Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստի մասնակիցներին
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | October 15, 2011 15:59
Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստի մասնակիցներին: Ողջունելով նրանց` նա նշել է, որ 2011թ. ԱՊՀ-ի համար հոբելյանական է. բոլոր պետությունները տոնում են իրենց անկախության 20-ամյակը, ինչպես նաև միասին նշում՝ Համագործակցության ձևավորման 20-րդ տարեդարձը:
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի գործունեությունը, որը, Նախագահի խոսքով, դարձել է գործուն և պետություններին մտահոգող շատ որոշակի խնդիրների լուծմանը նպատակաուղղված մեխանիզմ: «Մենք կողմնակից ենք, որ համագործակցությունը ԱՊՀ-ի շրջանակներում հետագայում էլ զարգանա: Օրակարգը, որը դուք քննարկել եք երևանյան խորհրդի այսօրվա նիստում և այն հարցերը, որոնք քննարկման արդյունքում լուծումներ են ստացել, մեզ համար ևս կարևոր են»,- ասել է Սարգսյանը:
Հանդիպման մասնակիցները ՀՀ նախագահին ներկայացրել են ԱՊՀ անդամ պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի ուղղությամբ խորհրդի նիստում ընդունված որոշումները:
Համագործակցության մասնակից պետությունների ՆԳ նախարարները կարևորել և արդյունավետ են համարել խորհրդի շրջանակներում իրականացվող աշխատանքը` այդ տեսանկյունից բարձր գնահատելով նաև Հայաստանի ոստիկանության ակտիվ գործունեությունը:
Նշենք, որ ի թիվս նիստի մասնակից ԱՊՀ անդամ 10 երկրների ներկայացուցիչների, Երեւանում է Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը։ ԱՊՀ ներքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու համար Հայաստան են ժամանել նաեւ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունները։






Facebook
Tweet This
Email This Post
