ունի շատ լավ հարաբերություններ,- ասաց Սալվադոր Մարտի Ուղետը,- և մենք հավատում ենք Հայաստանին ու այն հնարավորություններին, որոնք  կարող են ծնվել հետագա համագործակցության արդյունքում»:

Ուղետն ասում է, որ իրենց պատվիրակությունն այստեղ է հենց դրա համար, որովհետև իրենք բավարարված չեն համագործակցության ներկա արդյունքներով. «Մենք ուզում ենք հասկանալ, թե ինչ կարող եք առաջարկել մեզ և ինչ հնարավորություններ կարող եք ունենալ դուք»:

Երկկողմանի հանդիպումը կշարունակվի մինչև սեպտեմբերի 11-ը, որի ընթացքում իսպանական յուրաքանչյուր ներկայացուցչի հետ կաշխատի հայկական կողմից 5 բիզնես ներկայացուցիչ:

Դիտվել է 1443 անգամ:
Print Friendly

Leave a Reply